Նոյեմբերի 12-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ զինված ուժերին և անվտանգությանը, ինչպես նաև կադրային նշանակումների և գնված սպառազինության վերաբերյալ հարցերին ի պատասխան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, թե սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ։
«Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) հայտնի է, բոլորս էլ լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք։ Եվ կարծում եմ, որ մեր անվտանգային համակարգին ով տվել է վնաս, պետք է օր առաջ պատժվի»,- հավելել է նա։
Թե ի՞նչ տեղ են զբաղեցնում սպառազինության հետ կապված հարցերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում, արդյո՞ք դրանք դիտարկվում են պատերազմում պարտության պատճառ, ինչպես ժամանակին փորձում էր ներկայացնել նույն ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը՝ որոշ դեպքերում խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջը, բնականաբար, հայտնի չէ:
Մյուս կողմից, նշենք, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում «Օսա-ԱԿ»-ների հետ կապված նյութեր են ուղարկվել Գլխավոր դատախազություն, որովհետև, ինչպես Factor TV-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն էր ասել, «տեսել են լուրջ կոռուպցիոն սխեմաներ»:
Այս թեմայով մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «նշված հանգամանքը քրեական վարույթի նախաքննության փուլում քննության առարկա է դարձվել, քրեական վարույթի նախաքննությունն ընթանում է գաղտնի»:
Թե ինչ հանգուցալուծում կստանա այս քրեական գործը, ժամանակը ցույց կտա, բայց դեռ տարիներ առաջ ռազմատեխնիկական որոշ քրեական գործերի վերաբերյալ մենք արձանագրել ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության հետևանքները, և, որ իշխանությունների պնդումները չեն ապացուցվել:
Օրինակ, «Պլատաների գործի» շրջանակում, Փաշինյանի ասած՝ Ս-300-ի վրայից պլատայի գողի ինքնությունը չեն կարողացել պարզել և մեղադրանքում այս հոդվածը կասեցվել է։
Կամ՝ «Հրանոթների արկերի գործով» անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ վերջնարդյունքում քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արարքը չկատարելու հիմքով:
Իսկ «42 միլիոնի զենքի» գործով էլ՝ «մետաղաջարդոնների», այս պահին ոչ մի մեղադրյալ չկա, գործով անցնում էր 44-օրյայի Քննիչ հանձնաժողովում փորձագետ եղած ՀՀ ԶՈՒ ԳՇՌադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումն ավելի ուշ դադարեցվել է: Դեռևս չեն հաստատվել իշխանությունների պնդումները նաև «անպիտան հրթիռների» գործով, և այլն:
Քննիչ հանձնաժողովի զեկույցի համատեքստում հիմա հնարավո՞ր են նոր այսօրինակ քրեական գործեր և բարձրաստիճան զինվորական մեղադրյալներ, եթե ռազմատեխնիկական հարցերին բավարար տեղ է հատկացվել զեկույցում, և արդյո՞ք արդարացի հիմնավորում է Նիկոլ Փաշինյանի մասնագետ չլինելն ու ռազմատեխնիկական մասնագիտական նրբություններին չտիրապետելը, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
– Ցավոք, չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց, բնականաբար, այդ զեկույցում անդրադարձ կա սպառազինությանը՝ և՛ ձեռքբերմանը, և՛ ձեռքբերման պլանների փոփոխությանը, որին հաջորդում է հետևանքների գնահատումը: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն այստեղ կա, ի վերջո, սպառազինությունների ձեռքբերման պլանները նաև վավերացվում են Անվտանգության խորհրդում և վարչապետի կողմից:
– Քանի որ անդրադարձաք ապառազինությանը, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքացիներին և նրանցից բաղկացած խմբերին գնված ռազմական տեխնիկան ցուցադրելու իշխանությունների գաղափարին, արդյո՞ք չկա այստեղ պետական գաղտնիքի խախտում, արդյո՞ք սա նախընտրական շոու չէ։ Ի դեպ, զորահանդեսի կազմակերպումը Փաշինյանը չի դիտարկում խաղաղության օրակարգի համատեքստում կամ դիտարկում է դրանից դուրս ռազմական միջոցառում:
