Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քայլերթի երրորդ օրվանից սկսած՝ արդեն «գրեֆներ» էինք ստանում և՛ բնամթերքով, և՛ փողով․ Հովիկ Աղազարյան․ «Երկրի իրական կողմը» hraparak.am hraparak.am

time
Քայլերթի երրորդ օրվանից սկսած՝ արդեն «գրեֆներ» էինք ստանում և՛ բնամթերքով, և՛ փողով․ Հովիկ Աղազարյան․ «Երկրի իրական կողմը»

Օրերս ԱԺ պատգամավոր, ՔՊ նախկին անդամ Հովիկ Աղազարյանի գրքի շնորհանդեսն էր։ Նա իր գիրքը Նիկոլ Փաշինյանի գրքի հանգույն վերնագրել է «Երկրի իրական կողմը»։ Գրքի բովանդակությունը հեղինակը բաժանել է գլուխների, որտեղ նկարագրել է իր կյանքի տարբեր դրվագներ։ Նաեւ այն, թե ինչպես հայտնվել Քաղպայմանագիր կուսակցությունում, ինչպես դարձավ պատգամավոր, ապա ինչ հանգամանքների պատճառով հեռացվեց կուսակցությունից եւ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում»։ Եթե որեւէ այլ ապացույց հետագայում իրավապահները չկարողանան ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիներին կատարած օրինազանցությունների մասին, Հովիկ Աղազարյանի գիրքը բավական է, որ նրան դատեն իշխանազանցության, սահմանադրական կարգը տապալելու եւ բազում այլ մեղադրանքներով։ Մենք մի քանի հատված կհրապարակենք այս գրքից, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվել այս տարիներին իշխանության մեջ եւ ՔՊ խոհանոցում։

2018 թվականի հունվարի վերջերն էր՝ ես Վարչության չատում գրառում կատարեցի, որի էությունը կայանում էր նրանում, որ Սերժ Սարգսյանը, անկախ իր բոլոր հայտարարություններից, պատրաստվում է երրորդ անգամ մնալ իշխանության ղեկին։ Գործընկերներս սկզբում լուռ էին, հետո կամաց-կամաց համաձայնեցին ինձ հետ։ Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը «թիմի ճնշման տակ» պետք է «տեղի տար» ու նախագահական ժամկետի ավարտից անմիջապես հետո ընտրվեր Վարչապետ Ազգային Ժողովի կողմից։

․․․ Դե՛, նախագահական ժամկետն ավարտվում էր, և հետևաբար, ըստ նոր Սահմանադրության, Ազգային Ժողովը պետք է ընտրեր Հանրապետության նախագահ։ «Ելք» դաշինքնի խմբակցությունը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, որպես նախագահի թեկնածու՝ առաջադրեց Արտակ Զեյնալյանին։ Շատ լավ թեկնածու էր՝ այդ իմաստով խնդիր չկար։ Խնդիրը ուրիշ տեղ էր․ ինստիտուցիոնալիզմի ոտնահարման, որովհետև այդ հարցը անպայման պետք է քննարկվեր Վարչությունում։ Թեկուզ և Ազգային Ժողովն էր ընտրում նախագահին, այնուամենայնիվ հարցն ուներ հասարակական հնչեղություն, և Վարչությունում չքննարկելն անհասկանալի էր, առավել ևս, որ որևէ հրատապություն չկար։ Դա իմ կարծիքն էր, մի գուցե սխալ, բայց տեսակետ էր։

Առաջիկա Վարչության նիստին, երբ պետք է հաստատվեր օրակարգը, ես ձայն խնդրեցի՝ օրակարգի վերաբերյալ առաջարկություն անելու նպատակով։ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը սիրով ինձ հնարավորություն տվեց։

