Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքական «փափուկ ուժը» գործողության մեջ aravot.am aravot.am

time
Թուրքական «փափուկ ուժը» գործողության մեջ

Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հանդեպ պահանջների շարանից չի հրաժարվելու ու չի հրաժարվում

Որքան էլ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ գրանցելու լավատեսություն ունեն, պաշտոնական Անկարան ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այժմ էլ շարունակվում է կապված մնալ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման հետ:

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Ադրբեջան` «մասնակցելու հաղթանակի օրվան նվիրված Բաքվում կայանալիք միջոցառմանը»։ Բաքվում այդ օրը «տոնական միջոցառումներ» էին. «Հաղթանակի շքերթ» անցկացվեց։

«Ներկայումս մենք գոհ ենք այն առաջընթացից, որը սիրելի Ադրբեջանը գրանցել է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս», զորահանդեսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահը։ Նա շեշտեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բացառիկ հարաբերություններն օրեցօր շարունակում են ամրապնդվել հատուկ եւ ռազմավարական նախագծերի միջոցով։

Ուշագրավ էր Թուրքիայի նախագահի կողմից մեկ այլ արձանագրում, որը նա արեց արդեն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցերին ի պատասխան` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում են Բաքվի հետ համաժամանակյա: Էրդողանն ընդգծել էր, որ գոհ է ներկայիս զարգացումներից. «Հաղթանակից հետո քամիներ են փչում: Եվ Թուրքիան գոհ է դրանից: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», ասել է Էրդողանը: Խոսելով խաղաղության գործընթացից՝ Թուրքիայի նախագահը նկատել է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատեւ խաղաղության եւ անվտանգության համար»:

Հայաստանի իշխանությունները փորձե՞լ են պարզել, թե Անկարայի ակնկալիքները Բաքվի հետ «համաժամանակյա եղանակով»` ի՞նչ են ենթադրում:

Երեք տասնամյակից ավելի Հայաստանի նկատմամբ իրականացնելով թշնամական գործողություն, մեր երկիրը շրջափակման մեջ պահելով, մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը Անկարայի ակնկալիքը «ԼՂ-ի չլուծված խնդիրն էր»: Բայց ըստ Էրդողանի ու Ալիեւի, նրանք ուս-ուսի տված «լուծել» են այդ խնդիրը` արցախահայության տեղահանման միջոցով:

Հետեւաբար, հիմա ինչի՞ն է սպասում Էրդողանը…

Հարցն, իհարկե, հռետորական է, բոլորը դրա պատասխանը գիտեն: Սակայն Հայաստանի իշխանությունների համար Անկարայի պահվածը նույնպես խոչընդոտ չէ:

Մեկ ամիս առաջ նույն Էրդողանը շեշտեց, որ Թուրքիան Հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»։

Անկարան ու Բաքուն լուծել են նաեւ Ռուսաստանի հարցը, այժմ Թուրքիան մեր տարածաշրջանում հիմնական դերակատարի, Ռուսաստանին փոխարինելու հետեւողական քաղաքական գիծ է տանում:

Հետեւաբար, Թուրքիայից հստակ շեշտում են նաեւ, որ հայ-թուրքական կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն. այս մասին սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Էրդողանը ազդարարեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից:

Այսինքն, «նախատեսված» է, որ պաշտոնական Երեւանը պետք է կատարի Անկարա-Բաքու տանդեմի բոլոր պահանջները, որոնք էլ իրականացվում են:

Իսկ մինչեւ բոլոր պահանջների կատարումը` Ադրբեջանը կարող է թույլ տալ գնացքներն իր տարածքով անցնեն-հասնեն Հայաստան, որպեսզի աշխարհին ցույց տան, թե որքան մոտ է «խաղաղությունը»:

Անկարայից էլ օրերս անգամ կանխատեսեցին, թե կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է ընդգծել, որ եռակողմ հանդիպման անցկացումը կախված է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումից. «Մենք հաճախակի հանդիպում ենք Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւի հետ: Մենք նաեւ հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ: Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Եթե համաձայնություն տրվի, մենք լիովին պատրաստ ենք դրան, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»:

Թուրք նախարարը չի մոռացել նաեւ նշել, որ «Զանգեզուրի միջանցքի նախապատրաստական աշխատանքները գտնվում են բարձր մակարդակում, եւ Ադրբեջանի հետ իրականացվել է լայնածավալ համակարգված աշխատանք»։

Սա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենի հանդիպումից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը հասցեագրված է՝ շեշտելով, որ այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն այլեւս չի տեսնում: «Այդ թեման այլեւս արդիական չէ։ Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով ու ամենահեղինակավոր միջազգային հարթակներում եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետեւաբար. այդ հարցը, գոնե ինձ համար, արդեն չկա», ասել էր Փաշինյանը:

Թուրքական «փափուկ ուժն», այսպիսով, գործողության մեջ է: Քանի որ Հայաստան-Ադրբեջան խնդրի շուրջ ստեղծված է «խաղաղասիրական» մթնոլորտ` օգոստոսին վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո, իհարկե, Անկարան ու Բաքուն Հայաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն, գոնե մինչեւ Թրամփի իշխանավարման ավարտը, հազիվ թե որդեգրեն: Սակայն, պարզ է նաեւ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հանդեպ պահանջների շարանից չի հրաժարվելու ու չի հրաժարվում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 11.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test