Երբ հոգևոր իշխանությունն սկսում է կառավարել պետությունը, բանականությունը լքում է՝ իր տեղը զիջելով անառարկելի դավանությանն ու մոլեռանդությանը: Ի․Կանտ»:
Հեշտ է իշխել հասարակությանը սին պատրանքներով, նաև հավատամքով՝ պոռոտախոսելով նրա ցնորական արմատների մասին, գրգռելով օխլոսի բարձր ծագման զառանցանքը։ Հեշտ է, բայց անհեռանկար։
Ցանկացած կրոնական հաստատություն, դարեր ի վեր հավակնելով ստանձնել բարոյական ուղեցույցի դերը, իրականում հանդիսացել է զարգացման արգելակ և երկերեսանիության աղբյուր։ Չխորշելով ոչնչից՝ նենգ և զազրելի մեթոդներով նվաճում են իշխանությունը, և ինչպես Վոլտերն է ասել, կործանում են ոչ միայն պետությունը, այլև կրոնը։ Նենգափոխությունը իշխելու գործիքակազմի բաղադրիչներից առավել հաճախ կիրառվողն է, ինչը հատկանշական է կղերականությանը՝ իր մոլագար պոռթկումներում հաստատել կվազի կրոնապետություն։
Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ճոռոմաբանում է մեր հնամյա պատմության մասին, սակայն իրականում ունի խիստ վերացական պատկերացում դրա վերաբերյալ։ Դիցուք՝ զմայլվում են գեղապատկեր բնությամբ, բայց համատարած այն աղտոտում են: Պարծենում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց կրկին չտեսնելու ենք տալիս պաթոլոգիկ բարքերն ու մեղսական վարքը, որոնք տիրում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, առավել վերնախավի շրջանակներում, ինչը հարիր է մռայլ ու խավար միջնադարին, դիցուք՝ Ալեքսանդր VI-րդ Բորջիաին։
Ցանկացած կրոնապետություն, գալով իշխանության, սկսում է պարտադրել և հասարակության պարանոցին փաթաթել իր սեփական վախերը, պրոյեկտել սեփական թերությունները և մեղքերը: Լավագույն հաստատումներից մեկը Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն են. «Քաղաքականության և կրոնի սերումը միշտ հանգեցնում է բարբարոսության»։
Դարավոր Հայաստանի պատմության մեջ կրոնական կառույցների քաղաքական ազդեցությունը դարձել է պետականության թուլացման պատճառ։ Իշխանությունում հայտնվեցին հոգևոր առաջնորդներ, որոնց միջամտությունը աշխարհիկ կառավարման ոլորտին հանգեցրեց ներքին պառակտման և բախումների, իշխանական տների միջև պայքարի և արտաքին ուժերի ազդեցության աճի։ Հին ավանդույթների կտրուկ վերացումը, ինչպես նաև եկեղեցու և արքունիքի միջև ձգվող հակասությունները աստիճանաբար խարխլեցին պետական համակարգը, ինչի հետևանքով Հայաստանը ավելի խոցելի դարձավ։ Այս գործընթացը, մի քանի դար շարունակվելով, ի վերջո նպաստեց Հայոց պետականության կործանմանը։
․․․13-րդ դարի սկզբից հայերի և վրացիների միջև սկսվեցին կրոնական անհաշտություններ անհեթեթ պատճառաբանությամբ․ ինչպե՞ս աղոթել, ինչպե՞ս խաչակնքվել՝ առ ձա՞խ, թե՞ առ աջ։
Վրացական եկեղեցում կար շարժական վրան-եկեղեցի՝ իր խորանով, որտեղ մինչ մարտի սկիզբը վրաց զինվորների համար զինվորական հոգևորականը պատարագ էր մատուցում, և վրաց զինվորը, հաղորդություն ստացած, ոգեշնչված, անմնացորդ մարտնչում էր, իսկ զոհվելիս խորանի առջև պատարագով հուղարկավորում էին, ինչպես վայել է քրիստոնյա մարդուն։ ՀԱԵ-ում չկար նման շարժական եկեղեցի-վրան, և հայ զինվորը առանց հաղորդության էր մարտադաշտ գնում։ Նա զոհվում էր ոչ միայն հանուն պետականության, այլև հանուն քրիստոնեության, բայց թաղվում էր որպես անհավատ։
Պառակտման հերթական պատճառներից մեկն էլ «ծռազատիկն» էր, ինչը տոմարագիտական մեթոդոլոգիաների խնդիր էր, սակայն այն կշռելի պատճառ դարձավ միմյանց աղանդավորության համար մեղադրելու համար, ինչն էլ սկիզբ դրեց բազմաթիվ սպանությունների ալիքներին, հայկական եկեղեցիներ այրվեցին, արգելվեցին, փակվեցին և այլն։ Նման պառակտվածությունը պատճառ դարձավ 180-հազարանոց հայ-վրացական համատեղ զորքերի ջախջախիչ պարտությանը հարավից Հայաստան ներթափանցած 20-հազարանոց մոնղոլական զորքին։
Էլ ավելի ցցուն օրինակ է, երբ 1225թ.-ին մոնղոլներից հալածված և ներկայիս Ուզբեկստանի տարածքից ճողոպրած Խորեզմի սուլթան Ջելալ ադ Դինը իր 60-հազարանոց զորքով հարձակվում է Հայաստանի վրա։ Գառնու մոտակայքում նրան կրկին պետք է դիմադրեր հայ-վրացական համատեղ զորքը՝ շուրջ 120 հազար զինվորով Իվանե Ա Զաքարյանի հրամանատարությամբ։ Մարտի սկզբում՝ վայրկյաններ անց, հայ իշխանները նենգաբար հրաժարվում են մարտնչելուց և հեռանում են մարտադաշտից իրենց զորքերով, քանի որ Իվանե Ա-ն տարիներ առաջ դառնում է քաղկեդոնական քրիստոնեության հետևորդ։ Հետևանքը պարզ է․ Ջելալ ադ Դինը ջախջախում է մնացյալ զորքերին և Անիից ու Դվինից սկսած Թիֆլիսով ավարտած գրավում: Եվ երբ 1236 թվականին սկսվեց մոնղոլական հիմնական արշավանքը, այդ ժամանակվա Հայաստանում այլևս չկար որևէ իրական ուժ, որը կարող էր դիմադրել մոնղոլական զորքին։
Այսպիսով, հոգևորականների երկպառակություն և անհանդուրժողականություն սերմանելը, խավարամիտ և բովանդակազուրկ գժտություններ առաջացնելը կարող են մաշեցնել մեր անկախությունն ու սուվերենությունը:
Ա. Ալավերդյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test