․․․ Հույսով եմ իմ որոշ դրվագային հիշողությունները չեն դիտարկվի որպես «սլիվ», գոնե ժամանակավրեպության իմաստով։ Բոլոր դեպքերում կաշխատեմ լինել նրբանկատ՝ ավելորդություններ թույլ չտալու համար։ Մյուս կողմից, չեմ կարող որոշ բնութագրիչ բաներ չհիշել, հակառակ դեպքում ամբողջական խոսքս թերի կլինի և անհասկանալի։ Հա՛, «սլիվի» մասին մի երկու խոսք։ «Սլիվ», որպես այդպիսին մեր խմբակցությունում երբեք չի եղել։ Խեղաթյուրված (հստակ նպատակով) մեկ-երկու արտահոսք երևի, երևի եղած լինի, այն էլ խմբակցության ղեկավարության կողմից։ Ինչը արվել է հաշվարկված և կոնկրետ նպատակով։ Ինչպե՞ս է մամուլում «հայտնվում» այս կամ այն «սլիվը»՝ նույնն է, թե արտահոսքը։ Շատ պարզ բացատրություն ունի այդ հանգամանքը։

Գոյություն ունեն բազմաթիվ լրատվական միջոցներ, որոնց, առնվազն, ղեկավարները շատ լավ պատրաստված պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի ընթացքում հարյուրավոր պատգամավորներ են եկել-գնացել, իսկ իրենք մնացել են։ Այդ պրոֆեսիոնալները, հաստատ, ավելի վատ չեն պատկերացնում ընթացիկ քաղաքական օրակարգում եղած հարցերի էությունը, դրանց ծագումնաբանությունը, զարգացման տենդեցները և այլն, քան միջին վիճակագրական պատգամավորը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ՝ լրագրողները տևական շփումների արդյունքում, շատ լավ ճանաչում են պատգամավորներին, գիտեն նրանց հետաքրքրությունների ոլորտը, տեղյակ են այն հարցերի շրջանակներից, որոնց հիմնականում, առնչվում է տվյալ պատգամավորը։ Նաև տիրապետում են լիքը ուրիշ մասնագիտական հնարքների, որոնց պատգամավորները տեղյակ չեն։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Ընդամենը լրագրողը պետք է տեղյակ լինի, օրինակ, խմբակցության նիստի օրակարգից և վերջ։ Այստեղ էլ ամեն ինչ նորմալ է, որպես կանոն խմբակցության ղեկավարը հանրությանը սեղմ ներկայացնում է խմբակցությունում քննարկված հարցերի էությունը։ Ու ի՞նչ մնաց անելու «սենսացիան» հրապարակելու համար՝ ոչինչ։ Լրագրողը թիրախային կարգով պատգամավորներից տեղեկատվություն է «քաղում» և ներկայացնում լրատվական միջոցին։ Տեղի է ունենում վերլուծություն, քիչ թե շատ դեդուկտիվ մտածողությամբ մեկը կարող է մի «ճշմարտանման» բան գրել։ Բազմաթիվ լրատվական միջոցներից մեկ անգամ սրա, մյուս անգամ նրա մոտ է ստացվում «սենսացիոն» հրապարակումը։ Չկա «սլիվ»։ «Սլիվը»՝ որպես բոբո, օգտագործվել է՝ պատգամավորների «ուսապարկիզացիայի» գործընթացն անխափան պահելու համար։

- Ասա՛, Աղազարյան,- Սասունն էր Միքայելյան՝ չեք մոռացել չէ՞։

- Առաջարկում եմ նիստի օրակարգում ընդգրկել Նիկոլ Փաշինյանին՝ որպես «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարի, անվստահություն անելու հարցը,- ասացի ես։

- Ինչի՞ (կարդացեք՝ հնչի՞),- ագրեսիվ կեցվածքով հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը։

- Ընդգրկենք օրակարգում, կասեմ, թե ինչու։

Հիմնավորեցի առաջարկությունս, որը կապված էր Արտակ Զեյնալյանի թեկնածությանը։ Ասացի որ, մինչև թեկնածության առաջադրումը խմբակցության ՔՊ-ական գործընկերները նախ հարցը պետք է քննարկման դնեին Վարչությունում, առավել ևս, որ չկար որևէ հրատապություն։

Հետո խոսեց Նիկոլը՝ շատ ադեկվատ արձագանքելով ոչ թե փորձեց արդարանալ, այլ ասաց, որ այդպես ուղղակի ստացվել է։

- Բոլոր դեպքերում, խնդրում եմ դնել քվեարկության հարցը Վարչության նիտի օրակարգում ընդգրկելու համար,- պնդեցի իմ առաջարկությունը։

- Ես էս հարցը չեմ դնի քվեարկության։

Սուրեն Պապիկյանը դրեց քվեարկության, և բնականաբար, մեկ կողմով հարցը չընդգրկվեց օրակարգ։

