Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

171 էջ, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվի․ Փաստաբանը հիշեցնում է՝ նորմալ կառավարությունները հասկանում են, որ Արբիտրաժի պահանջի չկատարումը բացասական հետևանք է առաջացնում 168.am 168.am

time
171 էջ, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվի․ Փաստաբանը հիշեցնում է՝ նորմալ կառավարությունները հասկանում են, որ Արբիտրաժի պահանջի չկատարումը բացասական հետևանք է առաջացնում

Իշխանությունները՝ ՀԾԿՀ-ի ձեռամբ, ցանկանում են միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը․ համապատասխան նախագիծն արդեն հրապարակվել է հանձնաժողովի կայքում։

171 էջանոց փաստաթղթում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը տարբեր հիմքեր է մատնանշում

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, օրինակ, գրություններ է ներկայացրել հանձնաժողով՝ 2025թ. հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգի խափանման, 2018 թվականից սկսած՝ ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալների ջնջման և թերհավաքագրումների ու հավելագրումների մասին։ ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար որպես հիմք՝ նշվել է նաև ընկերության կողմից «Տաշիր գրուպի» մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։

Բայց հիմքերի հիմքը, թերևս, պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։ Դեռ ամիսներ առաջ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, թե երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ, այդ միջոցներից է, օրինակ, ՀԷՑ-ի ազգայնացումից սկսած և, ընդ որում, անկասելի գործընթաց։

«Սցենար մեկ. ՀԷՑ-ն ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական, և սցենար թիվ երկու՝.ՀԷՑ-ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Բոլոր դեպքերում, Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը։ Այս երկրորդ սցենարով, ընդ որում, կգնանք միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի ծախսերը պետական բյուջեի համար անհամաչափորեն մեծ են։ Բոլոր դեպքերում այս պահին արդեն ՀԷՑ-ի ստուգումների արդյունքում բացահայտված խարդախությունները բավարար են արձանագրելու համար, որ ՀԷՑ–ի կառավարման նախորդ շրջանի հետ կապված մեր մտավախությունները հիմնավոր են եղել»,- դեռևս սեպտեմբերին ասել էր Փաշինյանը։

Ունե՞ր նման օրակարգ Մեսրոպյանը

Նախորդ տարի, երբ ՀԾԿՀ այսօրվա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոր-նոր էր առաջադրվել նախագահի թեկնածուի պաշտոնում, նրան այս մտահոգություններով հարցադրումներ ուղղեցին ընդդիմադիր պատգամավորները։

Հիշեցնենք, որ Մեսրոպյանը ՀԷՑ-ի հնարավոր խլման մասին խոսակցություններին անդրադարձել էր նաև ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագողների հետ զրույցում։

««ՀԷՑ-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է»,- դեռ 2024 թվականի նոյեմբերի 14-ին ասել էր ՀԾԿ հանձնաժողովի այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀԾԿՀ նախկին ղեկավարին հանել են, քանի որ ցանկանում են ՀԷՑ-ը խլել սեփականատերերից։

Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս է գնահատում ՀԷՑ-ի աշխատանքը, նա պատասխանել էր. «ՀԷՑ-ն էս երկրի թշնամին չէ, ՀԷՑ-ը տարիներ ի վեր այդ համակարգը շահագործել է, այսօր ոլորտում կան ցուցանիշներ, որոնք բոլորիս չեն բավարարում, տեսանելի են այդ խնդիրների պատճառները: Պետք է այդ պատճառների հետևից գնանք, վերացնենք և շարունակենք: ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ»:

ՀԷՑ-ը՝ կիսաօրինական ճանապարհով գողանալու փորձ

Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, առհասարակ, ՀԷՑ շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ճգնաժամային։ Ըստ նրա՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու այս գործընթացը կիսաօրինական ճանապարհով ՀԷՑ-ը խլելու հերթական փորձն է։

171 էջ, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվի․ Փաստաբանը հիշեցնում է՝ նորմալ կառավարությունները հասկանում են, որ Արբիտրաժի պահանջի չկատարումը բացասական հետևանք է առաջացնում

«Սա կարող է բերել լրջագույն աղետի, բայց պարզ է, իրենք էդքան էլ ապուշ չեն, որ էդ աղետը թույլ տան, այսինքն՝ որ Հայաստան լույս չունենա, հետևաբար՝ սա ընդամենն իրավական բառախաղ է․ այսինքն՝ ինչ-որ մի ՍՊԸ են ստեղծելու ու արագ մի օրվա որոշումով այդ կառույցին կտրամադրեն լիցենցիա ու դրան կհանձնեն ՀԷՑ-ի սեփականությունը: Այսինքն՝ իրենք կփորձեն տեր դառնալ ՀԷՑ-ին՝ ՀԷՑ-ի անունը, օրինակ, դնելով ՏԷՑ։

