Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոսկվան զինո՞ւմ է Բաքվին եւ գոհ է ՌԴ-ՀՀ երկաթուղային հաղորդակցությանն Ադրբեջանի տարածքով aravot.am aravot.am

time
Մոսկվան զինո՞ւմ է Բաքվին եւ գոհ է ՌԴ-ՀՀ երկաթուղային հաղորդակցությանն Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանը ծրագրում է գնե՞լ 45 ռուսական Սու-35 կործանիչ, հարցը քննարկվե՞լ է Դուշանբեում Պուտին-Ալիեւ հանդիպմանը

Վերջին շրջանում նկատվում են Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացմանն ուղղված ընդգծված միտումներ:

Մոսկվայում գոհ են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր ռազմական գործողություններ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում, շաբաթներ առաջ նման կարծիք էր հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երեւան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում։ «Չեմ կարծում, որ այդ ծրագիրը հեշտ իրագործելի կլինի։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` ե՝ւ Հայաստանին, ե՝ւ Ադրբեջանին», նկատել էր Ջաբարովը։

Խորհրդարանականը նաեւ շեշտել էր, որ ապագա տրանսպորտային զարկերակը չպետք է լինի ճանապարհ, որը մի երկրին շահույթ կբերի ի վնաս մյուսի։ Պետք է շահերի հավասարակշռություն լինի, որպեսզի բոլոր կողմերը օգուտ ստանան։ Ջաբարովի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։ Նա վստահ է, որ առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչեւ վերջ լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր խնդիրները. «Ռուսաստանն այն երկիրն է, որ շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ ու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է ծառայի պետությունների զարգացմանը, ոչ թե երրորդ երկրների շահերին»։ Ջաբարովի խոսքով՝ Թրամփն արեց իր գործը, եւ տարածաշրջանի իրադարձությունները նրան այլեւս չեն հետաքրքրում։

Ռուսական մեդիայում զուգահեռաբար ուշագրավ տեղեկություններ են սկսել հայտնվել ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ: Անցյալ ամիս «Хроника Кавказа» պորտալում հրապարակվել են ադրբեջանամետ գործիչ Իգոր Կորոտչենկոյի մեկնաբանությունները, որը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե` «Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական Սու-35-ներով»:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ամուր հիմնված են փոխադարձ վստահության եւ ռազմավարական գործընկերության վրա, նշել է ռազմական փորձագետ եւ «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ Նա, ըստ AZERTAC-ի, այս մեկնաբանություններն արել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո։ Կորոտչենկոյի խոսքով՝ երկու առաջնորդներից ստացված ազդանշանները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման լիարժեք ձեւաչափի հասնելու ցանկության մասին։ «Այսօր տնտեսությունը առաջնային դեր է խաղում օրակարգում. կարեւոր են կայուն զարգացումը, տնտեսական կապերի ամրապնդումը եւ միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ԱՊՀ-ն, շրջանակներում փոխգործակցությունը», – նշել է նա ու ընդգծել ՌԴ-ի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական համագործակցությանը:

Այնուհետեւ Կորոտչենկոն հատուկ շեշտադրել է պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, ընդգծելով, որ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք եւ մասնակցում է Բաքվում կայանալիք ADEX միջազգային զենքի ցուցահանդեսին: Նա որպես հեռանկարային ոլորտներ նշել է ժամանակակից Սու-35 կործանիչների մատակարարումը եւ Ադրբեջանի զինված ուժերում առկա սարքավորումների արդիականացումը։ Կորոտչենկոն վստահ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կարեւոր ազդանշան է տարածաշրջանին. Մոսկվան եւ Բաքուն պատրաստ են «շրջել դժվար էջերը» եւ կենտրոնանալ դրական օրակարգի վրա՝ առաջնահերթություն տալով տնտեսությանը, անվտանգությանը եւ կայունությանը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ամբողջ հետխորհրդային տարածքում։

Ադրբեջանամետ փորձագետի վերոնշյալ մեկնաբանություններից անմիջապես հետո, անցյալ ամիս «Azerbaijan Global Media Group»-ի ցանցի` «Вести Баку» կայքում հայտնվում է տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է գնել 45 ռուսական Սու-35 կործանիչ, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 4 միլիարդ դոլար։ Ադրբեջանական լրատվամիջոցը հղում է անում «Crossmedia.az»-կայքին ու հայտնում, որ այս հարցը քննարկվել է Դուշանբեում Պուտին-Ալիեւ հանդիպմանը։

Իսկ նոյեմբերի սկզբին ոչ հեղինակավոր` «www1.ru» կայքում հայտնվում է տեղեկություն, թե Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է նորագույն Tor-M2E զենիթահրթիռային համակարգեր։ Համակարգը կարող է խոցել մինչեւ 15 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։ Ավելին, գրում են, թե Բաքվում նոյեմբերին ռազմական շքերթի փորձի ժամանակ նկատվել են նորագույն զենքեր, որոնց թվում էին նաեւ ռուսական Tor-M2E զենիթահրթիռային համակարգերը։

Իհարկե, Մոսկվայից ու Բաքվից առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության, նոր գործարքների վերաբերյալ: Սակայն այսպիսի տեղեկությունների ի հայտ գալն արդեն իսկ, ուշագրավ է, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում կարգավորելու Ալիեւի հետ հարաբերությունները:

TRIPP-ի նպատակն է ձեւավորել կապեր ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ ԱՊՀ երկրների հետ, պնդել է ՀՀ ԱԽ քարտուղարը

