Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Telegram-յան ալիքներին փոխարինում է պետական կառույցը․ ինչպես Կրեմլը  ՀՀ-ի վրա քարոզչական ճնշումը «բարձրացրեց» նոր մակարդակի fip.am fip.am

time

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) նոյեմբերի 12-ին հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով հաղորդագրություն, որում պնդումներ են արվում՝ «քաղաքական պատճառներով» Մոսկվայի հետ «կապերը խզելու» Հայաստանի մտադրությունների վերաբերյալ։

ԱՀԾ-ն, հղում անելով իր տիրապետած տեղեկություններին, պնդել է՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը «զարմացած է» և միևնույն ժամանակ «ցնծում է», քանի որ «Երևանը որոշել է այլևս հացահատիկ չգնել Ռուսաստանից»։

Փոխարենը, ըստ հաղորդագրության, որոշում կա ներկրել ուկրաինական հացահատիկը, որը «թանկ է», ինչի փոխհատուցման համար Երևանն օգնություն է խնդրելու Բրյուսելից։

«ԵՄ-ին առաջարկվում է «երեքը մեկի գնով» գործարք՝ հացահատիկ՝ Հայաստանին, աջակցություն՝ Կիևին և անվստահության մթնոլորտի ստեղծում՝ Մոսկվայի և Երևանի միջև։ Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը (Հուդայի կամ դավաճանի համբույրի փոխաբերությունը,-հեղ․)», — եզրափակում է ծառայությունը։

Թեմայի վերաբերյալ անմիջապես մեկնաբանություն տվեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե ԱՀԾ-ի զեկույցները «երբեք մերկապարանոց չեն լինում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը երկու անգամ հերքեց տարածված տեղեկությունը․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա լուրն անվանեց «բացարձակ անհեթեթություն»։ Ապա, Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց։

«Բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ: Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, մեզ ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Չի լինելու այդպիսի բան»,— ասել է Փաշինյանը:

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանի հերքումներից հետո էլ ՌԴ պետական կառույցները շարունակեցին շրջանառել ԱՀԾ-ի տարածած հաղորդագրությունը․ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության սոցիալական մեդիայի ռեսուրսները Փաշինյանի հայտարարություններից ժամեր անց վերահրապարակեցին ԱՀԾ-ի հաղորդագրությունը՝ նաև անգլերեն թարգմանությամբ։

Նախկինում հայկական լսարանը թիրախավորող ռուսաստանյան քարոզչական, ապատեղեկատվական արշավներն իրականացվում էին հիմնականում տարբեր Telegram-յան ալիքների և սոցիալական մեդիայի այլ ռեսուրսների, ռուսամետ «փորձագետների» միջոցով․ այս դեպքում «սոցցանցային խոսակցության» փոխարեն ընտրվել է պետական կառույցի պաշտոնական հաղորդագրության ձևաչափը։

Փաստացի, գործ ունենք նոր մակարդակի հիբրիդային մարտավարության հետ, և ահա թե ինչու է սա ուշագրավ։

Քարոզչական նյութը, որը նախկինում կարող էր հայտնվել մի որևէ տելեգրամյան ալիքում չէր ունենա արժանահավատության և ծանրակշռության այն նույն մակարդակը, ինչ կարող է ունենալ ՌԴ հատուկ ծառայության հաղորդագրությունը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ նախկինում ընդամենը խոսակցություն էր, հիմա վերածվում է պաշտոնական տեղեկատվության՝ հեղինակություն ունեցող աղբյուրից։

Փաստացի, գործի է դրվում ինստիտուտի հեղինակության էֆեկտը, ինչը ցանկացած կեղծ պատմույթ կարող է դարձնել առավել համոզիչ ու արժանահավատ։

Ապատեղեկատվությունը հետախուզական հաղորդագրության մակարդակի բարձրացնելով՝ Ռուսաստանը կոշտացնում է դրա միջոցով ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ ինքնիշխանության, գործընկերների ընտրության և հասարակական տրամադրությունների վրա ավելի մեծ ազդեցության նպատակով։

Նանե Մանասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test