– Տպավորություն է, որ իշխանությունը սպառազինություն ձեռք է բերում գլուխ գովալու, և ոչ թե պաշտպանական համակարգն ամրապնդելու համար: Եվ սա աննախադեպ է, երևի համաշխարհային պատմության մեջ չի եղել, որ իշխանությունն ուղղակի փորձի սպառազինությունը ներքաղաքական հարցերի համար շահարկել և քարոզչական ինչ-որ արշավներ իրականացնել: Բնականաբար, քաղաքացիներից շատ-շատերը, եթե ցանկանան, չունեն գաղտնիության թույլտվություն, և անհասկանալի է՝ ինչն են նայելու, ինչպես են նայելու, ավելին՝ մասնագիտական ինչ գնահատական կարող են տալ այս կամ այն սպառազինությանը:
– Դուք երեկ ԱԺ-ում հայտարարել եք՝ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն պաշտոնի է նշանակել մեկին, որը, չի բացառվում, որ գործակալ է: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե քննիչ հանձնաժողովի զեկույցի համատեքստում նման ակնարկ կա ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ կապված, ով, ըստ էության, ռուսական կողմնորոշման գեներալ է, ինչպեսև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որի դեմ վարույթ է որոշվել իրականացնել 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում: Մի կողմ թողնելով, թե քննիչ հանձնաժողովում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանն ինչ է «շարադրել» Արտակ Դավթյանի վերաբերյալ և ոչ միայն, կամ Արշակ Կարապետյանի մեղավոր լինել–չլինելու հարցը, կարո՞ղ ենք առկա և հնարավոր հետապնդումները դիտարկել «5-րդ շարասյան» տրամաբանության մեջ և ականատես լինել զինվորականության դեմ «արշավի» մի նոր փուլի:
– Նախ՝ այդ «5-րդ շարասյուն» ձևակերպումն իշխանությունները, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, օգտագործում են վհուկների որս իրականացնելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարությանը և իրավապահներին ես պարբերաբար հարցումներ եմ ուղարկել և փորձել հասկանալ՝ ի՞նչ է դա ենթադրում, բայց միշտ ստացել եմ խուսափողական պատասխաններ, քանի որ իրենք էլ մնացել են Փաշինյանի այդ քարոզչական թեզի գերին: Իսկ կյանքն էլ ցույց է տվել, որ եթե անգամ հարուցվում են քրեական գործեր, դրանց մեծ մասը ոչ թե գնահատական տալու, օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակ են հետապնդում, այլ պայմանավորված են օրվա քաղաքական կոնյունկտուրայով, իշխանության այդ օրվա մոտեցումներով: Եվ վստահելի-անվստահելի զինվորականների «դասակարգման» կամ գնահատման լավագույն վկայություններից մեկն էլ Արշակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործն է: Ես դուրս եմ գալիս գնահատումներից, անմեղության կանխավարկածի սկզբունքից, և միայն փաստը, որ մեղսագրվում է մի արարք, որի «կատարումից» հետո նա ստացել է ավելի բարձր պաշտոն՝ Պաշտպանության նախարար է նշանակվել, խոսում է ամբողջ բանակի կառավարման համակարգում եղած քաոսի և «թափրտվածության» մասին:
– Ի դեպ, քանի որ Արշակ Կարապետյանին մեղադրում են դիրքը թողնելու բանավոր հրամանի համար, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով էլ Սյունիքից հայկական զորքը հետ էր քաշվել, և հայտնի չէ` կա՞ այդ ժամանակ ԳՇ պետ եղած Օնիկ Գասպարյանի գրավոր հրամանը զորքին։ Այս հարցի վերաբերյալ մենք մի քանի անգամ փորձել ենք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, որտեղից մեկ անգամ ոչ հերքել են, ոչ էլ հաստատել են, մեկ անգամ էլ՝ համարել են գաղտնիք:
– Սյունիքից զորքի հետքաշման հետ կապված իրականում իշխանությունը շուրջ 1.5 տարի խուսափում էր հստակ նշել պատճառը: Բայց այստեղ տեղի է ունեցել իշխանության յուրացմանը նմանվող մի գործողություն, երբ առանց զինված ուժերի կարծիքը հաշվի առնելու՝ ուղղակի ստորագրվել է մի համաձայնագիր, որը փաստի առաջ է կանգնեցրել և՛ երկրի զինված ուժերին, և՛ ԳՇ պետին: Այսինքն, մեր անվտանգային համակարգը դարձնելով շատ ավելի խրթին և թույլ, հապճեպ որոշվել է Սյունիքի ուղղությամբ շուրջ 2 տասնյակ կմ զորքերը մի քանի օրում հետ քաշել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test