Թրամփի TRIPP-ի վերաբերյալ Մոսկվայից հնչող զուսպ եւ որոշակի թերահավատ գնահատականների ֆոնին պաշտոնական Երեւանը, կարծես, ջանքեր է գործադրում ստանալու Մոսկվայի հավանությունը:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ԱԽ քարտուղարը Մոսկվա էր մեկնել, որտեղ մասնակցեց ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին, ինչպես նաեւ հանդիպեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Հայտնի է, որ նրանք քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը, Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, ինչպես նաեւ անդրադարձել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:

«Պարբերաբար մտքեր փոխանակելը կարեւոր է։ Այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում մասնավորաբար, մեր մշտական ուշադրության կարիքն ունի», նկատել է Շոյգուն։ Մոսկվան ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրադրության կայունացման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, նշել է Շոյգուն` հավելելով. «Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։ Այս ողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ իրավիճակի կայունացման համար։ Եվ ահա, վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան»։ Ռուսաստանյան լրատվականները հաղորդում էին, որ Արմեն Գրիգորյանը հանդիպմանը խոստացել է «մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում տիրող կացության մասին»։

Ուշագրավ մի միջադեպի մասին էլ հաղորդվեց. ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվականը Շոյգուի հայտարարության վերնագրում «Զանգեզուրի միջանցքը» փոխել էր` «Մեղրիի միջանցքի»: Բանն այն է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շոյգուն կարծիք էր հայտնել, թե TRIPP-ի եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջեւ մրցակցություն չի լինի: «Զանգեզուրի միջանցքը» եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ, ասել էր Շոյգուն. «Ես կարծում եմ՝ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլեւ անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու եւ երկրների միջեւ առեւտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»։ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ զարգացած տրանսպորտային ցանցով. «Ցանկացած ճանապարհ միշտ լավ է։ Դուք ասացիք՝ Զանգեզուրի միջանցք, տարբեր երկրներ տարբեր կերպ են անվանում, ամեն մեկը՝ իր ձեւով։ Հայտնվել է նաեւ միանգամայն էկզոտիկ՝ «Թրամփի ուղի» անվանումը»։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ապա նա ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը ուշագրավ շեշտադրումներով ելույթ է ունեցել: Նա նախ ընդգծել է, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող երկխոսությունը՝ որպես անվտանգության, փոխկապակցվածության եւ կայուն զարգացման հարցերի քննարկման համար կարեւոր հարթակ, ապա հավելել է. «Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս մշակել ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված են խաղաղության եւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ այն խնդիրների լուծմանը, որոնք պահանջում են հավաքական մոտեցում եւ փոխըմբռնում»։

Շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարեւոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային եւ մտածելակերպի մակարդակներում, նա մատնանշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Ալիեւ-Թրամփի հանդիպումը, եւ վաշինգտոնյան համաձայնագրի ընդունումը: «Կցանկանայի հատկապես ընդգծել Վաշինգտոնի համաձայնագրի շրջանակում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաեւ TRIPP ծրագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»։ Ներկայում Հայաստանը ակտիվորեն քննարկում է TRIPP ծրագրի մանրամասները ԱՄՆ-ի հետ, եւ մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը», գործընկերներին հայտնել է Գրիգորյանը։

Սակայն Գրիգորյանը մեկ այլ կարեւոր արձանագրում է արել, նշելով. «TRIPP ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք ստեղծել իրական համագործակցության եւ փոխշահավետության միջավայր։ Այս ծրագիրը նպատակ ունի ձեւավորել կապեր ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ ԱՊՀ այլ երկրների հետ՝ ապահովելով հայկական տրանսպորտային ուղիների ինտեգրումն ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։ Սա բացում է նոր հնարավորություններ առեւտրի, լոգիստիկայի եւ մարդկանց տեղաշարժի համար՝ միաժամանակ նպաստելով փոխկախվածության ամրապնդմանը, ինչը, իր հերթին, կարեւոր գործոն է անվտանգության ապահովման գործում»։ Նա, այսպիսով, ընդգծել է, որ Հայաստանը բաց է երկխոսության համար, պատրաստ է աշխատել փոխադարձ հարգանքի ոգով։

Պաշտոնական Երեւանի կողմից TRIPP-ով` ԱՊՀ այլ երկրներին ուղղված «հրավերները» վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են համագործակցության եւ փորձում են Մոսկվայի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ ավելի մեղմացնել:

Ի դեպ, հարկ է նկատել, որ ռուսական կողմը ողջունեց ՌԴ-ՀՀ երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Ադրբեջանով եւ Վրաստանով երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը զգալի ներդրում է եւ ընդգծում է համագործակցության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը, նշել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հավելելով. «Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջեւ հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, վկայում է մեր աշխատանքի մասին՝ ուղղված տարածաշրջանային կայունությանը եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը»: Միաժամանակ Օվերչուկը նկատել էր, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ եւ բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաներ հասանելիությունը։

Այս իրադարձություններին զուգահեռ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն անցյալ շաբաթ հայտնեց, որ մինչեւ 2026 թվականի հունվարի վերջը Ռուսաստանը եւս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանով անցնող նոր երկաթուղային երթուղով, ինչպես նաեւ ուսումնասիրում է այս երթուղով այլ բեռներ տեղափոխելու հնարավորությունը: ՌԴ տրանսպորտի նախարարությունն ընդգծել էր՝ սա Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների փոխադրումն է, առաջին դեպքն է 1990-ական թվականներից ի վեր։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 13.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test