Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը 2025-ի սեպտեմբերին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել 10-0080-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։ Հողամասի վրա եղած կառույցները բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան են, որոնք ձեռնարկատերը 2018թ․-ին կառուցել է Հուսիկ Սահակյանի թույլտվությամբ։
«Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արգամ Կարապետյանին իր սեփական հողամասում տեղադրել հեղուկ գազի լցակայան»,– այս որոշումը համայնքի ղեկավարն ընդունել է 2018թ․ մարտի 12-ին։ Այնպես որ, լցակայանն ի սկզբանե այնքան էլ «ինքնակամ» չի եղել, իսկ 2023թ․-ի սեպտեմբերից այն այլևս ինքնակամ կառույց չէ։ Ձեռնարկատիրոջ ինքնակամ կառույցներն իր որոշումներով օրինականացրել է հենց ինքը՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Օրինականացնելուց կես տարի անց Արենի համայնքի ղեկավարը սկսել է վարչական վարույթներ հարուցել Արգամ Կարապետյանի և նույն լցակայանում բենզինի վաճառք իրականացնող նրա կնոջ՝ «Մարիամ Դավթյան» ԱՁ-ի նկատմամբ։ Հուսիկ Սահակյանը բոլոր որոշումներով մեծ տուգանքներ է նշանակել։ Հիմնավորումն այն է, որ «լցակայանը կառուցվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի և լիազոր մարմինների թույլտվությունների» և համարվում է ապօրինի կառույց։
Իրականում, ապօրինություն կատարողը Արենի համայնքի ղեկավարն է եղել, երբ առանց փաստաթղթերի և թույլտվությունների թույլատրել է հեղուկ գազի լցակայան կառուցել։ Այնուհետև, ամեն տարի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն է տրամադրել ձեռնարկատիրոջը։
Արենի համայնքի երկարամյա ղեկավարը չէր կարող չիմանալ, որ լցակայան կառուցելու համար բազմաթիվ գերատեսչությունների համաձայնությունն է անհրաժեշտ։ Լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննություն պետք է անցնեն։ Առնվազն գիտեր, որ համայնքային սեփականության հողամասի վրա, որն ընդամենը ենթավարձակալությամբ էր տնօրինում ձեռնարկատերը, և առանց հողի նշանակությունը փոփոխելու իրավունք չուներ լցակայանի կառուցման թույլտվություն տալ։
Հուսիկ Սահակյանը որպես համայնքի ղեկավար պաշտոնավարում է 1996թ․-ից։ Այդ տարիներին անդամակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և մինչև 2005թ․ երեք անգամ անընդմեջ ընտրվել է Ռինդ համայնքի ղեկավար։ Երկու տարվա ընդմիջումից հետո՝ 2007-ին, կրկին առաջադրվել է համայնքի ղեկավար, վերընտրվել է 2010 և 2014թթ․-ին։ 2017-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է Արենի խոշորացված համայնքի ղեկավար: Նշված բոլոր ընտրությունների ժամանակ նա եղել է ՀՀԿ անդամ և համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է կուսակցության կողմից։ 2022թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արենի համայնքում նա արդեն գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Էդ հողը Արենիի համայնքապետարանը 2003թ․-ին վարձակալության էր տվել իմ հորեղբորը։ 2016թ.-ին դիմել եմ Հուսիկ Սահակյանին, որ ուզում եմ գազալցակայան կառուցել։ Ասել եմ` ինձ ասեք, թե ինչպես սկսեմ կառուցումը։ Ասել են` ոչ մի բան պետք չի, դու գնա, սարքի։ Ես, կարող է, չէ՞, մի բան էլ չիմանամ, մանավանդ, որ նոր եմ էդ գործը սկսում, իրենք պետք է ասեին, թե ինչ է պետք։ Ես էլ սարքել եմ, հետո Կառավարությունը որոշեց, որ ինքնակամ կառույցները կարան օրինականացնեն, դիմեցի գերատեսչություններին՝ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու համար»,- պատմեց Արգամ Կարապետյանը։
2020թ․ հուլիսից համայնքի ղեկավարը, Արգամ Կարապետյանի դիմումի հիման վրա, ինքնակամ կառույցն օրինականացնելու գործընթաց է նախաձեռնել։ Ինչպես նման դեպքերում է արվում, նախ՝ Ա․ Կարապետյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ «հողօգտագործման իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի (շինարարության թույլտվության) ապօրինի շինություն կառուցելու համար»։ Օրինախախտման համար 200 000 դրամ տուգանք է նշանակել: Որոշման մեջ նշել է նաև, որ Ա․ Կարապետյանը, մասնակցելով վարչական վարույթի լսումներին, պատրաստակամություն է հայտնել վճարել տուգանքը և օրինականացնել կառույցը:
2020թ․ օգոստոսի 20-ին համայնքի ղեկավարի առաջարկով Արենի համայնքի ավագանին համաձայնություն է տվել Ա․ Կարապետյանի ենթավարձակալած 1000 քմ գյուղնշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ Նույն որոշումով համայնքի ղեկավարին առաջարկել են հողաշինական գործ կազմել և ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022թ․ մայիսին տրամադրած դրական եզրակացությունը ստանալով՝ Հուսիկ Սահակյանը հողամասի նպատակային նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ Հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 57,35 քմ շինությունները՝ վառելիքի ստորգետնյա հոր՝ 19․3 քմ, հեղուկ գազի մղման կայան՝ 3,97 քմ, ծածկ–1՝ 3,95 քմ, օպերատորի սենյակ՝ 8․48քմ, ծածկ–2՝ 21,65 քմ, ճանաչվել է օրինական և համարվել Արենի համայնքի սեփականությունը։
