Լույս է տեսել պրոֆեսորներ Արմեն Ճուղուրյանի, Լիանա Գրիգորյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի համահեղինակությամբ «Կանաչ կրթության կառավարում» ուսումնական ձեռնարկը, որը երաշխավորվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից: «Առավոտ»-ը որոշեց հարցազրույց վերցնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանից:
– Պրն Ճուղուրյան, ինչը ձեզ մոտիվացրեց հրատարակել նման ուսումնական ձեռնարկ: Արդյոք դա ժամանակի պահանջ է, թե պարզապես մոդայիկ, քանի որ հիմա շատ են խոսում կանաչ ձեռներեցության, կանաչ վարկավորման, կանաչ ուսումնառության մասին, թեպետ ոչ բոլորին են հասկանալի այդ «կանաչները»:
– Պետք է խոստովանեմ, որ այս հրատարակմանը հեղինակային խմբով վաղուց էինք պատրաստվում: Պատճառը միայն այն չէր, որ վերջին տարիներին կանաչ վարքագծի մասին շատ վերլուծություններ են արվում եւ կարծես թե այն դարձնելով «մոդայիկ»: Սակայն պետք է խոստովանեմ, որ Կանաչ կրթությունը հիմա արդեն շատ է կարեւորվում թե կենցաղավարության եւ թե գործարարության ոլորտում:
– Այսինքն, ինչ դերակատարում ունի կանաչ կրթությունը մեր կյանքում:
– Մոլորակի բնական ռեսուրսները արագորեն սպառվում են, եւ դրան գումարած, մարդկությունը թե իր կենցաղով, եւ թե բիզնեսում անխնա վնասում է շրջակա միջավայրը: Եվ եթե այսպես շարունակվի, մասնագետների կանխատեսումներով արդեն 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ կլինեն պլաստիկե շշեր, քան ձկներ: Ուրեմն պետք է կառավարելի դարձնել կանաչ կրթությունը, որն ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը: Եվ եթե այսօր հանրապետությունում կանաչ կրթություն է մատուցվում միայն հատուկ բնապահպանական առարկաներով, ապա պահանջ է առաջանում վերանայելու կրթական ցանկացած առարկայական ծրագիր, նրանում ներմուծելով կանաչ մտածելակերպի բաղադրիչը, որն ի դեպ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջն է:
– Ասել է թե՝ ամեն օր կանաչ վարքագծային նորմերը մեզ պետք է շարունակաբար հիշեցնեն գլոբալ տաքացման, ռեսուրսների անխնա օգտագործման, շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի մասին:
– Միանգամայն ճիշտ եք: Կանաչ կրթությունը պետք է կառավարելի լինի նախադպրոցական տարիքից մինչեւ մարդու խոր ծերություն: Այլապես մենք ինքներս մեր ձեռքով տասնամյակներ անց ոչնչացնելո ենք փխրուն երկիր մոլորակը, ընկնելով ցոփ ու շռայլ կյանք վարելու եւ գերշահույթ ձեւավորող գործարարության մրցավազքի մեջ: Հենց այս տեսանկյունից է շարադրվել ընթերցողին ներկայացվող մեր հրատարակումը, որով ներկայացվում են կանաչ կրթության կառավարման կառուցակարգեր:
– Իսկ որտեղից կարող ենք ձեռք բերել ուսումնական ձեռնարկը:
– Առաջին հրատարակումն է եւ սահմանափակ տիրաժ ունի` ընդամենը 150 հատ, որը բաշխվելու է գրադարաններին եւ վաճառքի չի հանվելու: Իսկ ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը բոլորին հասանելի է ՀՊՏՀ գրադարանի պաշտոնական կայքում:
– Պրն Ճուղուրյան, եւս մեկ անգամ շնորհավորոմ եմ այս կարեւոր ձեռնարկի հրատարակման առիթով եւ ցանկանում եմ ակադեմիական նորանոր հաջողություններ:
Հարցազրւյցը վարեց
Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ 13.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test