Նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ որոշում է կայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խորհրդական աշխատած գեներալը 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում մեղադրվում է իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ:
2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի շուրջ նման զարգացում հնարավոր էր և հենց ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների թեմայով, ենթադրելի էր դեռ 2024թ. մարտից:
2024թ. մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել էր քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:
«Եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ եղել են 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար՝ եղել են 2021թ. նոյեմբերի իրադարձությունները»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը՝ մանրամասնելով նոյեմբերյան մարտերին առնչվող մի շարք դրվագներ:
Այսօր դրանց ամբողջությամբ չենք անդրադառնա, ինչպես նաև՝ Արշակ Կարապետյանի արձագանքին և դրան Փաշինյանի «կոնտրքայլին», երբ իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել էր իր և պաշտպանության նախկին նախարարի վոթսափային զրույցը, ինչը ևս Կարապետյանն անպատասխան չէր թողել։ Կներկայացնենք միայն Սև լճի հետ կապված զարգացումներին առնչվող դրվագները:
Ինչ վերաբերում է 2021թ. մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների հարցում իր պատասխանատվությանը, ապա նա սկզբնական արձագանքում՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան, նշել էր, որ, այո, այդ ժամանակ եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, բայց իր իրավասության շրջանակում հրաման տալու և միջամտելու իրավունք չի ունեցել այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել սահմանին այդ ժամանակ: Միաժամանակ, Արշակ Կարապետյանն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ երկրի ղեկավարն արգելել էր կրակ բացել հակառակորդի վրա:
«Երբ ինձ ընդգրկեցին իր հրամանով, ես հրաման տվեցի կրակ բացել, և դրա արդյունքում ադրբեջանցիները, այդ թվում՝ ռուսների ճնշման տակ, մի քանի կիլոմետր այդ ուղղությունով նահանջեցին և դիրքավորվեցին այնպես, ինչպես մինչև այսօր կար: Եթե ես մեղավորություն ունեի՝ որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, ապա ինչո՞ւ էիր ինձ նշանակում Պաշտպանության նախարար»,- ասել էր նա:
Ի դեպ, Փաշինյանը նույն ասուլիսում Արշակ Կարապետյանին որպես ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու պատճառ՝ նշել էր, թե նրան պաշտոնի նշանակելիս անտեսված չի եղել նրա «հատուկ ու մոտ» հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ:
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ. օգոստոսի 2-ին, իսկ օգոստոսի 3-ին Փաշինյանը նրան ներկայացրել էր ՊՆ անձնակազմին:
Փաշինյանի ներկայացրած պատճառի համատեքստում նշենք, որ արդեն ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021-ի օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելով՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:
Իսկ 2021-ի օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր. «Ունենք լիովին աջակցություն, և կարող եմ ասել` չէ՛ բառ չեմ լսել։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն: Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»:
Բայց չի բացառվում, որ Փաշինյանն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու այլ պատճառներ ևս ունենար, հատկապես, երբ նրան ՊՆ անձնակազմին ներկայացնելիս շեշտել էր. «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից»:
Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն էր և ապաշրջափակումը: Վերջինը, ինչպես նշել էր Փաշինյանը, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:
Իր հերթին՝ Կարապետյանն արձագանքել էր, թե պատկերացնում է ստեղծված իրավիճակը, հասկանում, թե ինչ պայմաններում է ստանձնում պաշտոնը:
«Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»,- ասել էր նա:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն են լսում կամ լսելու:
Իսկ 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինուժը ՀՀ ինքնիշխան տարածք էր մտել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում:
Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական առաջխաղացումների համար 2022 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել գեներալ Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և ոչինչ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր ղեկավարած կորպուսի շնորհիվ ենք պահել Քարվաճառը:
Իհարկե, Արայիկ Հարությունյանն այն գեներալն է, ով փոշմանել էր Փաշինյանի հրաժարականի ԳՇ պահանջի տակ իր ստորագրության համար, ով 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին, իսկ ավելի ուշ իրեն առաջադրված մեղադրանքից հետո չէր ցանկացել խոսել իր և Փաշինյանի զրույցի տեսանյութի մասին:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:
Այսինքն, և՛ Արշակ Կարապետյանին, և՛ Արայիկ Հարությունյանին ադրբեջանական ներխուժումից հետո Փաշինյանը բարձր պաշտոնների է նշանակում, տարիներ հետո դրա համար մեղադրանք առաջադրում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում «խոստովանական ցուցմունք էր տվել»։
«Հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին: Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր՝ լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը:
Ի դեպ, Արտակ Դավթյանը 168.am-ին տված հարցազրույցներից մեկում այս և նոյեմբերյան մարտերի առնչությամբ նշել է.
