Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հիմնական հարցը` հայերի՞ կողմից ես, թե՞ թուրքերի hraparak.am hraparak.am

time
Հիմնական հարցը` հայերի՞ կողմից ես, թե՞ թուրքերի

Հանրային վստահությունը կորցրած, մերժված եւ հանրային ատելության արժանացած Նիկոլ Փաշինյանն օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, հատկապես՝ իր մերձավոր շրջապատի համար: Նիկոլի սիրտը հաղթանակ է ուզում, ուզում է տեսնել, որ իրենց դեռ հաջողվում է խաբել, վախեցնել, առնել-ծախելով մարդկանցից քվե ստանալ եւ իշխանություն ձեւավորել, թեկուզ՝ քաղաքային: Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ նոյեմբերի 16-ին կայանալիք Էջմիածին համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթի, այլապես սպառնում է «ցեղասպանություն» կազմակերպել. մի քանի տասնյակ պաշտոնյաների աշխատանքից ազատել, քրեական գործերով դատապարտել, ոչնչացնել` տարածքային կառավարման նախարարից սկսած, մարզպետով ու տարբեր պետական հիմնարկների ղեկավարներով վերջացրած: Սրանք էլ չգիտեն ինչ անել. ամենամեծ խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե թեկնածուները: Ում ուզում ես փչացնել, սարքել հասարակության աչքի փուշը, բավարար է ասես, որ ՔՊ է, ՔՊ-ի թեկնածու:

Մի ժամանակ, դեռ այն ժամանակ, երբ մարդիկ չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին կամ ճանաչում էին նրան խոսքով ու ոչ թե գործերով, Փաշինյանը թիմակիցներին ասում էր` ում ուզենամ, պատգամավոր կամ քաղաքապետ կսարքեմ: Հիշում եք, չէ՞, ուսապարկի պատմությունը, երբ հայտարարում էին, որ եթե անգամ Փաշինյանի ուսապարկը լիներ տվյալ անձի փոխարեն, նա էլ պատգամավոր կընտրվեր: Եվ Փաշինյանն այնքան մեծամիտ ու ինքնավստահ էր, որ հասարակությանը բացահայտ ասում էր՝ դուք այնքան հիմար եք, որ պատրաստ եք միայն իմ խոսքով ում ասես պատգամավոր ընտրել: Հիմա տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանին հարցնում են, թե Փաշինյանը մասնակցելո՞ւ է Էջմիածնի ավագանու ընտրությունների քարոզարշավին, սա վախեցած ու խեղճացած ասում է. «Հանրապետության վարչապետն ինքն է որոշում` քարոզարշավին միանա՞, թե՞ ոչ: Եթե նկատել եք, վերջին մի քանի ընտրությունների ժամանակ ինքը քարոզարշավին չի միացել, հետեւաբար, հստակություն չունենք, թե հանրապետության վարչապետը ոնց կորոշի»:

Ի՞նքն է որոշում, թե՞ նրան ուղղակի խնդրում են ոչ մի պարագայում չմասնակցել քարոզարշավին, որովհետեւ վիճակն առանց այն էլ ծանր է, անհուսալի: Եթե Նիկոլ Փաշինյանն էլ միանա քարոզարշավին, դրանից վիճակը կարող է ավելի ողբերգական դառնալ: Վերջին բոլոր ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Վերջին անգամ Փաշինյանը 2023 թվականի սեպտեմբերին է մասնակցել քարոզարշավի՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Դրա արդյունքում ՔՊ-ն ստացավ ընտրողների ընդամենը 9 տոկոսի քվեն, ավելի քիչ, քան նույնիսկ իրենց ունեցած վարչական ռեսուրսն է, որը հիմնականում կենտրոնացած է Երեւանում: ՔՊ-ն գուցե 1-2 տոկոս ավել ստանար, եթե Փաշինյանն անձամբ չմասնակցեր քարոզարշավին, բայց չմասնակցելը եւս խայտառակություն կլիներ:

Լավ, Գյումրու կամ Էջմիածնի ընտրություններին կարող է չմասնակցել` ձեւ անելով, թե շատ զբաղված է Եկեղեցու դեմ պայքարով կամ կեղծ պատարագներ կազմակերպելով, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի՞նչ է անելու, ո՞վ է գնալու քաղաքներ՝ նախընտրական հանդիպումների, կամ` ո՞ւմ են բերելու այդ հանդիպումներին: Ծանոթներիցս մեկը, որն Էջմիածնում մասնակցում է նախընտրական քարոզարշավին եւ արդեն հազարից ավելի տուն է մտել ու նախընտրական ծրագիր բաժանել, ասում է, որ տան դուռը բացելուց հետո երբ իմանում են, որ նախընտրական նպատակով ենք եկել, առաջին բանը, որ հարցնում են, հետեւյալն է. «Հայերի՞ կողմից եք, թե՞ թուրքերի», եւ միայն հավաստիանալով, որ «հայերի» կողմից ենք, թույլ են տալիս տուն մտնել ու խոսել: Խոսակցության հիմնական թեման էլ այն է, թե ինչպես է հնարավոր ազատվել այս թուրքերից: Ու ասում է, որ նման վիճակ է ոչ միայն Էջմիածին քաղաքում, այլեւ գյուղերում: ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի հարազատ՝ Արագած գյուղում էլ է եղել ու վստահեցնում է, որ նույնիսկ այդ գյուղում ՔՊ թեկնածուն չի կարողանալու հաղթել:

Հիմա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը չի կարող պատգամավոր ընտրվել, չնայած կուսակցական պատկանելություն չունի, մասնակից չի եղել ո՛չ Արցախի հանձնմանը, ո՛չ հայրենիքի կործանմանը, ո՛չ սուտ խոստումներ է տվել, ո՛չ էլ թշնամու պահանջով ուրացման գնացել: Բայց միայն այն, որ Նիկոլի ուսին է եղել, բավարար է, որ մարդիկ զզվեն ու մերժեն նրան: Նիկոլական իշխանության վախճանը շատ մոտ է, եւ Էջմիածնում կայանալիք ընտրություններն այդ վախճանի շատ կարեւոր հանգրվանն են լինելու:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test