Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիեւի հեռահար պլանն ու պատմությունը մոռանալու Փաշինյանի կոչերը aravot.am aravot.am

time
Ալիեւի հեռահար պլանն ու պատմությունը մոռանալու Փաշինյանի կոչերը

Սկիզբը՝ այստեղ:

Գոհ լինենք նրանից, որ ադրբեջանցիները ուզում են վերադառնալ Հայաստան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներո՞վ»

Թուրքիայի իշխանությունների կեցվածքը լիովին հասկանալի է, դա Ադրբեջանի քաղաքականության ամբողջական սատարումն է եւ Հայաստանի նկատմամբ Բաքվի պահանջների իրագործմանը սպասելը:

Իսկ Բաքվի քաղաքականությունը վկայո՞ւմ է այն մասին, որ այդ երկիրը խաղաղասիրական մտադրություններ ունի: Ադրբեջանում ոչ միայն չեն հրաժարվում «Արեւմտյան Ադրբեջանի» քննարկումներից, այլեւ տրամադրություններն էլ ավելի են սաստկանում:

«Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, եւ մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ», անցյալ շաբաթ հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված` «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ընթացքում։ «Նույնիսկ հետպատերազմական շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի եւ հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք եւ չթուլանանք», – ըստ «Ազատության», ասել է Մամեդովն ու հիշեցրել Ալիեւի վերջին հայտարարությունը, թե` «հայերն ու Հայաստանի պետությունը ադրբեջանցիների վերադարձից չպետք է վախենան»։

Հիշեցնենք, օրեր առաջ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին՝ Ալիեւը գիտնականներին հանձնարարել էր ավելացնել աշխատությունները տարածաշրջանում «ադրբեջանցիների դարավոր պատմության» մասին։ «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը եւ սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սեւանա լիճ չկա, կա Գյոյչա», – ասել էր Ալիեւը:

Ահա, Բաքվում անցյալ շաբաթ Ալիեւի այդ հանձնարարականի համատեքստում ելույթներ էին հնչում: «Վերջերս Բաքվում առաջին անգամ հրատարակվեց 18-րդ դարի թուրքմեն հեղինակ Աբդուրազակ Նովրասի «Թարիխչեյի-Նովրաս» աշխատությունը, որը նկարագրում է 1731 թվականին Իրեւան քաղաքում տիրող իրավիճակը։ Աշխատությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ Իրեւանի բնակչությունը կազմված էր ադրբեջանցի թուրքերից, տեղանուններն էլ բացառապես ադրբեջանական են», -նշել է Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումի խորհրդի անդամ Զաուր Իբրահիմլին՝ հավելելով. «Այս պատմական աշխատության մեջ ոչ մի հայկական տեղանուն չի հիշատակվում։ Այսօր ադրբեջանական ՀԿ-ները, պետության ղեկավարի հանձնարարությանը համապատասխան, պետք է ավելի ակտիվորեն զբաղվեն Արեւմտյան Ադրբեջանի վերաբերյալ նոր գիտական ու կրթական աշխատանքներով»։

Ադրբեջանի քարտեզագիրների միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովն էլ տեղեկացրել է, որ անցած երկու տարում իրենք արդեն իսկ հրապարակել են «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ երկու քարտեզագրական աշխատանք։ «Մեծ պահանջարկ ունի հատկապես «Զանգեզուրի միջանցք» քարտեզը, որը վերջերս հրատարակեցինք ադրբեջաներեն եւ անգլերեն։ Այդ աշխատանքներում անպայմանորեն ներառված են մեր ազգային տեղանունները։ Պատմական ճշմարտությունը չի կարելի ժխտել», – ասել է նա։

Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Մուշֆիգ Ալասգարլին էլ պնդել է՝ պատրաստ են աշխատել նախագահականից տրված հանձնարարականի համաձայն. «Ժամանակի ընթացքում հայերը փորձել են ջնջել ադրբեջանցիների հետքերը այդ հողից: Այժմ մեր ազգային գիտակցության մեջ այս հիշողությունը վերակենդանացնելու համար լրատվամիջոցները եւ քաղաքացիական հասարակությունը պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել եւ ինչպես պետք է գործենք պետության կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան»: Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Չափար-Ազգային ժառանգության» հետազոտական կենտրոնի նախագահ Դիլգամ Ահմեդը, նշել է. «Արեւմտյան Ադրբեջանի» թեման ոչ միայն պատմական արդարության վերականգնման մասին է, այլեւ էթնիկ զտումների բացահայտման»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, համաժողով էր կազմակերպվել Բրյուսելում, որտեղ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին պնդել էր՝ «արեւմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված եւ աստիճանաբար տեղահանվել են «իրենց պատմական հողերից»։

Այսինքն, ակնհայտ է, որ Ադրբեջանում ոչ միայն չեն հրաժարվում, այլեւ նոր ծավալ են ստանում «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայով քննարկումները։

Նույն համաժողովի ժամանակ, մասնավորապես, «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիեւան հայտնել է, որ այս տարի պետական բյուջեից ռեկորդային շատ՝ 51 նախագիծ է ֆինանսավորվել, եւ հաջորդ՝ 2026-ին էլ այս թեման կլինի կառավարության դրամաշնորհային մրցույթների առաջնահերթությունների շարքում։ «Նախապատվությունը կտրվի Արեւմտյան Ադրբեջանի վերաբերյալ արտասահմանում համաժողովներ կազմակերպելու, միջազգային ՀԿ-ների հետ համատեղ զեկույցների պատրաստման եւ տարածման նախաձեռնություններին», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան, մանրամասնելով՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում այս նախագծերի շրջանակներում ադրբեջանական ՀԿ-ները անցկացրել են մոտ 50 համաժողով, հրատարակել են 25 գիրք, պատրաստել 11 վավերագրական ֆիլմ եւ 21 տեսանյութ։

Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնական Բաքվի կողմից հստակ մշակված պետական ծրագիր` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այս վիճակում Հայաստանի իշխանությունների միակ ասելիքը հետեւյալն է` պատմության մեջ խորանալու փոխարեն անհրաժեշտ է հենվել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների վրա եւ գոհ լինել այն հանգամանքից, որ ադրբեջանցիները ուզում են վերադառնալ Հայաստան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներո՞վ»…

Չէ՞ որ Ադրբեջանից, պաշտոնական մակարդակով հստակ ներկայացվում է հստակ գործողությունների ծրագիր:

Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, անցյալ շաբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ APA գործակալությանը տված հարցազրույցում։ «Ղազախի շրջանի երեք գյուղերի եւ Նախիջեւանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», ասել է նա, հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ադրբեջանցի պաշտոնյան միաժամանակ «մեծ դիվանագիտական հաջողություն» է որակել` «Ղազախի շրջանի Բաղանիս Այրիմ, Աշագի Ասկիպարա, Խեյրիմլի եւ Գիզիլհաջիլի գյուղերի» անցյալ տարվա վերադարձը Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ չորս գյուղերի վերադարձից ու Տավուշ-Ղազախ հատվածում անցած տարի տեղի ունեցած մոտ 12 կմ-ի սահմանազատումից հետո՝ մինչ օրս գործընթացն առաջ չի շարժվել։ 2024թ. գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու Ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարեսկզբին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որեւէ գործնական աշխատանք չի կատարվել:

Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը սեպտեմբերին հանդիպեցին: Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել էին, որ Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում է հանդիպումը եղել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է ոչ թե Տավուշից, ինչպես նախապես հայտարարել են, այլ Սյունիքից: Այս հարցին ուղիղ չեն արձագանքել, ասել են, թե քննարկումներ են ընթանում:

Ադրբեջանից երբեմն էլ փորձում են «մեղմություն» հաղորդել իրենց պահանջներին, որպեսզի Հայաստանի հասարակության շրջանում խուճապային տրամադրություններ չառաջանան:

Նույն Հաջիզադեն պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ, եւ միայն տարածաշրջանում տնտեսական կապերի ինտեգրման նպատակ ունի: Նա ընդգծել էր, թե այն ամրագրված է նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում. «Համատեղ հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակներում Ադրբեջանի մայրցամաքային մասի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը»: Նրա խոսքով՝ Բաքուն հետաքրքրված է այս միջանցքի շուտափույթ բացմամբ, եւ իր սկզբունքային դիրքորոշումը փոխանցել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերին։

Սրա հետ միասին` ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել էր Բաքվի դիրքորոշումը «միջանցքի» թեմայով. «Արեւելյան Զանգեզուրի շրջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է եւ հիմնված է իրավական հիմքերի եւ տարածաշրջանային համագործակցության շահերի վրա»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ընդգծել էր՝ «2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արեւմտյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ անխոչընդոտ տեղաշարժը»։

Առավել քան հստակ է, Ադրբեջանը նպատակադրված առաջ է ընթանում` մշակված պլանով: Հայաստանի իշխանությունների ծրագիրը, մինչդեռ, ամեն գնով խաղաղության հաստատումն է` առանց պետության ինքնապաշտպանությունն ամրացնելու գծի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 12.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test