Շաբաթ առավոտյան Ծաղկունքի և հարակից գյուղերի երեխաները շտապում են արվեստանոց. ժամը 10-ին «Ծաղկունք Արտ»-ում կավագործության հերթական դասընթացն է։ Արևի շողերն արդեն լուսավորել են թափանցիկ ապակիներով սենյակը, սեղանին կավ է, վրձիններ ու ներկեր։
5-ամյա Գոհարը փոքրիկ, կավոտ մատներով բռնել է իր պատրաստած բաժակը ու փորձում է ներկել այնպես, ինչպես ինքն է երևակայում։ Վրան կապույտ գծեր է քաշում, որոնց արանքը ներկում է արևի դեղինով։
Կողքին նստած է 6-ամյա Սեդան՝ Գոհարի ամենամտերիմ ընկերուհին։ «Մեր ծնողներն ընկերներ են, որ մենք ծնվեցինք, իրար հետ ընկերացանք»,- ասում է Սեդան՝ աչքերը չկտրելով իր ափսեից։
Գոհարը Ծաղկունք է գալիս Սևանից, իսկ Սեդան՝ Գագարինից։
«Այստեղ շատ հավես է անցնում, մենք տարբեր բաներ ենք սարքում՝ բաժակ, ծաղկաման, ափսե, նկարում ենք, տանում ենք տուն ու կարանք հանգիստ լվանանք, մեջը ճաշ ուտենք»,- խանդավառությամբ ասում է Գոհարը։
Մանկական ձայները լցնում են արվեստանոցը․ մեկը խնդրում է նոր կավ, մյուսը վրձինն է մաքրում ջրի բաժակի մեջ, որն արդեն մուգ շագանակագույն է դարձել ներկերից։
«Ծաղկունք Արտ»-ը բացվել է հինգ տարի առաջ։ Հիմնադիր Արամ Կարապետյանի խոսքով՝ արվեստանոցը նպաստում է, որ մշակութային կյանքը գյուղում պահպանվի, զարգանա, երեխաները զբաղվեն արվեստով։
«Երբ նոր էինք բացում, մտածում էինք, որ կարող է չաշխատի, շատ երեխաներ չգան, չձևավորվի այն, ինչ մենք ենք ուզում, բայց ժամանակի ընթացքում չենք ընկճվել, թեկուզ քիչ քանակով՝ կարողացել ենք նորմալ որակ ստանալ։
Գաղափարին նպաստել է սոցիալական ձեռնարկատիրություններին աջակցության «ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագիրը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Վորլդ Վիժն-ի համատեղ աջակցությամբ ստացա ֆինանսավորում, ինչը նպաստեց, որ մեր արվեստանոցը կայանա և ունենա նոր հնարավորություններ:
Մասնակցել ենք տարբեր ցուցահանդեսների, բարձր տեղեր ենք գրավել, բայց էդքան մրցանակները կարևոր չեն, որքան որ երեխաները դարձել են մի առանձին համայնք, առանց մեկը մյուսի չեն կարողանում։ Երեխաները ստանում են մշակույթը սիրելու և նվիրված լինելու հատկություններ, մեկը մյուսի հանդեպ հոգատարություն ցուցաբերել և իրար օգնել են սովորում։ Մարդիկ պետք է ձգտեն ավելի շատ զբաղվել արվեստով»,- ասում է նա։
Կավագործության խմբում 10 երեխա կա։ Ամենաակտիվներն Արենն ու Մաքսն են, որոնք, աշխատելուն զուգահեռ, խոսում են ֆուտբոլից, իրենց ընտանիքից ու դպրոցի ավանդույթներից։
Մաքսը սուրճի բաժակի տակդիր է սարքում, առանձնացրել է բաժակի տեղն ու կոնֆետներինը, և սպունգով արագ-արագ շտկում է թերությունները։
«Ես ախպեր ու քույր էլ ունեմ, մեծ ախպորս անունը Վիտալի ա՝ պապիկի անունը, փոքր քրոջս՝ Նատալի՝ տատիկի անունը, իսկ իմն ուղղակի են դրել, ես միջնեկն եմ»,- պատմում է Մաքսը, հետո դժգոհում՝ ախր Մաքս անունով, չգիտես ինչու, հաճախ շներին են կոչում։
«Մաքսը արագություն է նշանակում, չեք պատկերացնի՝ ինչ արագ ա Մաքսը։ Մբապեի (ֆրանսիացի ֆուտբոլիստ,- հեղ.) պես արագ ա»,- պատմում է Արենը։
Պարզվում է՝ Մաքսն ու Արենը նաև ֆուտբոլ են խաղում։ Կավագործությամբ զբաղվելու ընթացքում խոսում են ֆուտբոլից։ Արենը սկսում է պատմել խաղի ստեղծման պատմությունը։ Ասում են՝ առաջ ֆուտբոլի ակումբ է գյուղում եղել, հիմա մարզիչ չունեն, բայց դպրոցի դիմաց մի դաշտ կա, գնում են այնտեղ, ֆուտբոլ խաղում։ Արենը որոշել է կիսապաշտպան դառնալ։