Սա խորացնելու է էներգետիկ անվտանգության համակարգում առկա ճգնաժամը և, մանավանդ, դիմացը ձմեռ է, և շատ հնարավոր է՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի հետ կապված պրոբլեմները գնալով մեծանան, որովհետև եկել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ ու կանգնել են այդ ամբողջի գլխին»,- շեշտեց Արմեն Մանվելյանը։

Փորձագետը, սակայն, ՀԷՑ-ով հետաքրքրվող գնորդների առումով, գոնե, լրջագույն խոչընդոտ է համարում արբիտրաժային վեճի առկայությունը, Ստոկհոլմի դատարանի որոշումը։

«Միջազգային գնորդները չեն կարող դա անտեսել, եթե անգամ փորձեն ներսում շրջանցել»,- հավելեց նա։

Հայաստանը զրկվելու է բացատրել փորձելու հնարավորությունից

Արբիտրաժային պրոցեսում գտնվող ընկերության առնչությամբ նման գործընթացը որքանո՞վ է իրավական՝ 168am-ը հետաքրքրվեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանից։

«Բուն արբիտրաժի գոյությունը չէր խոչընդոտի գործընթացին ինքնին, բայց այստեղ ունենք առանձնահատկություն՝ Արբիտրաժային դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, ինչով ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությանը՝ ոչ թե ՀԾԿՀ-ին, ոչ թե կառավարությանը, ոչ թե նախարարին, այլ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես միասնական սուբյեկտ, արգելել է ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից»,- հիշեցրեց Արամ Օրբելյանը, որը նաև այս վարույթով ՀԷՑ ներկայացուցիչներից է։

171 էջ, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվի․ Փաստաբանը հիշեցնում է՝ նորմալ կառավարությունները հասկանում են, որ Արբիտրաժի պահանջի չկատարումը բացասական հետևանք է առաջացնում

Անդրադառնալով որոշումը շրջանցելու և լիցենզիայից զրկելու հնարավոր հեռանկարի մասին մեր հարցադրումներին, փաստաբանը նկատեց, որ Արբիտրաժի վերջնական որոշման կոնտեքստում այդ դրվագը ևս կդառնա քննարկելի։

«Վաղը, երբ բուն որոշումը կլինի արդեն վերջնական, այսինքն՝ երբ հաստատվի, որ տեղի է ունեցել օտարերկրյա ներդրողի իրավունքների խախտում, պետք է հաշվենք՝ ինչքան է վնասը, Հայաստանը զրկվելու է բացատրել փորձելու հնարավորությունից, որ այդ վնասը սեփական մեղքով չի եղել։ Ըստ էության, վնասի առավելագույն հնարավոր սահմանն է հաստատվելու, որովհետև Հայաստանն ունի հնարավորություն, ոնց որ մինչ այսօր ուներ հնարավորություն՝ կասեցնել վարույթը, սպասել, տեսնել՝ վերջնական որոշումն ինչ կլինի,- մանրամասնեց փաստաբանը՝ նկատելով, որ Հայաստանը, փաստացի, իրեն զրկում է արգումենտից, թե ձեռնարկել են միջոցներ՝ այդ վնասը նվազեցնելու համար, քանի որ հակառակն է արել,- Թվում է, թե ուժեղ են, կարող են չկատարել, սակայն ամբողջ աշխարհում պրակտիկան այսպես է՝ երբ միջանկյալ որոշումը կայացվում է, նորմալ կառավարությունները հասկանում են, որ դրա չկատարումը բացասական հետևանք է առաջացնում»։

Փաստաբանն արձագանքեց նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի` «Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ն օրենքով սահմանված կարգով առաջիկայում կզրկվի լիցենզիայից» վերջին հայտարարության մասին մեր դիտարկումներին։

«Երբ մի հոգի ասում է՝ ՀԷՑ-ի ազգայնացումն ավարտին պիտի հասցվի», դրանից հետո էլ մնացածն ինչ ուզում են՝ ասեն, էական չէ»,- նկատեց նա՝ հիշեցնելով իշխանության առաջին խոսափողի դերակատարումն այս հարցում։

Ամեն դեպքում, Արամ Օրբելյանն ակնկալում է, որ ՀԷՑ-ը չի զրկվի լիցենզիայից։

«Չկան հիմքեր զրկելու համար, որովհետև այս գործընթացն իրավական, ընթացակարգային, նյութական, փաստական լրջագույն խնդիրներ ունի»,- ասաց նա՝ շեշտադրմամբ, որ քաղաքական որոշման պարագայում ՀԾԿՀ անդամները պետք է իրենք էլ մտածեն իրենց կողմից պատասխանատվության հնարավոր ռիսկն իրենց վրա վերցնելու մասին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test