Անհասկանալի է, թե ինչի շուրջ են համաձայնության եկել նախագահներ Թրամփը և Պուտինը իրենց վերջին անձնական հանդիպման ժամանակ, բայց ակնհայտ է, որ կա թյուրըմբռնում, դա հատկապես նկատելի է վերջին ժամանակներս՝ Բուդապեշտում նոր հանդիպում անցկացնելու հարցի հետ կապված: Դրա մասին NEWS.am-ի «Ուժ գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ և ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը:
«Կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչի պետք է հասնել. նախ՝ հրադադարի՞, թե՞ անհապաղ լիարժեք համաձայնության Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ: Հետևաբար, նուրբ դիվանագիտական պարը շարունակվում է: Կարծում եմ, որ այստեղ դեր է խաղում Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առաջխաղացումը, ուստի այս իրավիճակից ելք գտնելը դժվար կլինի: Անհրաժեշտ է իրական բանակցային գործընթաց, ինչը նախկինում չի եղել: Մինչ օրս ընդամենը տարբեր զրույցներ են եղել Ռուսաստանի և Ամերիկայի կառավարությունների ներկայացուցիչների միջև, բայց չի եղել կայուն բանակցային գործընթաց, որտեղ դիվանագետներն ու աշխատանքային խմբերը մանրակրկիտ աշխատել են հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ:
Այս փուլում անհրաժեշտ է մշակել շրջանակային համաձայնագիր՝ համաձայնագիր այն սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ, որոնք կուղղորդեն հակամարտության կարգավորումը: Անհրաժեշտ է շարունակական աշխատանք, հատկապես Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ Կիևի և Բրյուսելի մասնակցությամբ: Եթե այդ գործընթացը սկսվի մոտ ապագայում, հրադադարի ռեժիմը կարող է հաստատվել մինչև հաջորդ տարվա հունիսը։
Սակայն դա կարգավորման միայն առաջին փուլն է: Այնուհետև անհրաժեշտ կլինի շատ երկարատև բանակցային գործընթաց՝ կազրգավորելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև Եվրոպային, Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին վերաբերող բազմակողմ հարցեր: Դա ներառում է եվրոպական անվտանգության նոր կառուցվածք: Ավելին, կան հարցեր, որոնք վերաբերում են միայն Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին, մասնավորապես միջուկային ոլորտում մեր հարաբերությունների կարգավորումը։
Այո, ռուսական զորքերը առաջ են շարժվում Ուկրաինայի տարածքում, բայց շատ դանդաղ: Այս տարի Պուտինն ինքն ասաց, որ Ռուսաստանը գրավել է ընդամենը 5000 քառակուսի կիլոմետր տարածք՝ Ուկրաինայի ընդհանուր տարածքի 1%-ից պակաս: Միևնույն ժամանակ, երկու կողմերի զոհերի թիվը նույնպես աճում է, ուստի բոլորի համար ավելի լավ է դադարեցնել կրակը և երկարատև բանակցային գործընթաց սկսել»,- նշել է Գրեհեմը։
Ըստ նրա՝ հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում եվրոպական զորակազմ տեղակայելու հարցը ակտիվորեն քննարկվում է տարբեր եվրոպական մայրաքաղաքներում, սակայն վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։
Նա հավելել է, որ հակամարտության վերջնական կարգավորումը կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև արևմտյան գործընկերների միջև բանակցություններից։
«Ես չեմ բացառում շատ փոքր եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Սակայն դա խիստ վիճելի հարց է. Ռուսաստանն այս փուլում կտրականապես դեմ է, ուստի դա վաղաժամ խնդիր է»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիրքորոշումների տարբերությունը առանձնապես էական չէ։ «Վաշինգտոնը և խոշոր եվրոպական երկրներն աջակցում են Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության պահպանմանը, սակայն նախկին ուկրաինական տարածքի որ մասում՝ այլ հարց է։ Ամեն ինչ կախված կլինի հակամարտության շարունակությունից։
«Ավելին, Ուկրաինան կարող է ունենալ եվրոպական ապագա և միանալ Եվրամիությանը, բայց դա ևս բավականին երկարատև և բարդ գործընթաց է»,- ընդգծել է Գրեհեմը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test