Գեւորգ Թասլաքյանն ամեն անգամ Լիբանանից Հայաստան գալուց հարազատներին հարցնում էր, թե ինչ կուզեն, որ Լիբանանից բերի իրենց համար։ Պատասխանը գրեթե միշտ նույնն էր՝ լիբանանյան փախլավա։
Հայաստան գալու եւ հաստատվելու երազանք վաղուց ուներ։ Երբ արդեն վերջնականապես հաստատվեց Հայաստանում, որոշեց, որ արաբական քաղցրավենիքի խանութ-սրճարան է բացելու։ Պայմանը մեկն էր՝ հրուշակագործը պետք է մասնագիտացած լիներ արաբական անուշեղեն պատրաստելու գործում։
56-ամյա Գեւորգ Թասլաքյանը Լիբանանի հայաշատ Անջար (արեւմտահայերեն՝ Այնճար) գյուղաքաղաքից է։ Այդտեղ է ծնվել, ապրել, հետո ընտանիքով տեղափոխվել են Բեյրութ։ Բայց Անջարի ընկերական ու հարազատ մթնոլորտը Գեւորգին նորից այնտեղ էր տարել։ 15 տարեկանում նա մենակ տեղափոխվել է հայկական գյուղաքաղաք։ Ծնողները շաբաթ-կիրակի այցելում էին Գեւորգին, իսկ նա ատամնատեխնիկի գործ էր սովորում հորեղբոր տղայի մոտ։ 1988 թ․ ատամնաշարերի պատրաստման լաբորատորիա հիմնեց Անջարում, որտեղ հիմնականում մենակ էր աշխատում։ Լաբորատորիան գործեց մինչեւ 2022 թ․։ Նույն տարում Գեւորգը տեղափոխվեց Հայաստան։
«2005 թ․ ամուսնացա եւ այդ ժամանակից արդեն որոշել էի, որ հաստատվելու եմ Հայաստանում։ Կնոջս ասացի՝ միտքս Հայաստան գնալն է, ի՞նչ կասես, ասաց՝ իմ երազանքն էլ այդպես է։ Կինս Երեւանի պետական համալսարանում էր սովորել, հայագիտության մագիստրոսի աստիճան ունի։ Նա էլ էր սիրել Հայաստանը»,- պատմում է մեր զրուցակիցը։
Գեւորգն առաջին անգամ Հայաստան էր եկել 1996 թ․։ Իսկ 2010-ից ամեն տարի գալիս-գնում էր։ «Հայաստանը սիրել եմ»,- ասում է նա։
-Իսկ ի՞նչն եք սիրել Հայաստանում, որ Ձեզ հաճախ էր բերում այստեղ։
-Հայաստան անունն արդեն հերիք է,- պատասխանում է ու ժպտում, քիչ անց շարունակում,- Այնճարի մթնոլորտն այնպիսին է, որ չես կարող չսիրել Հայաստանը, չայցելես, չապրես Հայաստանի լավով ու վատով։ Պետք է ուրախանաս Հայաստանի լավով եւ տխրես վատով։
Ատամնատեխնիկի 34 տարվա աշխատանքը մի կողմ թողնելով՝ Գեւորգը 2022-ի հուլիսին Երեւանում արաբական քաղցրավենիքի խանութ-սրճարան է բացել։ Այս գործին միացել է նաեւ կինը։
Աշնանային արեւոտ օր է։ Սրճարանի անկյունում զրուցում ենք Գեւորգի հետ։ Արաբական սուրճի ու քաղցրավենիքի բույրը տարածվել է սրահում։ Ու թվում է՝ այն հասնում է դրսում քայլող անծանոթ մարդկանց։ Սրահում անընդհատ ելումուտ կա։ Բացի հայերից՝ այստեղ հաճախում են ռուսներ, չինացիներ, հորդանանցիներ, իրաքցիներ։
Խանութ-սրճարանի հիմնադիրը պատմում է, որ առանց արաբ հրուշակագործի չէր պատկերացնում ձեռնարկ սկսելը։ Նախքան Հայաստանը գալը Գեւորգի ծանոթներից մեկը նրան պատմել էր Անջարի մոտ գտնվող գյուղերից մեկում ապրող մի արաբ տղայի մասին, որը 13 տարեկանից պատրաստում է արաբական քաղցրավենիք ու մասնագիտացել է այդ գործում։ Վերջինս համաձայնել էր Հայաստան գալ եւ աշխատել այստեղ։ 2022 թ․ հունիսին նա արդեն Հայաստանում էր, իսկ հաջորդ ամիս Գեւորգը բացեց խանութ-սրճարանը։ Այսօր «Այնճարն» արդեն 40 տեսակ քաղցրավենիք է առաջարկում գնորդներին։
Խանութը բացելուց երկու տարի անց՝ 2024-ին, Հայաստան են տեղափոխվել նաեւ Գեւորգի կինն ու երկու դուստրերը։
Սրահի պատերին Անջարի մասին հիշեցնող նկարներ են՝ հին բերդաքաղաքը, Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը, խմորեղենի տուփերին եւս Անջարի բերդաքաղաքն է պատկերված։
Խանութի անունն էլ ընտանեկան համաձայնության արդյունքում է որոշվել: Պատմում է, որ երբ 2022-ի փետրվարին Հայաստան էր եկել ու խանութի տարածքը վարձակալել, ասել էին, որ բիզնես սկսելու համար պետք է ընկերություն հիմնի։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալությունում տվյալները լրացնելիս ընկերության անունը նշել էր «Այնճար», ապա ջնջել էր՝ մտածելով, որ ճիշտ կլինի խորհրդակցել կնոջ հետ։ Բայց վերջինս միակարծիք էր, ասել էր՝ ի՞նչ անուն պիտի դնես, «Այնճար» պետք է դնես։ Այդպես էլ հիմնադրվել էր «Այնճար» ՍՊԸ-ն, իսկ ավելի ուշ՝ նույնանուն խանութը:
Գեւորգը հիշում է խանութի անվան հետ կապված զավեշտալի մի դեպք. «Մի անգամ մի կին հապճեպ ներս մտավ, ասեց՝ բարեւ, ասեցի՝ բարեւ, ասեց՝ էստեղ ամեն ինչ անվճա՞ր է, ասեցի՝ ոչ, ամեն ինչ վճարովի է, հետո ասեց՝ բա դրսում գրել եք, որ անվճար է։ Ասեցի՝ դուրս գնա, կտեսնես, որ գրված է «Այնճար», ոչ թե «Անվճար»»։
Գեւորգի ընկերներից մեկը՝ Խաժակ Այնթապյանը, խանութի բացման առթիվ «Ֆեյսբուքում» գրել էր, թե «Այնճարն իր նոր դեսպանատունն ունեցավ հայրենիքին մեջ»։ Եվ դա իրականությունից հեռու միտք չէ, քանի որ անջարցիների համար սա սիրված հավաքատեղի է: Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ մի քիչ էլ «Հայփոստի» գործն են անում, քանի որ երբ անջարցիները որեւէ բան են ուղարկում Երեւան, խանութի հասցեով են ուղարկում։
Գեւորգ Թասլաքյանը Հայաստանում հաստատվելու, գործի դժվարությունների մասին չի սիրում խոսել։ «Երբ որոշել ես, որ սա է քո հետագա ընթացքը, կհարմարվես»,- ասում է նա:
Նկատում է, որ եթե անջարցիները հարմար գտնեն Հայատան գալն ու այստեղ հաստատվելը, անպայման կգան, բայց դրա համար, ըստ նրա, պետք է ստեղծվեն հարմարություններ։ Պատահում է նաեւ հակառակը։ Օրինակ, նշում է, Անջարից երիտասարդներ էին եկել, որոնք ցանկանում էին հաստատվել Հայաստանում, բայց թանկության պատճառով վերադարձել են Լիբանան։ «Այդ մեկը լավ չէր։ Պետք է հասկանալ նաեւ դիմացինին։ Եթե մեկն ընտանիքով ուզում է գալ, չշեշտենք, թե ուր գնան ապրելու՝ Հայաստանի ծայրամասում, ասենք, Կիրանցում: Եթե ուզում են ապրեն Երեւանում, թող այստեղ ապրեն։ Տուրքերը զեղչեն։ Պետությունը պետք է հարմարություններ ստեղծի, հակառակ դեպքում որպես տուրիստ կգան-կգնան»,- իր տեսակետն է բացատրում հայրենադարձ գործարարը։ Մյուս կողմից՝ նկատում է, որ ամեն տեղ էլ դժվար է, եւ պետք է հաղթահարել դժվարությունները. «Հայաստան գալ, ապրելը իմ վաղուցվա երազանքն էր։ Երազանք իրականացնելը մի քիչ ժամանակ պահանջեց։ Միշտ ասում եմ՝ երանի 18 տարեկանում գայի, թե հիմա ինչ կլիներ, չգիտեմ։ Ո՞վ ասեց, թե Լիբանանում դժվարություն չկա, կամ Ամերիկա գնացողը դժվարություն չունի: Ոչ մի տեղ ոսկե սինիի վրա չեն դնում։ Պետք է դժվարությունները հաղթահարես»։
Ինքն էլ հիմա դժվարություններ ունի: Դրանցից մեկը սփյուռքի եւ Հայաստանի հայության միջեւ առկա տարբերություններն են: «Մենք ուրիշ տեսակով ենք, էստեղ՝ ուրիշ։ Դա հասկանալի է, եւ պետք է հարմարվես։ Ամենապարզ օրինակը բերեմ։ Եթե հաճախորդ եք, գալիս եք, ասում եմ՝ սինիով ավելի սիրուն է, հեշտ է մատուցելը, Ձեր հյուրն ավելի շատ կհավանի, այստեղի ժողովուրդն ասում է՝ չէ, տուփի մեջ դիր։ Չես կարող համոզել, որ սինիով մատակարարելն ավելի հարմարավետ է»,- նշում է Գեւորգը։
«Այնճարի» տերն իր խանութ-սրճարանը չի համեմատում մյուսների հետ, ինչպես որ լիբանանյան փախլավան չի համեմատում հայաստանյանի հետ։ Ասում է՝ Հայաստանում մեղր են օգտագործում փախլավայի մեջ, իրենք՝ շաքարաջուր։ Բայց ամենակարեւորն այն է, որ ոչ մեկի քիմքը չես համեմատի մյուսների քիմքի հետ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test