Ադրբեջանն առաջ է քաշում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ տեսություններ, որոնք մատնանշում են Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանումը։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է. «Կրկին թռչունների երա՞մ»։
Նա ակնարկել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված նմանատիպ միջադեպը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։
«Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է, կամ անօդաչու թռչող սարք։ 102-րդ բազան մոտակայքում է»,- գրել է փորձագետը։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ եթե հարցը դիտարկում ենք Հայաստանի անվտանգության տեսանկյունից, ապա 102-րդ ռազմաբազան շարունակում է մնալ անվտանգության միակ երաշխավորը՝ հայ-թուրքական սահմանին, որպեսզի Հայաստանը գոնե այս տեսքով ու սահմաններով մնա։
«Կարծում եմ՝ Թուրքիայում ու Ադրբեջանում լավ գիտեն, որ որևէ իմաստ չկար 102-րդ ռազմաբազայից հարվածել Վրաստանի տարածքով անցնող ինքնաթիռին։ Այնպես որ, սա ակնհայտ հերթական տեղեկատվական հարձակումն է հայկական տարածքի ու Հայաստանի վրա։ Ես հույս ունեմ, որ այս ամենն առաջ չի քաշի ռուսական ռազմաբազան հանելու պահանջ, և դրա մասին որևէ խոսք լինել չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։
Հարցին՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, հնարավո՞ր է Հայաստանին ներկայացնեն հերթական պահանջը՝ 102-րդ ռազմաբազան հեռացնելու մասին, և այս հայտարարություններով հենց դրան են պատրաստվում, Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան դիմում են տեղեկատվական պրովոկացիաների, քանի որ բավականաչափ խորամանկ են։
«Այսօրվա թուրք-ադրբեջանական ծրագրերը Հայաստանի դեմ շատ ավելի վտանգավոր բնույթ են կրում, քան ուղղակի ռազմական գործողությունները։ Հիշեցնեմ՝ Ալիևը հայտարարում էր, որ Երևան կմտնեն ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Հիմա Ալիևն ամեն ինչ անում է այնպես, ինչպես Արցախում՝ աստիճանաբար, որպեսզի իր վրա շատ չսևեռի աշխարհին։ Նրանք ուղղակի օղակը սեղմելու են այնքան, որ Հայաստանում հայ չմնա, սա է վտանգավորը, իսկ այդ ամենին հասնելու առաջին փորձը Սյունիքն է։ Սա մեծ ռազմավարական ծրագիր է այդ երկրների համար, ինչը «Թուրանի» մաս է կազմում և ձեռնտու է Թուրքիային։ Թվում է, թե այս երկրները լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ, բայց այդպես չէ՝ այդ երկու երկիրը պայքարում են նաև Ռուսաստանի դեմ»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունների վերաբերյալ ռուսական կողմը ևս պետք է դիրքորոշում հայտնի, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի հարցերն Ուկրաինայի հետ պատերազմում, պետք է սպասել։
«Հուսամ՝ Ռուսաստանի ձեռքերը կբացվեն, և նա իր խոսքը կասի։ Ռուսները մեր դուրը գալիս են, թե ոչ, նրանք կարող են լինել Հայաստանի դաշնակիցը։ Հիշե՛ք, իդեալական երկրներ չկան, հետևաբար՝ պետք է այս դժվարին իրավիճակում հասկանալ՝ ո՞ր երկրի հետ կկարողանա Հայաստանը դուրս գալ այս վիճակից։ Կարծում եմ՝ այդ երկիրը Ռուսաստանն է»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում վթարվել է ռազմական ինքնաթիռ, հայտնաբերվել է 20 զոհերից 18-ի դին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր զինծառայողների անունները, որոնք, ըստ ադրբեջանական APA գործակալության, նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները սպասարկող մասնագետներ էին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test