Դառը իրականությունն ուրիշ տեղ էր․ Սասունի «անկեղծ» զայրույթը։ Հենց նմանատիպ քայլերը Վազգեն Սարգսյանին դարձրեցին Վազգեն և հետո էլ գլխատեցին պետությունը․ հետևանքների մասին էլ չխոսենք։ Վազգեն Սարգսյանին Վազգեն դարձրեցին նաև այն կրավորական կեցվածքները, որոնց աչքերից հորդում էր՝ «жираф большой, ему видней»։ Իսկ թե որքա՞ն է եղել Սասուն Միքայելյանի դերակատարությունը Վազգեն Սարգսյանին Վազգեն դարձնելու գործընթացում՝ թողնենք Սասուն Միքայելյանի խղճին։

․․․ Շուտով Սերժ Սարգսյանի հետ կապված հարցը մտավ Վարչության նիստի օրակարգ, և ծավալվեց շատ հետաքրքիր քննարկում։ Հնչեցին տարբեր առաջարկություններ, թե ոնց թույլ չտալ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ բռնազավթել իշխանությունը։ Որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է Վարչության հաջորդ նիստին ներկայացներ գործողությունների պլան։

Արդյունքում ընդունվեց արդեն բոլորին հայտնի տարբերակը՝ Գյումրի-Երևան քայլերթ և Երևանում շարունակություն։ Ամբողջ ծրագիրը մշակվեց Մխիթար Հայրապետյանի գաղափարի հիման վրա։

․․․ Քայլերթի 4-րդ, թե 5-րդ օրն էր։ Շատ քիչ մարդ էր գիշերել։ Առավոտյան մեր շարժական վառարանը գործի դրեցինք, և ես անցա աշխարհի լավագույն ուտեստի՝ կարտոֆիլի «պլեճ» պատրաստելու գործընթացին․․․․Էն էլ ասեմ, որ մենք մեր սուղ ֆինանսական միջոցներով պլանավորել էինք մի չորս օր դիմանալ, թե հետո ի՞նչ կլիներ՝ կերևար։ «Главное – ввязаться в бой, а там видно будет»։ Վստահ չեմ, որ ճշգրիտ եմ մեջբերում ռուս զորավար Սուվորովի խոսքերը, բայց իմաստը պարզ է։ Երրորդ օրվանից սկսած՝ արդեն «գրեֆներ» էինք ստանում և՛ բնամթերքով, և՛ փողով։ Հեղափոխություն անելն արդեն դառնում էր, նաև, հաճելի։

․․․ Կարտոֆիլը լվացի, երկար հատվածի երկու կողմերից մի երեք միլիմետր հաստությամբ կտրեցի, դրանից հետո, 7-8 միլիմետր հաստությամբ շերտեր առանձնացրի ու տեղադրեցի տաք վառարանի վրա։ Այնուհետև աղը (այնպայման խոշոր) ցանեցի ճտճտացող հանճարեղության վրա։ Մնացածն արդեն ինքնաշխատ էր, յուրաքանչյուրն իր ձեռքի դանակով տնօրինում էր իր երկու-երեք պլեճ։ Բզբզում էին, շրջում այս ու այն կողմ, աղ ավելացնում, հետո դնում էին ափի մեջ, շուռումուռ տալիս, որ ձեռքերը չվառվեն, հետո, երբ տեսնում էին, որ տաքությունը նորմալ է վայելում էին։

Հինգ հոգով էինք վառարանի չորս բոլորը՝ Արայիկը Հարությունյան, Ռուբենը Ռուբինյան, Տիգրանը Ավինյան, Գարիկը Սարգսյան և ես։ Երիտասարդ, պայծառ մտքով տղերք էին։ Նիկոլը դեռ քնած էր կամ էլ արթուն։ Իր վրանում էր, երևի հետևում էր մեր զրույցին։ Իսկ զրույցի հիմնական թեման այն էր, թե հասնենք Երևան ինչը ոնց է լինելու։

Նիկոլը դուրս եկավ վրանից, մոտեցավ վառարանին, չիմացա թե ում «փայ պլեճը» վերցրեց ու տաք-տաք ուտելով ասաց․

