ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Հուլիսին էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն է տրվել դադարեցնել ՀԷՑ–ի լիցենզիան.
Sputnik Արմենիային ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը` մեկնաբանելով ՀԾԿՀ–ի նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում ներառված նախագիծը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին։
Խոսելով որոշումն ընդունվելու դեպքում հետագա հնարավոր իրավական գործընթացների մասին` Թավադյանը նշեց, որ, եթե լիցենզիան դադարեցվում է, առաջին տարբերակն այն է, որ կառավարությունն առաջարկում է բաժնետիրոջը իրեն վաճառել բաժնետոմսերը, գույքը կամ այլ գույքային համալիրը, որն ապահովում այդ ամբողջ գործունեությունը։ Ընդ որում, այս գործընթացի ամբողջ ժամանակահատվածում պետական կառավարչի լիազորությունները շարունակվում են։ Եթե սեփականատերը կամ բաժնետերը չի համաձայնում վաճառել, ապա կառավարությունը կարող է այստեղ կիրառել Սահմանադրության 67-րդ հոդվածը, որով նախատեսվում է հարկադիր կարգով օտարել սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով։
Այդուհանդերձ, այս տարբերակներից ցանկացածի դեպքում, ՀԷՑ–ի օտարումը կամ պետականացումը հեշտ և արագ գործընթաց չի լինելու։ Իրավաբանը հիշեցնում է, որ հանձնաժողովի որոշումը վարչական ակտ է, և բաժնետերը կարող է այն բողոքարկել, և դատարանին միջնորդել մինչ վերջնական վճռի կայացումը կասեցնել որոշման կատարումը։
«Եթե վարչական ակտի կատարումը կասեցվի, ապա օտարման գործընթացը, բնականաբար, նույնպես կկասեցվի։ Հակառակ դեպքում կգնան հանրության գերակա շահերի ընթացքում օտարման տրամաբանությամբ, որը օրենսդրական էլի բավականին բարդ գործընթաց է և կրկին արագ չի լինելու»,– նշում է մեր զրուցակիցը։
Այս որոշումն արդեն կարող է բողոքարկել կառավարությունը։ Եվ, եթե ստանա դատարանի իրեն ձեռնտու որոշում, կմեկնարկի օտարման գործընթացը։ Նախ գույքի գնահատում տեղի կունենա, և կառավարությունը կկարողողանա գույքը ձեռք բերել։
«Եթե վարչապետը հայտարարում է, որ բաժնետոմսերը կամ գույքային համալիրը ՀՀ–ին վերադարձնելուց հետո հնարավոր է այն հանձնի այլ մասնավոր օպերատորի, ստացվում է, որ այստեղ խնդիրը ոչ թե պետության վերահսկողության ավելացումը կամ տնտեսական գործընթացների նկատմամբ պետության ազդեցության ավելացումն է, այլ գույքի վերաբաշխունը։ Եթե մենք խոսում ենք հանրային գերակա շահի մասին, ապա այս դեպքում այդ շահը չի հետապնդվում»,– նկատում է Թավադյանը։
Չբացառելով, որ ՀՀ էներգետիկ ոլորտում առկա են խնդիրներ, Արսեն Թավադյանն, այդուհանդերձ, մի շարք ակներև խնդիրներ է վեր հանում։
«Ինչո՞ւ իրավական նույն մոտեցումը չի ցուցաբերվում հանրային այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ, ինչո՞ւ նմանատիպ օրենք ընդունվեց միայն ՀԷՑ–ի նկատմամբ, և ոչ նաև`ջրամատակարարող կամ գազամատակարարող ընկերության նկատմամբ։ 2-րդ` եթե մենք խոսում ենք այնպիսի կարգավորման մասին, որ պետությունը պետք է ղեկավարի էներգետիկայի ոլորտը, ապա առանց սեփականության իրավունքի չեղարկման էլ այդ հնարավորությունը կա։ Հենց Հանրային ծառայությունները կարգավորող օրենսդրությունը բավականին լայն հնարավորություններ է տալիս սրա համար»,- ասում է մասնագետը։
Հիշեցնենք, որ հուլիսն «Տաշիր կապիտալ» ընկերությունը դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ, նշանակվել էր հրատապ արբիտրաժ` պարտավորեցնելու ՀՀ–ին ձեռնպահ մնալ էներգետիկայի մասին օրենքում և Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև` ընկերության պետականացմանն ուղղված քայլերից, այդ թվում` ընկերությունում պետական ժամանակավոր կառավարիչ նշանակելուց և այլն։
Ու թեև արբիտրաժը դիմումին դրական ընթացք էր տվել, ՀՀ կառավարությունը շարունակեց իրագործել իր պլանավորած քայլերը։
Արսեն Թավադյանի մեկնաբանամբ` պատճառը առևտրային արբիտրաժների վճիռների կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայով ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթներն են, որոնք հնարավորություն են տալիս չկատարել արբիտրաժային վճիռը, եթե կա հանրային կարգի խնդիր։
«Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ պետությունը` ի դեմս թե՛ արդարադատության նախարարի, թե՛ կառավարության միջազգային իրավական ատյաններում ներկայացուցչի, ասել է, որ մենք հանրային կարգի խնդիր ունենք։ Բնականաբար, դատարանը կարող է հանրային կարգի այդ հակասության հիման վրա արգելել կամ չճանաչել արբիտրաժային վճիռը և չկատարել։ Այդպիսի հնարավորություն նախատեսված է։ Իսկ թե ինչքանով է դա իրավաչափ, սա արդեն այլ հարց է»,– նկատում է իրավաբանը։
Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման
լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը։