Բաքվի դատախազները պահանջել են հայ գերիներին դատապարտել 16 տարվանից մինչև ցմահ ազատազրկման
sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ շինծու դատավարությունը, որի ժամանակ Ադրբեջանի դատախազները տարբեր պատժաչափեր են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի դատախազներն առաջարկել են ցմահ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Իսկ Մադաթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահահյանը 65 տարին լրանալու պատճառով չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման, ինչի համար առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարով, որից 10 տարին պետք է անցկացնեն խիստ ռեժիմի գաղութում։
Դավիթ Ալլահվերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին՝ 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին՝ 16 տարվա ազատազրկման:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ «տուժողների» ներկայացուցիչները համաձայնել են հնչեցված առաջարկներին։
«Դատական» հաջորդ նիստը կշարունակվի նոյեմբերի 27-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: