Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե թույլ ենք տալիս, որ երեխաները շնչեն թույն՝ ստորագրում ենք մեր կործանման դատավճիռը hraparak.am hraparak.am

time
Եթե թույլ ենք տալիս, որ երեխաները շնչեն թույն՝ ստորագրում ենք մեր կործանման դատավճիռը

Երեւանի օդի աղտոտվածության թվային ցուցանիշների ներքո մարդկային խեղված ճակատագրեր են՝ ծանր հիվանդությունների, իմացական կարողությունների կորստի, դեմենցիայի պատմություններ։ Մայրաքաղաքի փողոցներն այսօր պարունակում են անտեսանելի սպառնալիք հանդիսացող PM 2.5 միկրոմասնիկներ։ Սա ենթադրություն չէ, այլ գիտականորեն ապացուցված փաստ, եւ այդ մասին անդադար զգուշացնում են հետազոտողները։ PM 2.5 մասնիկները ներթափանցում են թոքեր, անցնում արյան մեջ եւ շարժվում օրգանիզմով մեկ։ Դրանք առաջացնում են տարբեր քրոնիկական բորբոքումներ ու արյունատար անոթների նեղացում, խաթարվում է արյան շրջանառությունը ոչ միայն սրտում ու թոքերում, այլեւ՝ գլխուղեղում։ Արդյունքում, գլխուղեղի բջիջները թթվածնի, արյան, վիտամինների եւ անբավարար սնուցում են ստանում ու սկսում դեգրադացիայի ենթարկվել։ Նորագույն հետազոտությունները բացահայտել են գլխուղեղի բջիջների դեգրադացիայի եւ դեմենցիայի միջեւ կապը։

Բնապահպանական վտանգն առկա է հանրապետության բոլոր քաղաքներում, սակայն Երեւանում այն առավել մեծ քանակի մարդկանց է խոցում, եւ բացասական հետեւանքներն առավել մեծ են գերծանրաբեռնված երթեւեկության, հնամաշ ավտոմեքենաների ու տեխնոլոգիական արտադրությունների վտանգավոր արտանետումների եւ մի շարք այլ գործոնների զուգորդման պատճառով։ Երեւանի օդի, ջրի, հողի աղտոտվածությունը ոչ թե պատահար է, այլ՝ ապրելակերպ, որովհետեւ լիովին չի արդիականացվել հասարակական տրանսպորտը, քաղաքը գրավել են բաց թափքերում ավազ տեղափոխող բեռնատարները, մայթեզրերի բազալտի տեղադրումը եւ շինությունների երեսպատումը կատարվում են քարերի սղոցման ու հղկման արտանետած փոշու ամպերի մեջ, իսկ բնակչության մեծ մասն էլ հաշտվել է ծուխ ու փոշի շնչելու մտքի հետ։ Շինարարական մոլուցքը, «կանաչ էկոնոմիկայի» պահանջներն արհամարհելը, շարունակվող ծառահատումներն էլ ավելի են վատթարացնում իրավիճակը։ Կարեւորը միայն աղտոտվածությունը բնորոշող թվերը չեն։ Կարեւորը մարդիկ են, հատկապես խոցելի խմբերը՝ երեխաներ, տարեցներ, հիվանդներ, որոնք ամեն օր շնչում են այդ օդը եւ վճարում իրենց առողջությամբ ու մտավոր ունակությունների անկմամբ։

Քաղաքային իշխանությունները հաճախ խոսում են «կարգավորման բարելավման» մասին, սակայն խոսքերի եւ գործողությունների միջեւ կա մեծ ճեղքվածք։ Արտանետման չափումներն արվում են ոչ ամբողջական, եւ ոչ բոլոր տվյալներն են հրապարակվում։ Մինչդեռ բժիշկներից լսում ենք տագնապալի տեղեկություններ այն մասին, որ ավելանում են ալերգիաները, շնչուղիների բորբոքումները, վաղաժամ հոգնածության հետ կապված գանգատները։ Իսկ այս դեպքերը միջնաժամկետ կտրվածքում արագորեն հարուցում են ճանաչողական խնդիրներ։

Հոգեբանորեն մենք բնապահպանական վտանգները մակերեսորեն ենք ընկալում, որպես, գուցե եւ հնարավոր, բայց ժամանակի մեջ մեզնից հեռու մի բան։ Սակայն երեխաներն արդեն ավելի շատ են հիվանդանում, իսկ տարեցների մոտ ահագնանում են կոգնիտիվ ունակությունների նվազման դեպքերը։ Այսինքն՝ սա հիպոթետիկ, ապագա սպառնալիք չէ, այլ մեր աչքի առաջ ընթացող սխալների հետեւանք։ Սա ոչ թե վաղվա վտանգ է, այլ այսօրվա իրականություն։ Օդի աղտոտվածության հետեւանքները մեր մեջ են, մեր ընտանիքներում, մեր կյանքում։

Ըստ ամենայնի, քաղաքապետարանում տեղյակ են Երեւանի բնապահպանական խնդիրներից։ Դրանք պահանջում են գտնել համալիր լուծման ուղիներ՝ ներառելով առողջապահությունը, տրանսպորտի պլանավորումը, կանաչ ենթակառուցվածքները, աղտոտող հինը արդի տեխնոլոգիաներով փոխարինելը։ Հարկ է ներդնել «արդարացի վճարումների մոդել»։ Դա տեղական վճարների եւ տուրքերի այնպիսի համակարգ է, որտեղ գործում է «Շատ աղտոտողը շատ է վճարում, քիչ աղտոտողը՝ քիչ» սկզբունքը (Polluter pays - աղտոտողը վճարում է)։ Այս մոդելը մերժում է համահարթեցնող մոտեցումը։ Կառավարությունը, քաղաքապետարանները պետք է անկախ մշտադիտարկման հնարավորություն տան գիտնականների, բժիշկների, լրագրողների խմբերին։ Բնակչության ֆիզիկական եւ մտավոր առողջության առումով Երեւանն այն աստիճանի է վտանգված, որ պետք է գործել այսօր, պետք էր սկսել երեկ ու արագ եւ պետք է գործել թափանցիկ ու պատասխանատու։

Մայրաքաղաքի մթնոլորտային օդը մեր քաղաքացիական հասունության փորձաքարն է։ Եթե թույլ ենք տալիս, որ երեխաները շարունակեն շնչել թույն, ապա ստորագրում ենք մեր կործանման դատավճիռը։ Քաղաքացին պետք է պահանջի առողջ ապրելու իր իրավունքը նույն հաստատակամությամբ, ինչպես պահանջում է առողջ սնունդ, անվտանգ կյանք, լավագույն կրթություն։ Որովհետեւ օդը, որը շնչում ենք, որոշում է մեր հիշողությունների որակը, մեր հոգեւոր եւ մտավոր կարողությունների սահմանը։

Արա Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test