Եկեղեցու դեմ իր գրոհը ՔՊ-ն մատուցում է որպես պայքար՝ հանուն բարձրաստիճան եկեղեցականների «բարեվարքության»։ Իրականում, դա Եկեղեցու նկատմամբ վերահսկողության, ազգային ինքնության հոգեւոր-մշակութային հիմքերի վերաձեւման ուլտրահեղափոխական ծրագիր է։
ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության, պետությունից անջատ գոյության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային ինքնության պահպանման հաստատության մասին դրույթները (տե՛ս հոդ․ 17 եւ 18)։ Այսինքն՝ ՀԱԵ-ն ճանաչվում է հոգեւոր-մշակութային, բայց ոչ քաղաքական կառույց։ Սակայն ՔՊ-ական վարչախումբն այս օրերին փորձում է քանդել պետություն-եկեղեցի սահմանադրական ներդաշնակության հիմքերը, ճգնում սահմանափակել Եկեղեցու հասարակական ազդեցությունը եւ վերահսկողության տակ առնել հոգեւոր, կրթական, արժեքային ոլորտները, որտեղ Եկեղեցին ավանդաբար ունի զգալի հեղինակություն։ Որքան էլ վարչախումբը կուրծք ծեծի, թե հոգում է կուսակրոնության ուխտի պահպանման մասին, պարզից էլ պարզ է, որ կատարվում է հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությունը կասկածելի ընկալումներով փոխարինելու եւ ինքնության լծակները ՔՊ-ական կուսակցական-պետական մարմիններին հանձնելու փորձ։
Եվրոպական խորհուրդներ ու իրողություններ
Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ կառույցների փաստաթղթերը կրոնական ազատությունների ոլորտում կառուցվում են պետության աշխարհիկության, եկեղեցիների ու կրոնական այլ կազմակերպությունների ինքնավարության սկզբունքների միջեւ հավասարակշռության վրա եւ հարգում են ազգային եկեղեցիների պատմական եւ ներկա դերը։ ՔՊ-ական վարչախումբը հաճախ է անդրադառնում այս փաստաթղթերին՝ որպես սեփական քաղաքական քայլերի հիմնավորում։ Սակայն նրանց վկայակոչումներն ընտրողական են՝ կոնտեքստից կտրված։ ՔՊ-ական աճպարարությամբ եվրոպական կառույցների լեզուն Հայաստանում չի ընկալվում որպես բարեխիղճ սկզբունք, այլ ծառայեցվում է իրենց քաղաքական նպատակների օրինականացմանը։
«Հրապարակ» օրաթերթի ս․թ․ հոկտեմբերի 28-ի, 30-ի, նոյեմբերի 4-ի, 6-ի, 7-ի համարներում լույս տեսած հոդվածներում ներկայացրել եմ Չեռնոգորիայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում պետություն-եկեղեցի հարաբերությունների պատմությունն ու առկա վիճակը, ուստի 1-2 նախադասությամբ համեմատենք նրանց եւ հայերիս անավարտ փորձը։
Չեռնոգորիայում եկեղեցու գործերին պետական միջամտությունը ձեւակերպվեց պատմական ժառանգությունը վերահսկելու եւ գույքային իրավունքների առնչությամբ։ Դա կտրուկ բեւեռացրեց չեռնոգորական հասարակությունը։ Հայաստանում նույն միջամտությունն արվում է կոշտ առճակատման կանոններով եւ իշխանության կողմից փարիսեցիաբար հրամցվում է իբրեւ ազգային եկեղեցին ժողովրդին վերադարձնելու բարի մտադրություն։
Վրաստանում Եկեղեցին՝ անկախ քաղաքական վայրիվերումներից ու իշխանության փոփոխություններից, պահպանեց իր դերը շնորհիվ այն բանի, որ պետական մակարդակով փորձ չարվեց՝ վերաձեւելու վրացական ինքնության հիմքերը։ Հայաստանում, հակառակը, իշխանությունը փորձում է նոր ինքնություն ստեղծել վերեւից եւ Եկեղեցու բարոյազրկմանն ու նրա կառույցների սասանմանը միտված քայլեր է կատարում։
Հեղափոխականների ծրագիրը
44-օրյա պատերազմում պարտությունից հետո հրաշքով վերակենդանացած ՔՊ-ի «պայքարիստ» պարագլուխը Եկեղեցին համարում է իր մենիշխանությունը վիճարկող հաստատություն եւ, թիրախավորելով Վեհափառ հայրապետին ու հոգեւոր դասը, փորձում է ամլացնել Եկեղեցու հեղինակությունն ու հասարակական ներգործությունը ներքաղաքական կյանքում։ Հակաեկեղեցական արշավն ունի նաեւ արտաքին քաղաքական բովանդակություն եւ համահունչ է Հայաստանն ու սփյուռքը միմյանցից օտարելու թուրքական վաղեմի երազանքին։ Քաղաքական գործընթացների առնչությամբ տեսակետ հայտնելու իրավունքից զրկված, մարդկանց մտքերի ու վարքի վրա ազդեցությունը կորցրած, պառակտված, հեղինակազրկված, հայրենիքում հալածվող Եկեղեցուց ավելի հեշտ կլինի կտրել արտասահմանում գործող թեմերը, համազգային կառույցներն ու, առհասարակ, սփյուռքը՝ որպես գործոն։ Հեղափոխական մոլուցքով կուրացած ՔՊ-ն մոտեցնում է ՀԱԵ-ին զուգահեռ կառույց՝ «իրական Հայաստանի եկեղեցի» հիմնելու պահը։
Քանդելը դյուրին է, ստեղծելը՝ դժվար։ Կառավարման բոլոր ուղղություններում ձախողված ու աղետաբեր հեղափոխականները չեն կարող առաջարկել ինքնության արդիականացման ընդունելի մոդել։ Նրանք ունակ են միայն ամայացնելու մեր գոյության հոգեւոր-մշակութային հենքը։ Ըստ ամենայնի, նրանց նպատակը հենց այդպիսի դատարկությունն է, որն իրենք կփորձեն լցնել արտածին ու մերժելի քամիներով։ Դա, ակներեւաբար, ճանապարհ է դեպի հասարակության եւ պետության երկարատեւ ապակայունացում ու կազմաքանդում։
Եկեղեցու թուլացումն ինքնաբերաբար չի ստեղծի նոր ինքնություն։ Եթե ինքներս վերացնենք պատմականորեն մեզանում հաստատված հոգեւոր-մշակութային հավասարակշռությունը, ապա վերականգնման հնար այլեւս չի լինի։ Մի՞թե իշխանության մեջ չեն մնացել մարդիկ, ովքեր ունակ են հասկանալու, որ հոգեւոր-մշակութային ժառանգությանն օտար է խուժանի խեւությունը։
Արա Սահակյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test