9-ամյա Արենը տատիկի համար ևս բաժակի տակդիր է պատրաստում։ Անհամբեր է, քանի որ պետք է մի շաբաթ սպասի, որ կավը չորանա, հետո ներկի, ուսուցիչը տանի թրծման, նոր հետո աշխատանքը պատրաստ լինի։
«Վրան նկարել եմ ծառեր, ծաղիկներ, սիրուն խոտեր և տնակ, գրել եմ իմ և տատիկիս անունը։ Իմ տատիկի անունը, եթե չգիտեք, ասեմ, որ Ֆաթիմա է։ Ես իմ տատիկին շատ-շատ եմ սիրում, ուզում էի իր համար սենց սիրուն բան պատրաստեի»,- ասում է նա։
Արենը երեք շաբաթ է, ինչ կավագործության է հաճախում։ Այս ընթացքում հասցրել է թե՛ մայրիկի, թե՛ տատիկի համար կավե իրեր պատրաստել։ Իր համար էլ դեղին և կարմիր գծերով մի բաժակ է սարքել, որ կարողանա ջուր, թեյ խմել։
«Երբ եկա, լարվել էի, չգիտեի՝ ոնց ու ինչ եմ սարքելու, մեր սիրելի ընկեր Էլիզան ամեն ինչ բացատրեց, և ես կարողա սարքել»,- ասում է նա։
Հանգստյան օրերին երեխաներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են արվեստանոցում։
«Մեզ տնից դուրս են հանում, ասում են՝ գնացեք, խաղացեք, էդքան հեռախոսի մեջ մի մտեք, հենա լավ ա էլի, գալիս ենք պարապմունքի, մի քիչ ցրվում ենք»,- ասում է Մաքսը։
Կավագործության դասընթացից հետո արվեստանոց են գալիս կարպետագործության խմբի երեխաները։ Միայն 12-ամյա Նարեկն է, ով կավագործության դասընթացի ավարտից հետո մնում է արվեստանոցում, որ կարպետագործության դասընթացին էլ մասնակցի։ Նարեկը խմբի միակ տղան է։ Արվեստի հանդեպ սիրով որոշել է խոհարար դառնալ։
Երեխաները բաժանում են գույնզգույն թելերը, սեղանին շարում դազգահները։ Նարեկը մանվածքն է թելով փաթաթում՝ կարպետի վրա առաջին նախշը հյուսելու համար։
«Երկրորդ դասից հետո որ գնացի տուն, գիշերը չեմ քնել, որ կարանամ արագ կարպետը գործեմ»,- ոգևորված պատմում է Նարեկը: Ասում է՝ ինքն իր համար ժամկետ է սահմանել՝ մինչև դեկտեմբերի սկիզբ կարպետը պիտի պատրաստ լինի։
Արվեստանոցի պատերին կախված են երեխաների առաջին գործերը՝ գույնզգույն կարպետներ՝ մանրակրկիտ և նրբորեն հյուսված նախշերով, որտեղ իրենք իրենց սերն ու երևակայությունն են ներդրել։
Լիլիթն ու Հասմիկը քույրեր են։ Արդեն երկու տարի է՝ հաճախում են կարպետագործության։ Լիլիթն ասում է՝ առաջին կարպետները գործելիս թերություններ եղել են, հիմա արդեն հմուտ աչքով դրանք նկատելի են իր համար։
«Ամեն մեկս մի սիրելի հատված ունենք կարպետից, եթե մեկը մի բան չի սիրում, օգնում ենք իրար»,- ասում է Հասմիկը։ Օրինակ՝ Հասմիկը չէր սիրում կարպետի համար քարտեզ կազմել, և առաջին մի քանի ամիսներին իր փոխարեն կրտսեր քույրը Լիլիթն է դա արել։
Հասմիկը սիրում է միայնակ գործել, որ ոչ մեկն իրեն չխանգարի։ Իր սիրելի գործը վաճառվել է, հիմա նորից է նույնը գործում։
«Շատ հետաքրքիր, հանգիստ միջավայր ա, գործելիս հանգստանում ես, քո մտքերն ես արտահայտում, մտքերը հանձնում ենք թղթին, ու երբ մեր գործերը ստանում ենք, շատ ուրախանում ենք, որ կարողացանք մեր միտքը իրագործենք՝ ինչ-որ բան ստեղծելու համար»,- ասում է նա։
Թելերն ու կարպետները սեղանին շարված են, երեխաներն ընտրում են իրենց անհրաժեշտ գույների թելերը, որ տուն տանեն ու շարունակեն գործել իրենց պատմությունը, որն աստիճանաբար գույնզգույն նախշերով կարպետի տեսք է ստանում։
«ՍՔԱՅ ՆԵԹ․ Երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախագծի շրջանակում, և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Վորլդ Վիժն Վրաստանի, ՄիլենիուՄ վերապատրաստման և զարգացման ինստիտուտի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test