«Եթե ես չլինեի, այդ առաջխաղացումները կլինեին 5 անգամ ավելի շատ: Դուք մի մոռացեք պատերազմից հետո այդ ժամանակահատվածում մեր ԶՈւ վիճակը և Ադրբեջանի զինված ուժերի վիճակը: Դա՝ առաջին և օբյեկտիվ պատճառ: Երկրորդ, կար սուբյեկտիվ պատճառ՝ քաղաքական որոշումների հարց, թե ինչ քաղաքական խնդիր էր դրել հակառակորդը, և որը իրականացրեց, որը՝ ոչ: Օրինակ, նա նպատակ էր դրել դուրս գալ 15-20 կմ խորության վրա, բայց կարողացել է 1-2 կմ խորանալ, դա ի՞նչ ենք համարում… Չնայած անգամ 1 մետրի օկուպացումը մեր տարածքի՝ անթույլատրելի է: Չմոռանանք, որ մեր ԶՈՒ ստորաբաժանումները, որ այդ բնագիծը պահում էին, դուրս էին եկել Քարվաճառի հատվածից դեկտեմբեր ամսին: Լեռնային այդ շրջանում դեկտեմբերից մինչև ապրիլ, անգամ՝ մայիս, դեռ բավականին շատ ձյուն կար: Այսինքն, այդ ամենը պայմանավորված էր զորքի վիճակով, եղանակային պայմաններով և այլն»:
Այս համատեքստում գեներալ Դավթյանը շեշտել էր, որ մայիսյան առաջխաղացումները տեղի ունեցան Սոթքի հանքից մինչև Խոզնավար՝ «նայեք՝ քանի կիլոմետր ճակատով, ինչ գործողություններ սկսեց հակառակորդը, եղել են հատվածներ, որ առաջ են եկել, եղել են՝ ոչ»:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2021-ի մայիսին, երբ արդեն Ադրբեջանի զինուժը ՀՀ տարածքում էր, Նիկոլ Փաշինյանը՝ Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին, նշել էր․
«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:
Նույն ժամանակահատվածում Փաշինյանը հայտարարել էր. «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:
Վերադառնալով Արշակ Կարապետյանին և Սև լճին առնչվող նրա մեղադրանքին, հիշեցնենք, որ նրան պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեցին 2021թ. նոյեմբերի 15-ին, այն բանից հետո, երբ նա 2021-ի նոյեմբերի 7-ին այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։ Նույն ժամանակում ադրբեջանական կողմն էլ հայտարարել էր Սև լճի հատվածում հայկական դիրք դնելու նրա փորձերի մասին:
«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- հայտնել էին ադրբեջանական ռեսուրսները:
Իսկ Սյունիքից հետո նա մեկնել էր նաև Արցախ:
Ինչ վերաբերում է մայիսին Ադրբեջանի զինուժի առաջխաղացումներին առնչվող քրեական վարույթին, ապա պետք է նախ հասկանալ՝ եթե ԳՇ պետի տեղակալի կարգավիճակում Կարապետյանը զորքին բանավոր դիրքերը թողնելու հրաման է տվել, արդյո՞ք շրջափակման վտանգ է եղել, կամ՝ արդյո՞ք այդ մասին իմացել է այդ ժամանակվա ԳՇ պետը, և այլն:
Մի բան, թերևս, ակնհայտ է՝ անկախ այս հարցերի պատասխանից, Արշակ Կարապետյանի մեղավոր լինել-չլինելուց, Փաշինյանը կարծես թե «5-րդ շարասյան» տրամաբանության մեջ հետապնդումների նոր փուլ է սկսում՝ թիրախավորելով ռուսական կողմնորոշմամբ գեներալներին և զինվորականությանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test