Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և կալանքի որոշումն անփոփոխ է մնացել։
Դատախազությունն էլ պահանջել էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը. դատարանը մերժել է նաև այս միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը
մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն: