Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետք է նիգերիացի քրիստոնյա՞ լինենք, որ Թրամփին մտահոգի մեր ճակատագիրը hraparak.am hraparak.am

time
Պետք է նիգերիացի քրիստոնյա՞ լինենք, որ Թրամփին մտահոգի մեր ճակատագիրը

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, թե մտադիր է պատերազմ հայտարարել Նիգերիային` քրիստոնյաների դեմ ատելության, սպանդի, խոշտանգումների, հալածանքների պատճառով, որպեսզի «իսլամիստ ահաբեկիչներին լիովին ոչնչացնեն», եւ անգամ Պենտագոնին հրամայել էր պատրաստվել դրան, եթե Արեւմտյան Աֆրիկայի այդ երկիրը չկանխի քրիստոնյաների սպանությունները։ Նիգերիայից վստահեցրին, որ պատրաստ են այդ հարցերը քննարկել Թրամփի վարչակազմի հետ՝ պնդելով, թե ահաբեկիչների թիրախում միայն քրիստոնյաները չեն:

Խաղաղության ջատագով եւ քրիստոնյաների պաշտպան Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ Վաշինգտոնում օգոստոսյան հայտնի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կխնդրի Ադրբեջանին՝ ազատ արձակել Բաքվում պահվող 23 քրիստոնյա հայերին. «Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Դա կարեւոր է»։ Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերն էլ շտապեց արձագանքել, որ դա «մեծ քայլ է իմ հաճախորդի՝ Արցախի նախկին պետնախարար եւ Ադրբեջանի 10 քաղաքական բանտարկյալներից եւ ռազմագերիներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ 23 քրիստոնյաների ցանկում չկան Բակո Սահակյանն ու Արցախի մյուս գործիչները: Պարզ է, որ Փաշինյանը բանակցությունների ժամանակ չի բարձրացնում Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի եւ այլ գերիների հարցը։ 23 հոգու ցուցակը կազմվել է մասնավոր ամերիկացու նախաձեռնությամբ, Փաշինյանի համար ընդհանրապես անսպասելի էր այս ցուցակի մասին հիշատակումը. Նրա ժեստերը եւ արձագանքը դրա վառ ապացույցն էին։

Այս թեման կրկին բարձրացավ անցած շաբաթ, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 7 ժամանոց հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարներն այլ ելք չունեին` կա՛մ պետք է փախչեին, գային Հայաստան` դրանով իսկ վարկաբեկելով իրենց, կա՛մ գնային ինքնազոհողության, նրանք ընտրեցին երկրորդ ճանապարհը` սպասելով այնքան, մինչեւ մարդկանց ճնշող մեծամասնությունն անցավ անցակետով. «Կար տարբերակ, որ նրանց էլ օդային ճանապարհով էվակուացնեին, ինչպես դա արեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին եւ մի քանի հոգու։ Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ` ոչ առանց Հայաստանի միջամտության, քանի որ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու, օրինակ, ադրբեջանցիները պիտի թողնեին գործող ՊԲ հրամանատարին սահմանն անցնել ու հասնել Հայաստան, իսկ պաշտպանության նախարարին, որն արդեն երկու տարի է` թողել էր պաշտոնը, գերեվարեին»: Սարգսյանի խոսքով` այդ ցուցակի մասին տեղյակ է եղել նաեւ Սամվել Շահրամանյանը, եւ կգա ժամանակը՝ նա այդ մասին կխոսի։

Ինչ է, Սպիտակ տանը չե՞ն նկատում ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռի, նրանց սատարողների եւ, ընդհանրապես՝ առաջին քրիստոնյա ազգի հավատքի, հոգեւոր զգացմունքների դեմ տարվող այս արշավը, չգիտե՞ն, որ Բաքվի բանտում հայ գործիչներ կան, որոնց մեղքն իրենց երկրի կառավարման ղեկին կանգնած լինելն է ու իրենց հայրենիքը պաշտպանելը: Իսկ օրերս պարզվեց նաեւ, որ հենց Փաշինյանի ներկայությամբ ԱՄՆ նախագահը, ինչպես խոստովանել է նրա հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, սադրող հարց է ուղղել Բաքվի բռնապետին. «Ինչո՞ւ կանգ առաք 2020-ին, երբ հզոր բանակ ունեք»: Ալիեւն էլ, իբր, պատասխանել է․ «Կանգ ենք առել, քանի որ հասել ենք իրենց ուզածին՝ հողերի ազատագրմանը»: Եվ այս ամենը ներկայացվում է այնպիսի վերամբարձությամբ, կարծես մարդասպան ու հայատյաց Ալիեւը «դարակազմիկ լավություն» է արել հայ ժողովրդին եւ Հայաստանին` Արցախը զավթելով եւ էթնիկ զտում անելով:

Իսկ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, այսինքն՝ ալիեւյան ռեժիմի հակահայ, հակաքրիստոնեական արշավը մոտենում է իրենց իսկ ուրվագծած ու նախապես որոշված սցենարի վերջին արարին: Նոյեմբերի 8-ին էլ Ալիեւը Բաքվի ռազմական շքերթում հայտարարեց. «Հայաստանը չկարողացավ ճիշտ եզրակացություններ անել եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրեին ավելի ագրեսիվ դարձավ: Նրանք (հայերը) մեզ սպառնացին նոր պատերազմով։ Նրանք ասացին, որ նոր պատերազմ կսկսեն՝ նոր տարածքների համար, եւ ամբողջությամբ կգրավեն Ադրբեջանը։ Նրանք պնդում էին, որ իրենց տանկերը կկայանեն Բաքվի փողոցներում։ Նրանք ասացին, որ թեյ կխմեն Բաքվում։ Ըստ էության, նրանց երազանքն իրականացավ։ Մենք այն իրականացրինք։ Նրանց տանկերն այսօր ցուցադրվում են Պատերազմի ռազմավարի այգում։ Հայ ռազմական հանցագործները (նկատի ունի ապօրինի գերեվարված եւ կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին եւ մյուս հայ գերիներին) այժմ դատվում են Բաքվում եւ ադրբեջանական թեյ են խմում քննչական մեկուսարանում»:

Հայաստանում էլ տեսնում ենք ՀՀ իշխանությունների նույնական հակահայ, հակաքրիստոնեական արշավը Մայր Աթոռի, Վեհափառի, սրբազանների, հոգեւոր հայրերի, նրանց աջակցող ազգային բարերարի եւ մյուս ազգային ուժերի դեմ: Եթե Նիկոլի դեպքում մոտիվները պարզ են՝ վերարտադրվելու անհագուրդ ցանկություն, պոտենցիալ մրցակիցների մեկուսացում հայկական ու ադրբեջանական բանտերում, ապա Թրամփի դեպքում հարց ենք ուզում ուղղել. «Պարոն նախագահ, մոռացե՞լ եք հայ քրիստոնյաների, Ձեր նշած 23 քրիստոնյայի եւ Փաշինյանին ուղղված Ձեր խնդրանք-հորդորի մասին, թե՞ միայն արյունահեղությունը կստիպի Ձեզ՝ հիշել Երեւանի եւ Բաքվի բանտերում խոշտանգվող, հալածվող հայ քրիստոնյաների մասին… մի՞թե պետք է նիգերիացի քրիստոնյա լինենք, որ Ձեզ մտահոգի մեր ճակատագիրը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test