Սկիզբը՝ այստեղ:
2018-ին Նիկոլ Փաշինյանը բարձր էր խոսում այն մասին, որ իր իշխանության օրոք պետական համակարգն այլեւս չի ծառայի ոչ մի «բարեկամական շրջանակի», ոչ մի «ընտանիքի» եւ ոչ մի «հատուկ խմբի»։ Նա հայտարարում էր. «Իշխանությունը չի օգտագործվելու հանուն իմ բարեկամների եւ ընդդիմադիրներին վնասելու նպատակով»։ Այս խոսքն այնքան հաճախ էր հնչում, որ դարձավ «նոր Հայաստանի» բարոյական հիմքի մի մասը։ Շատերը հավատացին, որ այս անգամ իսկապես կլինի մի իշխանություն, որը վեր է նեղ խմբային հետաքրքրություններից։ Բայց իրականությունը սկսեց բացվել օր առաջ։
Իշխանության գալուց կարճ ժամանակ անց հանրային ծառայություններում, նախարարություններում, մարզպետարաններում սկսեցին ի հայտ գալ նոր անուններ՝ ոչ թե մրցույթով, օբյեկտիվ չափանիշներով, այլ քաղաքական մոտեցմամբ կամ անձնական կապերով։ Փաշինյանի թիմակիցների, ընկերների, նրանց ընկերների եւ կուսակցական մտերիմ շրջանակների ներկայացուցիչները ստացան բարձր պաշտոններ։ Որոշ նախարարներ իրենց ամբողջ թիմը համալրեցին քաղաքական մեթոդով՝ «մեր մարդկանցով»։ Շատ նորանշանակ պաշտոնյաներ պետական կառավարման փորձ չունեին, բայց ստեղծեցին քաղաքական շատ խորը կապեր։ Սա իշխանություն չկիրառելու, այլ իշխանություն բաշխելու օրինակ էր։ Պետական ինստիտուտները դարձան քաղաքական պատժիչ գործիքներ։ Փաշինյանի խոստումը, թե «իշխանությունը երբեք չի օգտագործվի ընդդիմադիրների դեմ», շատ արագ դարձավ հակառակ իրականություն։ Հենց 2018-ի կեսերից սկսվեցին հետապնդումներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, քաղաքական ենթատեքստով գործեր՝ մասնավորապես ընդդիմադիր քաղաքական դաշտի հայտնի դեմքերի հանդեպ, հանրային տոտալ քարոզչական արշավ ընդդիմախոսների հանդեպ, որտեղ նրանց ներկայացնում էին որպես «հակապետական», «կոռումպացված», «հակահեղափոխական» դեմքեր։ Այդ ամենը իշխանությունը վերածեց քաղաքական վերահսկման գործիքի։ Արտակարգ հակասության օրինակ խոսքի եւ գործի միջեւ։ Փաշինյանը խոստացավ, որ իրավական համակարգը չի դառնա ինտրիգների ու անձնական հաշվեհարդարի հարթակ։ Բայց դատական համակարգը բազմիցս օգտագործվեց. ընդդիմախոսների ձերբակալություններ, քննություններ, որոնք սկսվում էին «քաղաքական անհրաժեշտության» ժամանակ, խոստացած «բաց եւ արդար» համակարգը դարձավ գործիք՝ ճնշում գործադրելու համար։
Այս խոստումը փլվեց նաեւ մարդկային հարաբերությունների պարզ օրինակներով։ Պետական պաշտոնների նշանակումները անուղղակիորեն կապված էին կուսակցական հավատարիմ լինելու հետ։ Տարբեր ծրագրերի հաղթողները հաճախ պարզվում էին իշխանությանը մոտ կանգնած ընկերություններ են։ Լոյալությունը՝ ոչ թե կարողությունը, որոշիչ դարձավ։ Այս մեխանիզմը ճիշտ հակառակն է այն բանի, ինչ Փաշինյանը խոստացել էր։
«Իշխանությունը չի օգտագործվելու հանուն բարեկամների եւ ի վնաս ընդդիմադիրների». սա դարձավ քաղաքական ամենաաղմկոտ, բայց եւ ամենախոցելի խոստումներից մեկը, որովհետեւ այն քանդվեց հենց առաջին տարում։ Իշխանությունը դարձավ անձնական նեղ շրջանակի համար լծակ, իսկ ընդդիմախոսների հանդեպ՝ պատժիչ գործիք։ Ահա այսպես բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի հերթական ստերից մեկը։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ 14.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test