Հարություն Համամջյանն օր ծերության աղքատության հեռանկարի առաջ է կանգնել եւ անմնացորդ սիրով ու անհամբեր սպասումով մեր թերթի միջոցով դիմում է Հայաստան աշխարհի հզորներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ իր անմիջական «շեֆին»՝ շուրջօրյա խնամքի հաստատության տնօրենին՝ այն ծերանոցի, որտեղ ապրում է ինքը: Նրա նամակը հասարակ բողոք չէ՝ իրեն հողից զրկող գյուղապետից, կամ դիմում վարչապետին, այլ հայտարարություն-խնդրանք է։
«Ինչպես մեր մոլորակում, այնպես էլ մեր երկրում բարոյականությունն իրավաքաղաքական կատեգորիա չէ, սակայն ինչ ասես, եթե մարդիկ անմարդկային են»: Իսկ խնդրանքը՝ վերադարձնել իր 7000 հա վարելահողը, որը ստացել է օրինական ու արդար ճանապարհով՝ 1991 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո: Եվ քանի որ պատմությունը տիպիկ է՝ ստի եւ անտարբերության հենքով կառուցված մեր երկրի համար, որի պաշտոնյաների մեծամասնությանն իրենց դիմող ՀՀ քաղաքացիները հետաքրքիր են զուտ որպես ֆուտբոլի գնդակ, «տշելու ենթակա, այն վերաբերում է շատերին»:
Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի ղեկավար Արտաշ Գալարյանն իր դուխով գրանցամատյանում պոետին պատկանող 7000 քմ-ն ջնջել՝ դարձրել է 5000 քմ: «Ես 12 տարի օգտագործել եմ այդ 5000 քմ-ն: Չափ գրողները, քարտեզագրողները, գեոդեզիստները եկել չափել են, այդքան է եղել: 2008-ին դիմել եմ Արագածոտնի մարզպետարան՝ բողոքելով, որ գյուղապետը չի տալիս սեփականության վկայական: Մարզպետարանից պատասխանեցին, թե ինձ տրված է եղել 5000 քմ, որի «նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում», սակայն 2000 քմ-ն իբրեւ թե ինձ երբեք չի պատկանել: Այն կարող եք ձեռք բերել միայն աճուրդ վաճառքով»,- պատմում է Հարություն Համամջյանը: Ի վերջո, նա համաձայնել է փոխզիջումային տարբերակին՝ 5000 քմ-ին: Մնում էր միայն, որ գյուղապետը սեփականության վկայականը տար, բայց մինչ օրս չեն տվել:
«Ինձ ասաց` բողոքեցի՞ր... այդ 5000 քմ-ի վկայականն էլ չեմ տա: Դիմեցի Կադաստրի պետական կոմիտե: Նրանց էլ գրավոր խաբել էր, թե ինձ հասել է 2 բաժին հողամաս: Ընդամենը 3800 քմ: Միայն 2023-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գործադրած ահռելի ջանքերի շնորհիվ կարողացա ապացուցել, որ 1991-ին ինձ անհատույց տրվել է 7000 քմ հող։ Իմ ձեռքում է այդ, ինչպես նաեւ այն փաստաթղթերը, որոնց վրա կնիք է, զինանշան եւ ստորագրություն: Հետո էլ ասում եք, թե հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքը` հաղորդիր հանցանքի մասին: Դիմել եմ նաեւ Գլխավոր դատախազություն, սակայն՝ անարդյունք: Դիմումս առաջ գնալու փոխարեն ետ գնաց»,- գրում է պոետ Համամջյանն իրեն բնորոշ ոճով:
Նա դիմել է ՄԻՊ` հողը ստանալու համար: ՄԻՊ աշխատակից Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանել է, թե եթե այնուամենայնիվ գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, ապա դրանք կարող է վերականգնել օրենքով չարգելված այլ միջոցներով։ Բայց եկեք իրատես լինենք` ինչպե՞ս է ծերանոցում ապրող մարդը, որը զրկված է կյանքի տարրական միջոցներից, որն անգամ հեռախոսազանգ չի կարող կատարել եւ «ծնգացնում» է, որ իրեն զանգեն, դիմելու դատարան՝ իր հողային պահանջը բավարարելու հարցով: «Ստացվում է, որ մի բեսպրեդելիստ գյուղապետ քարը գցել է փոսը, իսկ տասնյակ վերադասներ չեն կարողանում այդ քարը հանել փոսից: Նրանք, ինչպես նաեւ հանրային պաշտպանը, առանձնակի շահագրգռված չեն արդարության հաղթանակի համար, քանի որ կուրորեն վստահել եւ հավատացել են գյուղապետի կանխամտածված, սխալ փաստաթղթերին: Գյուղապետն Աստծո առնելիքն է եւ Աստծո անհաջող էքսպերիմենտը: Նրա՝ գյուղապետ դառնալը ոչ թե բնականոն օրինաչափություն է, այլ տիեզերական պատահականություն: Նրա նստելու տեղը ոչ թե գյուղապետի աթոռն է, այլ՝ Մագադանը՝ ուրանի հանքերը»,- բարկանում է Համամջյանը:
Բոլոր «վերադասները» նրան գրավոր պատասխանել են, թե հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով: Ճարահատյալ՝ դիմել է անվճար հանրային պաշտպան Մերի Հարությունյանին, բայց այստեղ էլ է անհաջողության մատնվել: «Նա շուրջ 3 ամիս է՝ ինձ խաբում է, ձգձգում եւ զանազան անմեղսունակ պատճառաբանությամբ՝ հայցը չի տանում վարչական դատարան: Դիմել եմ նաեւ կառավարություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սակայն ինձ պատասխանել է ընդունարանի աշխատակցուհի Անի Կարապետյանը, որը չունի քաղաքացու դիմումներին պատասխանելու իրավունք։ Ավելի քան 25 տարի է, ինչ վինտիլները փակել են: Այս մասին տասնյակ անգամներ օրաթերթերով գրել եմ: Սակայն ես գրում եմ՝ ես կարդում եմ: Ինձ հետ այնպես են թշնամաբար վերաբերվում, ասես ես մի այլմոլորակային եմ եւ եկել եմ սրանց մոլորակը կործանելու: Իմ խնդրանքը, պարոն վարչապետ, եթե կարող եք՝ ինձ օգնեք։ Դատական հայցով դատարան մտնելու համար, առանց պետական անվճար հանրային պաշտպանի միջնորդության, կպահանջվի 200-300 հազար դրամ։ Իսկ ես ավելի քան երկու տարի 30 հազարի երես չեմ տեսել։ Խնդրում եմ խնդրանքս չմերժեք»,- դիմում է պոետը Փաշինյանին եւ խնդրում, որ հրապարակենք հեռախոսահամարը, որով Փաշինյանը կկապվի իր հետ՝ 098 85 90 88: Խոստանում է ինքն էլ մի երկու բանաստեղծություն կարդալ Նիկոլի համար: Ի վերջո, երկուսն էլ գրչի մարդիկ են:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test