Aravot.am-ը 2021թ. «Art and You» արվեստի ստուդիայի հիմնադրումից հետո մեկ-երկու անգամ անդրադարձել է այդ մանկական մշակութային կրթօջախի գործունեությանը:
Հիշեցնենք, որ երեխաների կրթության, ինքնաարտահայտման և ոգեշնչման նպատակով ստուդիան նույնիսկ արտասահմանից է հրավիրել մասնագետների: Օրինակ, դեռ երկու տարի առաջ հրավիրված էր Սանկտ Պետերբուրգի կայսերական ակադեմիայից ՝ գեղանկարիչ Շանթ Պողոսյանը, մի բացառիկ տաղանդավոր և խորաթափանց մասնագետ, որի հետ ներկայացրել ենք մեր հարցազրույցը: Փաստենք, որ նրա և ստուդիայի հետ համատեղ ծրագրերը բացեցին նոր ստեղծագործական հնարավորություններ և խորացրին ստուդիայի կրթական բովանդակությունը։
Օրերս, «Art and You»-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Բարխուդարյանը մեզ հայտնեց, թե մտադրություն ունեն ճանաչված գեղանկարչին դարձյալ հրավիրել՝ այս անգամ երկարաժամկետ:
Վերջին շրջանում մեզ հասել են տեղեկություններ, թե ստուդիայի երեխաները շարունակում են փայլել նաև արտասահմանյան մրցույթներում, նույնիսկ ծրագրված է նրանց գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը ԱՄՆ-ում և այլն: Այս առիթով Լուսինե Բարխուդարյանը նախ հավաստիացրեց, թե ստուդիան շարունակում է իր գործառույթն իրականացնել, այն է՝ կրթական ծրագրեր երեխաների երևակայությունը, գունազգացողությունն ու ինքնարտահայտման հմտությունները զարգացնելու նպատակով։
Նշեց նաև, որ դասերը ոչ միայն տեխնիկական գիտելիք են տալիս, այլ բացում են երեխաների ներաշխարհը՝ սովորեցնելով տեսնել գեղեցիկն ամեն մանրուքի մեջ։
Հետո մեր զրուցակիցը հետևյալ փաստը ներկայացրեց. «Սեպտեմբերին մեր սաները մասնակցեցին Universe Art միջազգային մրցույթ-փառատոնին (հիմնադիրներ՝ նկարիչ-դիզայներ Աննա Հարությունյան և կոմպոզիտոր Էդգար Գյանջումյան)։ Նրանցից մի քանիսը գրավեցին բարձր հորիզոնականներ, իսկ փոքրիկ Մարիա Մանուկյանը արժանացավ Գրան պրիի ՝ շուրջ 600 մասնակիցների թվում։ Ասեմ, որ առաջիկայում Մարիան մասնակցելու է Մոսկվայում՝ Վլադիմիր Սպիվակովի հովանավորությամբ իրականացվող Москва встречает друзей փառատոնին։ Իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաների ստեղծագործությունները կներկայացվեն Նյու Յորքում 2026թ. փետրվարին՝ Հայաստանի դեսպանատան և Universe Art-ի համահիմնադիր Աննա Հարությունյանի առաջնորդությամբ»:
Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել նաև ստուդիայի աշխատանքների, գործունեության այս օրը նույնպես: «Այս օրերին ստուդիայի կանգառը Երևանի թիվ 16 մանկապարտեզում էր, որտեղ անցկացվեց ջրային նկարչության վարպետաց դաս։ Երեխաները ստեղծագործեցին գունային և ձևային ազատության միջավայրում՝ բացահայտելով ջրային տեխնիկայի յուրահատկությունը։ Պետք է շեշտեմ, որ տնօրեն Մարինե Ասատրյանը մեծ սիրով և ոգևորությամբ ընդունեց նախաձեռնությունը՝ նշելով, թե նման ծրագրերը անհրաժեշտ են, քանի որ նրանք զարգացնում են երեխաների հուզական և գեղագիտական ընկալումը»։
Դիտարկմանը, թե նման աշխատանքներն էլ անհրաժեշտ են աջակցողներ, մանավանդ, որ խոսքը երեխաներին է վերաբերում, Լուսինե Բարխուդարյանը պատասխանեց. «Այո, ծրագրի կազմակերպման հաջող ընթացքը հնարավոր դարձավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և աշխատակազմի աջակցությամբ։ Նրանց սատարող վերաբերմունքը, միանշանակ կարևոր դեր ունի արվեստի տարածման և մանկական կրթական միջավայրի հարստացման գործում»։
Զրույցի ավարտին, տնօրենը խոսեց նաև ստուդիայի անցկացրած հաշվետու միջոցառման մասին: «Իսկապես տպավորիչ հաշվետու ցուցահանդես ունեցանք Ժամանակակից արվեստի թանգարանում: Երեխաների համար այն դարձավ տոն՝ իրենց ստեղծագործությունները տեսնել մշակութային բարձր արժեք ունեցող տարածքում, երևանյան հեղինակավոր թանգարաններից մեկում: Շնորհակալ ենք թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին և փոխտնօրեն Արմինե Ղազարյանին, որոնց ջանքերով այս նախաձեռնությունը դարձավ իրականություն, կրկնում եմ, տոն, ոչ միայն արվեստի ուղին բռնած մեր սաների, այլև այցելուների, որոնց հիացական գնահատականները ոգևորող էին», – ասաց Լուսինե Բարխուդարյանը, ամփոփելով իր խոսքը. «Art and You արվեստի ստուդիան շարունակում է իր ուղին՝ հավատարիմ մնալով իր գաղափարին՝ արթնացնել յուրաքանչյուր երեխայի մեջ ապրող ստեղծագործական կայծը։ Արվեստը երբեմն սկսվում է պարզ գծից կամ գույնից, բայց միշտ ավարտվում է մեծ ներշնչանքով և սիրով՝ դեպի աշխարհը»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test