- Զարմանալի մարդիկ եք։ Ասում եմ՝ գնում ենք Երևան՝ իշխանությունը վերցնելու, դուք չգիտեմ ինչից եք խոսում, հալա լավա, գոնե, «պլեճ» եք սարքում։

Արևն արդեն կոնկրետ զգացնել տվեց իրեն։ Նստած ես տաք վառարանի մոտ, առավոտյան շուտ ու զգում ես վառարանի ջերմությունը, բայց մարմնիդ մի հատվածով։ Ազատ տարածության մեջ ջերմությունը ցրվում է շրջապատում, ու մարմնիդ մյուս հատվածը զգում է առավոտյան սառը օդի ցրտությունը։ Իսկ արևն ուրիշ է, առավել ևս՝ Հայաստանի արևը։ Ճիշտ է, մեր գյուղի՝ Սուրենավանի արևին չի հասնի, բայց էլի ուրիշ է։ Ուղղակի զգում ես, թե ո՞նց են ճառագայթները մխրճվում մարմնիդ մեջ և անթիվ-անհամար տաք թելերով ջերմացնում մարմինդ։ Դե ո՞նց չպատրաստվես սխրանքների, մանավանդ Նիկոլի հուսադրող խոսքերից հետո։ Մի փոքր բան կերանք ու պատրաստվեցինք քայլարշավի հերթական էտապին։ Պետք էր առավոտվա հովով ու կյանքի կոչող արևով շատ քայլեինք, որ ցերեկվա շոգին մի երկու ծառ գտնեինք ու մի քանի ժամով պատսպարվեինք շոգից էդ, էդ «անիծյալ» արևի ճառագայթներից, որոնք սողոսկում են մարմնիդ մեջ, ինչպես կարմրած շամփուրներ, ու կարծես ուզում են մարմինդ խորով անել։

Բա որ ասում եմ հետաքրքիր մարդիկ են մարդիկ՝ ո՛չ արևի շոգն են ուզում, ո՛չ էլ դիմանում են առանց արևի։

-Պարո՛ն Աղազարյան, իսկ ո՞նց եք նայում այն հանգամանքին, որ որոշ լրատվականներ թեզ են տարածում , թե ես Սերժի պրոյեկտն եմ։

Չգիտեմ համաձայն էր ինձ հետ, թե ոչ Նիկոլը, բայց հաստատ պատասխանից բավարարված էր։

Արդեն հեղափոխությունը կայացել էր, ես դարձել էի Ազգային Ժողովի պատգամավոր։ (Մանե Թանդիլյանը նշանակվեց նախարար և ես ռեյտինգային համակարգի շնորհիվ մանդատ ստացա)։ Ուսանողական ընկերոջս՝ Վաչոյի ու իմ հերթական հանդիպումն էր։ Տարբեր թեմաներից խոսելուց հետո ծանրացանք հեղափոխության թեմայի վրա։ Ինքը վստահ էր, որ մենք ինչ-որ ուժերի հովանու, ազդեցության տակ ենք եղել։ Ասում եմ Վաչո՛ ջան, ես Վարչության անդամ եմ, ակունքներում կանգնած, ես այդպիսի բան չեմ նկատել, չեմ զգացել․ չէ՞ որ ինչ-որ կերպ քո ասածները պետք է դրսևորվեին։ Չէ՛, որ չէ՛, իր ասածն էր պնդում։ Իսկ այդ օրը շատ մարտական էր տրամադրված, ու թվում էր, թե կոնկրետ ապացույցներ ուներ իր տեսակետը հիմնավորելու։

- Լա՛վ, կասե՞ս աղավնին ինչ է խորհրդանշում,- շատ ոգևորված էր ընկերս։

«Նավսյակի» «հեղափոխական ապի» եզրույթը վերցրեցի չակերտների մեջ, որովհետև Վաչոյի էյֆորիկ վիճակում արտահայտած միտքը լավ չհասկացա։ Կարծես թե ակնարկում էր, որ ես ընդամենը մի կույր գործիք եմ եղել, ով տրվել է դեպքերի ընթացքին և վերջ, և որ կարող էին բաներ տեղի ունեցած լինել, որոնց մասին ես բացարձակ տեղեկություն չունենայի և այլն։ Ինչևէ, Վաչոն այդ ամենը չարությամբ չէր ասում, այլ, ինչ որ տեղ, հոգատարությամբ։ Անկեղծ ասած, ինչպես արդեն ասել եմ, ես դավադրությունների տեսությամբ երբեք չեմ առաջնորդվել և չեմ առաջնորդվում։ Հեղափոխության խարույկը պատրաստ էր, իսկ թե ով կվառեր լուցկին, դա արդեն երկրորդական էր։

