Վերարտադրողական առողջության ծառայություններին հասանելիության հարցը Հայաստանի Հանրապետությունում առանցքային նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների, հանրային առողջապահության որակի և ազգային ժողովրդագրական անվտանգության ապահովմանը։ Թեև պետական իրավական դաշտը երաշխավորում է յուրաքանչյուր կնոջ իրավունքը՝ ստանալու անվտանգ, ժամանակին և գաղտնի բժշկական օգնություն, փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ այդ իրավունքի լիարժեք իրացումը խիստ անհավասար է։
Հատկապես խոցելի են մարզային և գյուղական համայնքներում բնակվող կանայք, որոնք բախվում են ծառայությունների աշխարհագրական մեկուսացման, տնտեսական ճնշման և սոցիալական ճնշման ազդեցությանը։
Նյութի նպատակն է պարզել, թե ինչպես են տարածքային գործոնները և համակարգային բացերը խոչընդոտում անվտանգ վերարտադրողական ծառայությունների մատչելիությանը մարզերում։ Կվերլուծենք, թե ինչպես է հասանելիության բացը ստիպում կանանց դիմելու ռիսկային, ոչ անվտանգ միջոցների՝ դրանով իսկ մեծացնելով առողջական բարդությունների և անգամ անպտղության ռիսկերը։ Վերլուծությունը հիմնված է բաց աղբյուրներից ստացված տվյալների համադրման վրա, որոնք ցույց են տալիս իրավական նորմերի և փաստացի իրականության միջև առկա տարբերությունը։
Ռիսկային միջամտությունների դիմելու հարցը, որը բխում է անվտանգ ծառայությունների մատչելիության բացից, լավագույնս արտահայտվում է կանանց կյանքի անձնական պատմություններում։
Նշում. Միջամտության տեղանքը և մարզը նյութում չի նշվում՝ տվյալ համայնքը կամ բժշկական հաստատությունը չթիրախավորելու նպատակով։
Տարածքային մեկուսացումը, ֆինանսական սահմանափակումները և մարզային փոքր համայնքների գաղտնիության բացակայությունը հաճախ ստիպում են գյուղաբնակ կանանց փնտրելու այլընտրանքային, բայց խիստ ռիսկային լուծումներ։
Մեր նյութի համար հիմք է ծառայում Հայաստանի գյուղական համայնքներից մեկի բնակչուհու՝ Մարիամի (անունը փոխված է) պատմությունը, որը տեղի է ունեցել մոտ 15 տարի առաջ։
Մարիամը, գտնվելով ծանր սոցիալական և անձնական վիճակում, հասկանում է, որ հղիությունն ընդհատելու անհրաժեշտություն ունի։ Այդ օրերին, անվտանգ ծառայություններին դիմելը գրեթե անհնարին էր իր համար։
«Մենք մարզկենտրոնից շատ հեռու էինք, ճանապարհածախսը ծանր էր մեր ընտանիքի համար։ Իսկ եթե հաշվի առնեիք, որ հիվանդանոցում պետք է բացատրեիք, թե ինչու եք եկել, և գյուղում այդ ամենը գաղտնի պահելը գրեթե անհնար էր, վախը կրկնակի էր դառնում»,— պատմում է Մարիամը։
«Ինձ ասացին, որ կան դեղեր, որոնք կարելի է գնել։ Ես գնացի ծանոթ մարդու դեղատուն, խնդրեցի, բացատրեցի, որ քաղաք հասնել չեմ կարողանում, և նրանք տվեցին։ Ոչ մի բժիշկ, ոչ մի խորհրդատվություն. ասացին՝ խմիր այսպես, ու վերջ։ Ես գիտեի, որ մեծ ռիսկ եմ անում, բայց այլ ելք չկար։ Խմելուց որոշ ժամանակ անց ես ուժեղ արյունահոսություն ունեցա ու ստիպված եղա գնալ հիվանդանոց։ Ես հրաշքով փրկվեցի»,— հիշում է նա։
Թեև Մարիամի կյանքը հաջողվում է փրկել, միջամտության հետևանքները լինում են ծանր՝ դառնալով երկարատև առողջական խնդիրների պատճառ, որոնք դեռ շարունակում են ազդել նրա կյանքի որակի վրա։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է անվտանգ ծառայություններից հեռու լինելը և անտեղյակությունը ուղղակիորեն բարձրացնում կանանց առողջական ռիսկերը՝ հակասելով պետության կողմից երաշխավորված անվտանգության սկզբունքին։
Մարիամի պատմության մեջ նկարագրված իրավիճակը, որտեղ կինը դիմում է ոչ անվտանգ միջոցի, հնարավոր է դառնում պետական օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների և մարզային բժշկական ենթակառուցվածքների առկա մակարդակի անհամապատասխանության հետևանքով։ Այն, ինչը քաղաքային կենտրոններում մատչելի և ապահովված ծառայություն է, մարզերում և փոքր բնակավայրերում բախվում է լոգիստիկ և ֆինանսական դժվարությունների։
Իսկ ի՞նչ է ասում օրենքը
ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, սահմանում է ընթացակարգեր, որոնք ուղղված են կանանց առողջության պահպանմանը.
