Էական կարգապահական խախտման հիմքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2023թ. հունվարի 26-ին դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երեւանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: ՄԻԵԴ-ը եւ Սահմանադրական դատարանն արձանագրել էին, որ սույն դատավորների իրավունքները խախտվել են, ինչը հիմք է խորհրդի որոշումները վերանայելու համար: ԲԴԽ-ն 2025թ. սեպտեմբերի 17-ին որոշել էր երկու դատավորի վերաբերյալ կայացրած որոշումները վերանայել։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվել էին՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ մի որոշումը, որով արձանագրվել էր քաղաքացու իրավունքների խախտում:
Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես էր եկել այդ ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Իսկ ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ, բավարարել էր նախարարի միջնորդությունը եւ դադարեցրել նրա լիազորությունները: Քանի որ ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով հանդես է գալիս որպես դատարան, եւ նրա որոշումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն, Սուրեն Անտոնյանը միանգամից դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը Սուրեն Անտոնյանի գործով կասկածի տակ էր դրել Կարեն Անդրեասյանի անաչառությունը, քանի որ «տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում»՝ կապված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմնակալության հետ, կապված նախարար Գրիգոր Մինասյանի հետ ունեցած շատ սերտ հարաբերությունների հետ, որը «դուրս է եկել մասնագիտական հարաբերություններից»: Այդ հարաբերությունների բնույթը կասկածներ էր առաջացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ կառավարությանը՝ Սուրեն Անտոնյանին վճարել 5 հազար 20 եվրո, որից 3 հազար 600-ը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար։ Միեւնույն ժամանակ գտել էր, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը, ինչը եւ արել է արդեն նոր ԲԴԽ-ն՝ Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ:
Ինչ վերաբերում է դատավոր Արթուր Ստեփանյանին, ապա արդարադատության նախարարի 2024թ. մայիսի 23-ի որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դրա համար հիմք էր հանդիսացել այն, որ մի շարք դատական գործերով վճիռները պաշտոնական կայքում դատավորը հրապարակել եւ վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել էր «օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ»։ 2024թ. հուլիսի 9-ին ԲԴԽ-ն բավարարել էր արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, եւ դատավորի լիազորությունները դադարեցվել էին: Դատավոր Ստեփանյանն այս որոշումից հետո դիմել էր Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի որոշ դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով: Մասնավորապես այն հարցով, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած ԲԴԽ անդամների ձայները: Դատավորը հայցում նշել է, որ իր կարգապահական գործով 2024թ. հունիսի 17-ին կայացած նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները, սակայն դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը քվեարկելիս հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին՝ լիազորությունները դադարեցնելու որոշման բովանդակությունից հետեւում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով, ԲԴԽ բոլոր 10 անդամների մասնակցությամբ: ՍԴ-ն Սահմանադրության մի քանի հոդվածներին հակասող էր ճանաչել Դատական օրենսգրքի այն կարգավորումը, ըստ որի՝ ԲԴԽ անդամների 5 կողմ ձայնով կարող են դադարեցվել դատավորի լիազորությունները: Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են հենց 5 կողմ ձայնով, ինչը ԲԴԽ-ի մեծամասնության դիրքորոշումը չէ:
2025թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ ԲԴԽ-ն Սուրեն Անտոնյանի եւ Արթուր Ստեփանյանի վերաբացված գործերով նիստեր սկսեց, ապա նոյեմբերի 11-ին հրապարակեց որոշումները, ըստ որոնց, դատավորների լիազորությունները չվերականգնվեցին, ասել է թե՝ ԲԴԽ նոր կազմը ձեւական քայլ արեց՝ վերաբացելով գործի քննությունը, ու հաստատեց Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի կայացրած որոշումները։
Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը մեզ ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, այս պահին ոչինչ չի կարող մեկնաբանել, նշեց, որ բողոքարկման տարբեր ընթացակարգեր կան, նաեւ՝ ՍԴ դիմելու, բայց դրա մասին կխոսեն այն բանից հետո, երբ ստանան եւ ծանոթանան որոշմանը։
Հանիրավի պաշտոնազրկված դատավորներից Աննա Փիլոսյանը, որի գանգատն այժմ քննվում է ՄԻԵԴ-ում, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲԴԽ-ի նոյեմբերի 11-ի վճռին, նշեց․ «Վերջնական դիրքորոշումներ հնարավոր կլինի կազմել, երբ որոշումները հրապարակվեն, բայց այն, որ միջազգային բարձր դատարանների որոշումները Հայաստանում այլեւս անտեսվում են, կարող ենք փաստել։ ԲԴԽ-ն ներկայիս կազմով ուներ հնարավորություն՝ շտկել իրավիճակը, որը ստեղծվել էր ոչ օրինաչափ որոշումներով եւ ոչ օրինական եղանակներով դատավորների լիազորությունները դադարեցնելու պայմաններում։ Ինքն այդ հնարավորությունը չօգտագործեց՝ շարունակելով այդ անօրինական գործընթացը»։
- Կանխատեսվո՞ւմ է, որ մյուս դատավորների դեպքում էլ, երբ ՄԻԵԴ-ը հօգուտ դատավորների որոշումներ կկայացնի, ԲԴԽ-ն նույնը կանի, ինչ Ստեփանյանի եւ Անտոնյանի դեպքում արեց։
- Այսպես պատասխանեմ․ այս քաղաքական իշխանությունների պարագայում, կարծում եմ, ԲԴԽ-ի քաղաքականությունն այդ մասով չի փոխվել։
- Կարդացե՞լ եք Գրիգոր Մինասյանի գրառումը․ հպարտացել է, որ ինքն ու Անդրեասյանն ամեն ինչ ճիշտ են արել։
- Այն, որ ինքն ու Անդրեասյանը սխալ են արել, փաստվել է ՄԻԵԴ եւ Սահմանադրական դատարանների որոշումներով, այն, որ ներկայիս ԲԴԽ կազմը չգիտեմ ինչ հրաշքով կամ պատճառաբանություններով լիազորությունների վերականգնման պատասխանատվության ենթարկելը մերժելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, դեռ չի նշանակում, թե իրենք ճիշտ են, կամ ոչնչանում են ՄԻԵԴ եւ ՍԴ որոշումները։ Ես վստահ եմ, որ քաղաքական գործոնով պայմանավորված՝ բարձր դատարանների որոշումները չեն հանգեցրել իրավական այն որոշումներին, որը կհանգեցներ նորմալ, իրավական համակարգ ունեցող պետությունում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test