․․․․․ Ազնավուրի հրապարակում էինք տեղակայվել, Երևան հասնելուց հետո։ Երկրոդ թե երրորդ օրն էր, մութը նոր էր ընկել, բազմաթիվ վառարանների վրա հեղափոխական ուտեստն էր պատրաստվում՝ «պլեճ»։ Իմիջիալյոց արդեն այդքան էլ համով չէր թվում։ Հիմա լավ չեմ հիշում՝ քայլերթի օրերին համով էր, որովհետև առանձնապես ուտելու բան չկար, թե՞ իսկապես համով էր։ Տո՜, ինչ ես քեզ երևակայում։ Վերջին անգամ ե՞րբ ես «պլեճ» կերել, ա՛յ Վաչոյի «հեղափոխական ապի»։ Բա, որ ասում եմ իշխանությունն այլասերելու հատկություն ունի, ասում եք՝ հա՛, բայց դա մեզ չի վերաբերում՝ մենք ուրիշ ենք։ Բոլորին էլ վերաբերում է։ Օրինակ՝ իմ մոտ այլասերման էլեմենտներ հայտնաբերվել են դեռ իշխանության գալուց անմիջապես առաջ։ Թե բա «պլեճ» էնքան էլ համով չի։ Տո՛, անհամը դու ես, դու ես փոխվել, քյաբաբ ես ուտում, բաստուրմա, ղավուրմա։ Թե չէ կարտոֆիլը նույնն է, կրակը ՝ առավել ևս։ Էս ինչ խորանալ խորացա․․․

․․․ Վերջը, ինձ մոտեցավ 45-50 տարեկան մի տղամարդ՝ աչքերից, պահվածքից երևում էր, որ հատուկ էր մութ ժամանակ եկել։ Ծանոթացանք, խոսեցինք։ Ցանկացավ իր փոքրիկ ֆինանսական աջակցությունն անել հեղափոխությանը։ Այդ գործերով Դավոյան Արփին էր զբաղվում։ Արփին, ով Գյումրիից քայլել էր մինչև Երևան, ում երեսները ճաքճքել էին արևից։ Ես կմոռանա՞մ էդ ճաքճքված տաք երեսները, իհարկե, ո՛չ։ Բա որ իշխանությունն իրեն ավելի արագ այլասերի, քան ինձ։ Այդ ժամանակ կբռնեմ թևից, կշրջեմ դեպի իմ կողմ, կնայեմ աչքերին ու գլուխս կտարուբերեմ։ Իսկ եթե ինձ ավելի շուտ այլասերի, ինքն իմ հետ նույնը կանի։ Մենք գիտենք, որ իշխանությունն այլասերելու հատկություն ունի, և նաև գիտենք ճանապարհներն այդ այլասերման գործընթացը մոտեցնել զրոյին․ վերացնել, կներեք, չենք կարող և աշխարհում ոչ ոք չի կարող։

Անծանոթն իր ավանդը ներդրեց հեղափոխության գործին ու ոնց սուսիկ-փուսիկ եկել էր, նույն կերպ էլ հեռացավ։ Մի երկու օր հետո նորից եկավ՝ երկչոտությունից բան չէր մնացել։

Հաջորդ օրը՝ դեռ հանրահավաքը չսկսած տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ բեմահարթակի հետնամասից աղավնիները ճախրեցին վերև, մի քանի պտույտ կատարեցին երկնքում, կողմնորոշվեցին տարածության մեջ ու ճախրեցին դեպի Մասիս։ Շատ գեղեցիկ տեսարան էր։ Ու ոչ ոք, բառիս բուն իմաստով, ոչ ոք չիմացավ, թե ով էր դա կազմակերպել։

Վա՛յ Վաչո ջան, փաստորեն, քո «հեղափոխական ապին» նաև քաղտեխնոլոգ է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test