Միաժամանակ, լուծել է Արենիի գյուղապետարանի և Վասակ Կարապետյանի միջև 2003թ․–ին կնքված վարձակալության պայմանագիրը և 2018թ․–ին Վասակ Կարապետյանի և Արգամ Կարապետյանի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։
Ավագանին 2022թ․ օգոստոսին որոշել է օրինականացված կառույցները և 1000 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արգամ Կարապետյանին։ 57,35 քմ ընդհանուր մակերեսով շինությունները գնահատվել են 625 000 դրամ, 1000 քմ բնակավայրի նշանակության հողամասը՝ 3 մլն 383 հազար դրամ։
Արենիի համայնքապետարանի հետ առք ու վաճառքն իրականացնելուց հետո, 2023թ․ սեպտեմբերի 7-ին Կադաստրը գրանցել է Արգամ Կարապետյանի սեփականության իրավունքը։
Արգամն ու կինը համայնքի ղեկավարի վարչական վարույթներով տուգանքներ կիրառելու որոշումները բողոքարկում են վարչական դատարան և բեկանում դրանք։ Իսկ Հուսիկ Սահակյանը շարունակում է վարույթներ հարուցել ու տուգանքներ կիրառել՝ 100 000 դրամ, 200 000 դրամ, 300 000 դրամ ․․․, վերջինը՝ 2 մլն դրամ։
Ա․ Կարապետյանին տուգանել է նաև իր սեփական հողամասում լցակայանի գովազդային վահանակը տեղադրելու համար։ Ճիշտ է, ձեռնարկատերը դրա համար թույլտվություն չի ունեցել, բայց համայնքի ղեկավարն էլ նրա դիմումներին չի պատասխանել։ Կառուցելուց հետո վարչական վարույթ է հարուցել ու ապամոնտաժել վահանակը։
Տուգանքներ կիրառելու որոշումներով համայնքի ղեկավարին է միացել նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը։
Արգամը դժգոհ չէ, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում իր լցակայանում։ Ասում է՝ դա իրեն օգնում է, նրանց կարգադրագրի հիման վրա շտկում է լցակայանի գործունեությանը վերաբերող բացթողումները։ «Ինձ պետք է, որ իմ խախտումները վերացված լինեն»,- հայտնեց ձեռնարկատերը։ Նշեց նաև, որ մինչև 2024թ․–ը տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել, սակայն ոչ մի լուրջ խախտում չի արձանագրել։ Համայնքի ղեկավարի հետ հակադրվելուց հետո ՔՏՀԱ տեսչական մարմինը տարեկան երկու անգամ է ստուգում իրականացնում իր լցակայանում, և քանի որ խախտումները լրիվ վերացված չեն, կրկին տուգանում է։
Խախտումները թույլ չի տալիս վերացնել Արենի համայնքի ղեկավարը։
2025թ․ հուլիսի 9-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել լցակայանում 2024թ․ նոյեմբերի 18-ի կարգադրագրի պահանջների կատարման վերաբերյալ։ Պահանջները հինգն են եղել, որից 4-ը կատարել է։ Առաջին պահանջը՝ «արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով», չի կարողանում կատարել։
ՆԳՆ փրկարար ծառայությունը Ա․ Կարապետյանին գրավոր փոխանցել է, որ գազաբենզալցակայանին ամենամոտ հրշեջ հիդրանտը Արենի գյուղի 20-րդ փողոց, 9-րդ տան հարևանությամբ է։ Նա դիմել է համայնքի ղեկավարին՝ հիդրանտներ կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Ցույց է տալիս իր տասնյակ դիմումների փոստային ծանուցումները, որոնց Հուսիկ Սահակյանը չի պատասխանում։ Դրանցից մեկին ի պատասխան՝ հայտնել է․ «Ձեր կողմից շահագործվող հեղուկ վառելիքի լցակայանը կառուցվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և լիազոր մարմինների կողմից տրամադրված թույլտվությունների, հանդիսանում է ապօրինի կառույց, որը, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ենթակա է քանդման»։
2025թ․-ի հունվարին Արգամ Կարապետյանը դիմել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին և հայտնել, որ կատարել է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրի չորս պահանջները և խնդրել է իրեն տրամադրել խախտումները վերացնելու մասին տեղեկանք։
ՔՏՀԱ տեսչական մարմինը մերժել է, քանի որ պահանջներից մեկը կատարված չէ և կրկին նրան 300 000 դրամով տուգանել է՝ հրշեջ հիդրանտներ չունենալու համար։ «Ասում եմ` եղբայր, ես հրշեջ հիդրանտներ չունեմ, որովհետև համայնքի ղեկավարը թույլտվություն չի տալիս»,- ասում է Արգամը։
«Մարիամ Դավթյան» ԱՁ-ն 2024թ․ օգոստոսի 19-ի որոշումով 300 000 դրամով տուգանվել է՝ դարձյալ «ինքնակամ կառուցված առևտրի կետում, առանց համապատասխան թույլտվությունների հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ վաճառք իրականացնելու համար»։
Մարիամ Դավթյանը դիմել է վարչական դատարան ընդդեմ Արենիի համայնքապետարանի։ Այս տարվա ապրիլին դատարանն անվավեր է ճանաչել Արենի համայնքի ղեկավարի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Միաժամանակ, որոշել է Արենի համայնքից հօգուտ Մարիամ Դավթյանի բռնագանձել 51.100 դրամ՝ որպես դատական ծախսի փոխհատուցում։
Կողմերը բազմաթիվ դատական գործեր ունեն, հիմնականում՝ վարչական դատարանում։ Այս ընթացքով դրանց թիվը շարունակ կարող է ավելանալ, քանի որ համայնքի ղեկավարը չի հրաժարվում դատարանն իր կամայականություններին ծառայեցնելու մտքից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test