Այս իրավական պահանջների կիրառումը բարդանում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների անհավասար զարգացման հետևանքով.
Ենթակառուցվածքային բացերը և ծառայություններին հասանելիության դժվարությունները համակցվում են մի շարք սոցիալական և կրթական անբավարարությունների հետ, որոնք լրացուցիչ ազդեցություն են ունենում վերարտադրողական առողջության վիճակի վրա։
Պաշտոնական վիճակագրությունը հնարավորություն է տալիս գնահատելու խնդրի համակարգային մասշտաբը և դրա դինամիկան.
Համաձայն ՄԱԿ-ի 2022 թվականի հետազոտության՝ վերարտադրողական առողջության վիճակի վրա ազդում են կանխարգելման և տեղեկացվածության ցածր ցուցանիշները.
Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Աննա Հովհաննիսյանը մատնանշում է, որ վերարտադրողական առողջության հարցերում քաղաքային և գյուղական իրականության տարբերությունները բազմաշերտ են։ Դրանք ներառում են ֆիզիկական հասանելիության, գաղտնիության և տնտեսական ճնշումների հարցեր։
Ամենաերևացող տարբերությունը ֆիզիկական հասանելիությունն է։ Շատ գյուղաբնակ կանայք ստիպված են երկար ճանապարհորդել մարզկենտրոններ կամ Երևան՝ ծառայություններ ստանալու համար։ «Կինը, որը չունի տրանսպորտի հասանելիություն կամ ունի երեխաներ, որոնց ժամերով չի կարող թողնել, չի կարող հեշտությամբ հասնել Երևան։ Սա լուրջ խոչընդոտ է»,— ընդգծում է փորձագետը։
Մյուս էական խնդիրը գաղտնիության և մեկուսիության բացակայությունն է, հատկապես գյուղական ամբուլատոր կետերում։ Զգայուն հարցերի պարագայում կանայք խուսափում են դիմել տեղական բուժաշխատողներին, քանի որ չեն ցանկանում, որ իրենց խնդիրը հայտնի դառնա համայնքում։ Արդյունքում, կանայք կամ առհասարակ չեն դիմում, կամ ստիպված են լինում ֆինանսական միջոցներ գտնել և դիմել մայրաքաղաքի կենտրոններ՝ գաղտնիությունն ապահովելու համար։
Հովհաննիսյանը նշում է, որ մարզերում և գյուղական համայնքներում կանայք ավելի քիչ իրազեկված են ծառայությունների, ինչպես նաև ժամանակակից բեղմնականխման մեթոդների մասին։
Տեղեկատվական մեծ խնդիր են դառնում միֆերը և սխալ տեղեկությունները, որոնք տարածվում են կանանց միջև կամ, ցավոք, երբեմն նույնիսկ բժիշկների կողմից։ «Մեզ մոտ շատ են միֆերը, որ արհեստական ընդհատումը բերում է անպտղության, կամ եթե դա առաջին անգամ ես անում, էլ երեխա չես ունենա։ Սա փաստացի սահմանափակում է կանանց իրավունքները»,— ասում է նա։
Ընդհանուր առմամբ, տնտեսական դրությունը մնում է ամենամեծ խոչընդոտը. շատ ծառայություններ ծախսատար են, և կանայք հաճախ մտածում են՝ «ավելի լավ է չիմանալ», եթե ախտորոշումը ֆինանսական ծանր բեռ դառնա։
Որպես հիմնարար լուծում՝ Աննա Հովհաննիսյանը շեշտում է Համապարփակ և իրավունքահեն սեռական կրթության անհրաժեշտությունը, որը պետք է հիմնված լինի հավաստի տեղեկատվության վրա։
ՀԿ-ի աշխատանքը կենտրոնացած է պետական մակարդակով փոփոխությունների հասնելու վրա։ «Ծրագրերը ժամանակավոր են և չեն կարող ունենալ այն ծածկույթը, որ պետք է ունենա պետական ծրագիրը։ Մեր գործը պետության հետ քննարկումների միջոցով հասանելիությունը մեծացնելն է»,— բացատրում է նա՝ որպես օրինակ բերելով Ազգային ժողովի հետ տարվող աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր դարձավ դեղորայքային աբորտը մինչև 8 շաբաթական ժամկետում իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում (կանանց կոնսուլտացիաներում)՝ նվազեցնելով կանանց համար հիվանդանոցային անհարմարությունը։
Նա նաև կարևորում է, որ պետք է լինեն հասցեական ծրագրեր խոցելի խմբերի համար (հաշմանդամություն ունեցողներ, տեղահանվածներ), քանի որ արդարությունը շատ ավելի կարևոր գաղափար է, քան պարզ հավասարությունը։
