Արդեն մի քանի շաբաթ է՝ շրջանառվում է ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմակիցների հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Ու քանի որ հայտարարել են, որ ցանկացած քաղաքացի կարող է իր առաջարկները ներկայացնել նախագծին, որոնք, եթե խելքին մոտ են, կարող են եւ դառնալ ընդհանուր ծրագրի մաս, ապա փորձեմ սեփական առաջարկներս ներկայացնել։
Ինչ կառաջարկեի ես Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ Իմ կարծիքով, ներկայիս իրականությունը նկատի ունենալով՝ կարեւոր է, որ ապագայում հստակեցվեն ՀՀ պետական իշխանության եւ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները։ Ավելի պարզ ասած՝ դետալացված սահմանվեն այդ փոխհարաբերություններն օրենսդրորեն։ Քրիստոնյա աշխարհում, որքան կարողացել եմ ուսումնասիրել հարցը, պետական իշխանության եւ այդ պետության տարածքում գործող դոմինանտ կրոնական կազմակերպության միջեւ փոխհարաբերությունների կարգավորվածության առումով օրինակելին Իտալիայի եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոն Վատիկանի փոխհարաբերություններն են։ Այստեղ կարգավորումները սահմանված են, այսպես կոչված, Լաթերանյան համաձայնագրերով, որոնք Իտալիայի իշխանությունների եւ Սուրբ Աթոռի միջեւ կնքվել են 1929 թվականին։
Լաթերանյան համաձայնագրերը բաղկացած են 3 փաստաթղթից՝ Պայմանագրից, Կոնկորդատից եւ Ֆինանսական համաձայնագրից։ Փաստաթղթերը, եթե ընդհանուր գծերով ներկայացնենք, սահմանում են Վատիկանի կարգավիճակը, Հռոմի պապի կարգավիճակը՝ Վատիկանում, Իտալիայի եւ Վատիկանի փոխհարգալից հարաբերությունները, Իտալիայում կաթոլիկ եկեղեցու կարգավիճակը, կաթոլիկ դավանանքի՝ Իտալիայում որպես պետական (1984 թվականից՝ առանձնահատուկ) կրոնական դավանանքի կարգավիճակը, Վատիկանի ֆինանսական գործունեությունը, ֆինանսատնտեսական հարաբերությունների առումով Իտալիա-Վատիկան հարաբերությունները։
Ըստ իս, ապագայում ճիշտ կլինի, որ Լաթերանյան համաձայնագրերը դառնան պրոտոտիպ՝ Հայաստանի իրականությանը տեղայնացվելով, Հայաստանի իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների իրավական կարգավորումների հստակեցման ու դետալիզացված կարգավորումների սահմանման համար։ Ընդ որում, հատկապես 2018-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու՝ ի դեմս Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միջեւ քննարկված եւ պաշտոնական հաղորդագրություններով հանրայնացված հարցերը նկատի ունենալով, կարծում եմ, որ այդ կարգավորումները պետք է ներառեն նաեւ դրույթներ հոգեւորականության՝ հանրային հայտարարությունների ազատության սահմանների վերաբերյալ։ Ընդ որում՝ սահմանումները պետք է լինեն այնքան «ոսկերչական ճշգրտության», որ տարակարծությունների, երկիմաստությունների եւ տարընթերցումների տեղիք չտան։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test