ԱՄՆ փոխնախագահ Վենսը և պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ: Վերջինս Միացյալ Նահանգներ է ուղևորվել, որպեսզի բանակցի Գազայում «միջազգային կայունացնող ուժերին» Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության հարցը: «Անադոլուն» ավելի վաղ, հղում անելով պաշտպանության նախարարությանը, գրել է, որ Անկարան պատրաստ է վաղտ ևեթ իր զորախումբն ուղարկել Գազա՝ ինքնուրույն կազմակերպելով զինծառայողների կեցության և թիկունքային ապահովության հետ կապված բոլոր անհրաժեշտ ծառայությունները:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Գազայում թուրքական ներկայությունը սահմանել է կարմիր գիծ, որ երեբեք և ոչ մի պայմանով չի հատվի: Նա, ընդսմին, մերժում է նաև Գազայում վերականգնողական աշխատանքներին թուրքական ընկերությունների «ոչ միայն կոմերցիոն, այլև հումանիտար մասնակցությունը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնացրել է, որ սնունդով, դողորայքով, հիգիենիկ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով «ավելի քան վեց հարյուր թուրքական բեռնատարների դեպի Գազա մուտքը շարունակում է փակ մնալ»:
ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ Թուրքիայի արտգործնախարարի բանակցություններից հետո պետական դեպարտամենտը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի ամերիկյան կողմը Թուրքիային և ՆԱՏՕ-ի անդամ մյուս բոլոր երկրներին կոչ է արել «լիովին դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը»: Bloomberg-ի տեղեկություններով՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո Թուրքիան ռուսական է ներգակիների ներմուծման ծավալներով «ներկայումս երրորդն է»:
Ավելի վաղ Բաքվի մամուլը տեղեկություն է տարածել, որ Socar պետական նավթագազային ընկերությանը պատկանող՝ Թուրքիայում գործող STAR նավթավերամշակման գործարանը «դեկտեմբեր ամսվա գնումների համար Ռուսաստանի «Լուկօյլ» և «Ռոսնևթ» ընկերությունների հետ պայմանագիր չի ստորագրել»: Ըստ տեղեկությունների, նավթամշակման այդ գործարանը, որի արտադրանքն ուղղակի առաքվում է Եվրամիության երկրներ, մտադիր է «նավթահումք գնել Իրաքից»:
Որքանով հասկացվում է, Միացյալ Նահանգները Գազայում Թուրքիայի ներգրավվածության հավանականությունը կապում են ռուսաստանյան էներգակիրների ներմուծումից Անկարայի հրաժարվելու հետ: Թուրքիան Ռուսաստանից նաև բնական գազ է ներմուծում: Այդ նախագիծը տնտեսականից առավել քաղաքական նշանակություն ունի: Բանն այն է, որ Թուրքիայի տարածքով է անցնում այսպես կոչված «Հարավային գազային միջանցքը», որ ֆորմալ առումով ԵՄ-ին ադրբեջանական գազ է մատակարարում: Բազմաթիվ փորձագետներ, սակայն, վստահաբար պնդում են, որ Թուրքիան «փաստացի Եվրամիությանը ռուսական գազ է մատակարարում»:
Խնդիրն այնքան լուրջ է, որ Եվրահանձնաժողովը հարկադրված է եղել պաշտոնապես հերքել այդ տեղեկությունը և հավաստիացնել, որ «Հարավային գազային միջանցքի» խողովակաշարում «միայն ադրբեջանական գազ կա»: Բրյուսելում, սակայն, չեն մեկնաբանել փաստը, թե ԵՄ-ին գազ մատակարարող Ադրբեջանն ինչո՞ւ տարեկան շուրջ երկու միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Ռուսաստանից: ԱՄՆ-ը կարող է նաև Ադրբեջանի նկատմամբ կիրառել Ռուսաստանից էներգակիրներ ներմուծելու սահմանափակումը: Այդ դեպքում Բաքվի նավթավերամշակման և Սումգայիթի քիմիական արտադրության գործարանները հումքի խիստ կարիք կունենան: Թուրքիան կհետևի՞ ԱՄՆ հորդորին: Դա քաղաքական լուրջ հետևանքներ կթողնի ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Մյուս կողմից Թուրքիան ձգտում է ԱՄՆ հետ ռազմական և տեխնոլոգիական համագործակցության խորացման:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test