Իրավունքային և սոցիալական խոչընդոտներից զատ, կանանց սպառնում են նաև կոնկրետ բժշկական վտանգներ։ Այս մասին է վկայում Անահիտ Անանյանը, «Էրեբունի» ԲԿ հետծննդյան բաժանմունքի վարիչը։
Բժշկուհին ասում է, որ վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս մինչև հղիության ութ շաբաթը դեղորայքային աբորտ իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում, բավականին լավ է դիտարկում։
Սակայն նա գտնում է, որ հղիության ընդհատումը պետք է արվի բժիշկ-գինեկոլոգի հսկողության տակ և ճիշտ նշանակումների հետևանքով։ «Միայն հղիության թեստով հղիությունը չի հաստատվում, գոյություն ունեն հետազոտություններ և պետք է հստակ ինֆորմացիա տրվի։ Դրանցից մեկը կարող է լինել նաև այն, որ բուժառուն կարող է պրեպարատներից ալերգիա ունի, դրանք էլ է պետք հստակ ճշտել»։ Նա խորհուրդ է տալիս, որ մարզերում դա արվի բժիշկների հսկողության տակ, և բժիշկներն անցնեն համապատասխան թրեյնինգ։
Բժիշկը հաստատում է, որ «տնային պայմաններում աբորտը տարածված է հատկապես մարզերում»։ Պատճառն այն է, որ դա չի վերահսկվում, և դեղատան աշխատակիցներն առանց դեղատոմսի տրամադրում են դեղորայքը։
«Ընդհատումն ամեն մեկը իր ձևով է անում, օրինակ` կարող է հարևանի աղջիկը ասի՝ գիտես ես մի հատ X դեղն օգտագործել եմ և դա ինձ օգնել է, առանց մտածելու դրա հետևանքների մասին»։
Ոչ ճիշտ դոզավորման հետևանքով կանայք ունենում են թերի վիժումներ, որոնք նպաստում են հետագա բարդությունների։ «Կարող է նաև առաջանա արնահոսություն, կարող է լինի սեպսի վիճակ, ընդհուպ մինչև կյանքին վնաս»։ Բժշկուհին շեշտում է. «Երբեմն իրենց արգանդը հնարավոր չի լինում փրկել, և շատ լուրջ խնդիրների դիմաց են կանգնում մարդիկ»։ Նա նշում է, որ այդ դեղորայքը իր իմանալով մարզերում միշտ հասանելի է։
Հակաբեղմնավորիչների հասանելիության մասին խոսելիս բժշկուհի Անանյանը նշում է, որ կանայք պետք է տարին մեկ կամ վեց ամիսը մեկ դիմեն տեղամասային գինեկոլոգների՝ խորհրդատվություն ստանալու համար։
Ամփոփելով խնդիրը՝ բժշկուհին հստակորեն մատնանշում է, որ լուծումը համակարգային բացատրական աշխատանքների մեջ է։
«Այստեղ աշխատանք ունեն կատարելու շատ ու շատ մարդիկ, նաև հասարակական կազմակերպություններն էլ կարող են դրանք կազմակերպել։ Կգտնվեն մի խումբ գինեկոլոգներ, որոնք մեծ սիրով անվճար հիմունքների հիման վրա կգնան գյուղեր, մարզաբնակ վայրեր, որտեղ կսկսեն բացատրական աշխատանքներ տանել»։
Նա կարծում է, որ նման քայլը կօգնի կայացնել ճիշտ որոշումներ։
Եզրակացություն
Վերլուծությունը բացահայտում է, որ ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում վերարտադրողական առողջության ծառայություններին հասանելիությունը համակարգային անհավասարություն է. թեև իրավունքը երաշխավորված է, դրա իրացումը խոչընդոտվում է աշխարհագրական, տնտեսական և սոցիալական գործոններով։
Այս բացերը կանանց մղում են ոչ անվտանգ և բժշկական ռիսկեր պարունակող միջամտությունների, ինչը հակասում է պետության կողմից երաշխավորված առողջական անվտանգության սկզբունքներին։ Իրավական նորմերը (օրինակ՝ դեղորայքային աբորտի մասին) դրական են, սակայն դրանց կիրառումը մարզերում պահանջում է ուժեղացված բժշկական վերահսկողություն և գրագիտության բարձրացում։
Այս իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է համակարգային և բազմաշերտ մոտեցում, որը կվերացնի ենթակառուցվածքային բացերը և կբարձրացնի տեղեկացվածությունը.
Միայն օրենքով սահմանափակվելն անբավարար է։ Անհրաժեշտ է վերացնել ենթակառուցվածքային և սոցիալական այն բացերը, որոնք ՀՀ քաղաքացիների առողջական իրավունքները դարձնում են պարզապես թղթի վրա գրված նորմա։
Արմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test