Գյումրու ավագանու այսօրվա նիստը, որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորված լինելու պատճառով վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, որը նրա փեսան է, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Ավագանու 33 անդամներից ներկա էին 16-ը․ ՔՊ խմբակցության բոլոր անդամները բացակայում էին, ընդդիմադիր ուժերից ևս մեկը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ « Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը ևս չէր եկել։ Եթե նա ներկա լիներ, ընդդիմադիրների թիվը կդառնար 17-ը, ու նիստը կկարողանային գումարել։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ավագանու անդամները Գյումրիում թվով 19-ն են, Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ավագանու երկու անդամներ՝ Վարդան Ղուկասյանը և վերջերս ավագանու մանդատ ստացած ֆերմեր Տիգրան Ավագյանը կալանավայրում են, հետևաբար և ընդդիմադիրներից մեկ հոգու բացակայությունն անգամ կարող է վճռորոշ լինել ավագանու նիստերի կայանալ-չկայանալու ու իշխանությունը ընդդիմադիրների ձեռքում պահելու առումով։
Եթե երեք ամսում ավագանու նիստեր չկայանան, ավագանին կլուծարվի։
Նիստը վարող Ավետիս Առաքելյանն ընթերցեց արձանագրությունը ու հանդես եկավ հայտարարությամբ։
Նա ասաց, որ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը անձնական խնդիրներ ունի, նա այս մասին տեղյակ է պահել։ Ըստ Ավետիս Առաքելյանի, եթե Նարեկ Միրզոյանի դեպքում ունեն որոշակի տեղեկատվություն, ապա ՔՊ-ականների դեպքում բացակայելու պատճառն անհայտ է, նրանք ողջ կազմով չեն եկել։
«Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրի քաղաքի բնականոն աշխատանքներին և ծրագրերի իրագործմանը։
Մենք այսօր պիտի քննարկեինք 26 հարցեր, որոնց մեջ մտնում էին սուբվենցիոն ծրագրերի հաստատումը, մանկապարտեզների ջեռուցման հարցը, «Կարիտաս» բարեգործական ընկերությանը դրամական միջոցներ տրամադրելու, որ ծերերին ու կարիքավորներին վառելանյութով օժանդակեինք, Ամանորի հետ կապված ծրագիր ունենք, որ պիտի հասցնեինք հաստատել, որ մրցույթները կայանային։ Տարբեր հարցեր կային, որոնք ի շահ գյումրեցիների պիտի ծառայեին։
Ցավում եմ, որ ՔՊ-ն ներկա չի այս պահին, որ քվորումն ապահովեինք ու այս ամենը քննարկեինք, թողնում եմ մեր գյումրեցիների դատին»-, ասաց Ավետիս Առաքելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test