ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որ «կարող է քվեարկության դրվել նոյեմբերի 14-ին կամ ամենաուշը՝ 17-ին»: Այդ մասին հայտնում է vesty.go.il առցանց լրատվամիջոցը՝ հղելով իրազեկ աղբյուրներին: Միացյալ Նահանգների կողմից մշակված ծրագիրն, ըստ էության, իսրայելա-պաղեստինյան համապարփակ կարգավորման մասին է, որտեղ Վաշինգտոնի կողմից առաջին անգամ ընդգծվում է Պաղեստինի անկախ պետության հռչակման հավանականությունը:
Ամերիկյան ծրագիրը ենթադրում է, որ պաղեստինցիներն ինքնորոշման և ազգային պետություն ստեղծելու հնարավորություն կունենան, երբ «Պաղեստինի ազգային վարչակազմը պատշաճ կերպով ավարտին կհասցնի խոստացած բարեփոխումները»: Մինչ այդ Գազայի հատվածը կկառավարի «Խաղաղության խորհուրդ» անվանումն ստացած մարմինը, որ կկազմավորվի ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի միջև խորհրդատվությունների արդյունքում:
Բանաձևի նախագիծը սահմանում է նաև Գազայում «Միջազգային կայունացնող ուժերի» մանդատը: Ըստ իսրայելական լրատվամիջոցի տեղեկությունների, այդ ուժերը պետք է Պաղեստինի ազգային վարչակազմի ոստիկանական ուժերին աջակցեն, որպեսզի Գազայում պահպանվի ներքին անդորրը, ինչպես նաև զինաթափեն ապօրինի ռազմական խմբավորումներին և ոչնչացնեն նրանց ենթակառուցվածքները: Նախատեսվում է, որ Գազայում «Խաղաղության խորհրդի» կառավարման հաստատումից և «Միջազգային կայունացնող ուժերի» տեղաբաշխումից հետո իսրայելական զինված ուժերը պետք է դուրս բերվեն պաղեստինյան էքսկլավի ամբողջ տարածքից և տեղաբաշխվեն նրա շուրջ բուֆերային գոտում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից որևէ մեկը հազիվ թե «վետո» կիրառի և ձախողի ԱՄՆ մշակած նախագծի քվեարկությունը: Խնդիրը նախանշված նպատակներն իրացնելու մեջ է: Եվ այստեղ հիմնական բարդությունը կապված է Գազայում զինված կազմավորումների ապառազմականացման, նրանց ստեղծած ենթակառուցվածքները ոչնչացնելու հնարավորության և այն իրացնելու պատրաստակամության հետ: Ենթադրվում է, որ «Միջազգային կայունացնող ուժերը» պետք է կազմավորվեն արաբական և իսլամադավան երկրների զինվորականությանության ներգրավվածությամբ: Եվ չափազանց բարդ է լինելու ՀԱՄԱՍ-ին զինաթափելու հարցում նրանց համաձայնությունն ստանալ:
Գազայում «Միջազգային կայունացնող ուժերի» կազմավորման, նրանց հավանական մանդատի, առաքելության ժամկետների շուրջ քննարկումների ֆոնին Բաքվի իշխանական haqqin.az-ը տեղեկություն է տարածել, որ «ԱՄՆ հայկական լոբբին Ադրբեջանի դեմ արշավ է սկսել, որպեսզի խոչընդոտի Գազայում խաղաղապահ առաքելությանը նրա մասնակցությանը»: Գազայում Ադրբեջանի «խաղաղապահ առաքելության» հավանականության մասին ավելի քանի մեկ ամիս առաջ գրել է իսրայելական մամուլը: Պաշտոնական Բաքուն այդ լուրը որևէ կերպ չի մեկնաբանել:
Ադրբեջանցի փորձագետները, սակայն, կարծիք են հայտնել, որ եթե Թուրքիայի մասնակցությունն Իսրայելի կողմից մերժվում է, ապա Ադրբեջանը հազիվ թե համաձայնի «փոխարինել նրան»: Ավելի քան անհավանական է, որ Ադրբեջանը ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան մյուս խմբավորումներին զինաթափելու, նրանց ենթակառուցվածքները ոչնչացնելու համար Գազա զինվորականներ ուղարկի: Բայց, ինչպես ընդունված է՝ երբեք չի կարելի ասել «երբեք»: Բացառված չէ, որ այդ հարցը Բաքուն օգտագործի որպես ԱՄՆ –ի հետ «սեպարատ» երկխոսության հնարավորություն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test