Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գործող «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն թուրքական ռազմատրանսպորտային օդանավի աղետը «նույնակացրել է» 2019թ. հուլիսի 24-ին ադրբեջանական ՄԻԳ 29-ի խորտակման հետ: Խոսքը, ըստ պաշտոնական վարկածի, «գիշերային ժամերին ուսումնա-վարժական թռիչք կատարող» կործանիչի մասին է, որ վայր էր ընկել Կասպից ծովում՝ «հյուսիսային ուղղությամբ Բաքվից 65 կիլոմետր հեռավորության վրա»: Ինքնաթիռի բեկորները և օդաչուի մարմինը հայտնաբերվել է շուրջ մեկ ամիս հետո: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը եկել է պաշտոնական եզրակացության, որ ինքնաթիռը «բախվել է թռչունների երամի, հարվածից օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել և կորցրել կառավարելու ունակությունը»:
Բազմաթիվ փորձագետներ, սակայն, այդ եզրակացությունը չեն ընդունում: Ադրբեջանում իշխող տեսակետ կա, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող կործանիչը «Ռուսաստանի կողմից ենթարկվել է ռադիոէլեկտրոնային հարձակման»: Որպես հիմնավորում վկայակոչվում է փաստը, որ աղետի պահին ՄԻԳ 29-ը «վայրկենապես անհետացել է դիտարկման սարքերի էկրաններից, իսկ օդաչուի հետ կապը՝ խզվել»: Վրաստանի նավիգացիոն ծառայությունները հայտնել են, որ երկրի օդային տարածք մուտք գործելուց «րոպեն անց» թուրքական «Հերկուլեսը» նույնպես անհետացել է ռադարների տեսանելիությունից, իսկ անձնակազմն «աղետի կամ վթարային վիճակի մասին տեղեկություն չի հայտնել»:
Թուրքական ռազմատրանսպորտային օդանավի կործանման առթիվ «խորը ցավակցություն» հայտնելով Թուրքիային և թուրք ժողովրդին, համարելով, որ «զոհվածները նաև Ադրբեջանի հերոսներն են», Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին ֆեյսբուքյան գրառումն ավարտել է սենսացիոն տպավորությամբ. «Ես ոչ բնագավառի փորձագետ եմ, ոչ էլ տուրք եմ տալիս դավադրապաշտականությանը, բայց քաղաքական գործչի իմ ինտուիցիան այս աղետը նմանեցնում է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը»:
Խոսքն, անկասկած, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին է, որ տեղի է ունեցել 2024թ. մայիսի 19-ին, երբ նա Իլհամ Ալիևի հետ իրանա-ադրբեջանական սահմանին հանդիպումից հետո վերադառնում էր Թեհրան: Ըստ պաշտոնական եզրակացության, ուղղաթիռի կործանման պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները: Թուրքական օդանավի աղետի հավանական պատճառ է նշվում «մետաղական կոնստրուկցիաների մաշվածությունը»: Ռաիսիի ուղղաթիռի խորտակման շուրջ հրապարակումներում նշվում էր, որ այն «ամերիկյան արտադրության է և հնացած»: Արդյոք այդ նմանությո՞ւնը նկատի ունի Գյուլթեքին Հաջիբեյլին, թե՞ նրա դիտարկումը խորքային ենթատեքստ ունի, մնում է միայն ենթադրել:
Դիտարժան է Turkiye պարբերականի ակնարկը, որ, ի տարբերություն Թուրքիայի «դաշնակից և բարեկամ երկրների, Ռուսաստանը նույնիսկ ԱԳՆ մակարդակով պաշտոնական ցավակցություն չի հայտնել, բավարարվել է Անկարայում իր դեսպանատան սոցցանցային գրառումով»: Գուցե պատահական զուգադիպություն է, բայց թուրքական «Հերկուլեսը» վրաց-ադրբեջանական սահմանին խորտակվել է Իսրայելի վարչապետին և երեք տասնյակից ավելի այլ պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալու Թուրքիայի նախագահի որոշումը հրապարակայնացնելուց մեկ օր հետո:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test