Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն և 50 միլիոն եվրո: Այն հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)` հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին:
Նախաձեռնությունը նաև կնպաստի Հայաստանի անցմանը կանաչ տնտեսության՝ ուղղելով միջոցների առնվազն 40%-ը վերականգնվող էներգիայի և ռեսուրսների արդյունավետության ծրագրերին:
«Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ կարևոր ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը հնարավորություն կտա բավարարել հայկական ընկերությունների ֆինանսավորման կարիքները և ընդլայնել մեր կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերը»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին հավելել է, որ Ամերիաբանկի հետ համագործակցության ավելի քան 15 տարվա ընթացքում աշխատել են մի շարք վարկային գծերի շուրջ: «Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանությանը և արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը»:
Ախալկացին նշել է, որ գործարքը նշանակալի ձեռքբերում է նաև իր չափի տեսանկյունից՝ 150 միլիոն եվրո, որը կտրամադրվի երկու փուլով: Գործարքում առանձնահատուկ նշանակություն ունի կանաչ ֆինանսավորման 60 միլիոն եվրոյի սահմանաչափը, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը. «Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև շրջաններում գործող հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները»:
Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանն էլ նշել է. «Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test