«Ես համաձայն չեմ Ադրբեջանի ԱԳ նախարարի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ ՀՀ-ն հրահրել է պատերազմ։ Համաձայն չեմ Ադրբեջանի ԱԳ նախարարի և Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, որ իբր 2020-ի հուլիսին ՀՀ-ն Տավուշում սահմանային պրովոկացիայի է դիմել»,- լրագրողների դիտարկմանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պնդումները փաստորեն այն մասին են, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների ինչ-որ փուլում փոփոխությունների է ենթարկել իր տեսակետը և հրաժարվել բանակցություններ վարել, ինչը փակուղու, պատերազմի է հանգեցրել, ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ 2020-ի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարարը մի շարք մանրամասներ է ներկայացրել նախապատերազմյան և հետպատերազմյան իրադարձությունների մասին՝ ըստ էության մեղադրելով Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար։
Ծավալուն ֆիլմում Ջեյհուն Բայրամովը նախ պատմում է, թե ինչպես է սկզբում կառուցողական մոտեցում որդեգրած Փաշինյանը կես տարի անց մերժել լուծել Ղարաբաղյան խնդիրը։
Մասնավորապես՝ փակագծեր բացելով 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից, Ջեյհուն Բայրամովը պատմում է, թե ի պատասխան Ալիևի դիտարկմանը, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքները» պետք է ազատագրվեն, Փաշինյանը խոստացել է լուծել Ղարաբաղյան խնդիրը, բայց դրա դիմաց խնդրել է Ալիևին դադարեցնել սահմանին հնչող կրակոցները։ Փաշինյանը դժգոհել է, որ Ադրբեջանը դիպուկահարների միջոցով պատերազմ է մղում, և եթե այդ ակտիվությունը նվազեցնեն, ապա դա իրեն շատ կօգնի։
«Եվ հենց Դուշանբեում նախագահ Ալիևը հանձնարարեց իր պաշտպանության նախարարությանը՝ բոլոր ուղղություններով կատարյալ լռություն, կայունություն պահպանել, և նույնիսկ եթե հայկական կողմը հրադադարը խախտի, միանգամից չպատասխանել», – ասում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Սակայն վեց ամիս անց՝ արդեն 2019-ի մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում Փաշինյան-Ալիև հերթական հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի վարչապետն արդեն կտրուկ փոխել է դիրքորոշումն ու տոնայնությունը և, ըստ Բայրամովի, բացեիբաց հայտարարել, թե «չի կարող և չի լուծելու Ղարաբաղի խնդիրը»։
«Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն», – ըստ Բայրամովի՝ Ալիևին հռետորական հարց է տվել Փաշինյանը, ինչին ի պատասխան Ալիևը ասել է, թե «ընդհանրապես չի ցանկանում, որ որևէ մեկին սպանեն», բայց դա չի նշանակում, որ «ադրբեջանական տարածքները պետք է օկուպացված մնան»։
Բայրամովը նաև հիշեցրել է մի քանի ամիս անց՝ 2019-ի օգոստոսի 5-ին, Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» Ստեփանակերտում արված հայտարարությունը։
Ադրբեջանի արտգործնախարարը «սադրանքների» շարքին է դասել 2019-ի ամռանը Ղարաբաղում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացված համահայկական խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ըստ Ջեյհուն Բայրամովի՝ սա ևս մեկ «կարմիր գիծ» էր, որը հատեց Հայաստանը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ «սադրանք» է որակել 2020-ի հուլիսի 12-ից 16-ը Թովուզի ուղղությամբ տեղի ունեցած տավուշյան մարտերն ու դրանց հետևած հայկական կողմի նախապայմանները։
«Դրանցից հետո՝ հուլիսի 23-ին, Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց 7 լրացուցիչ նախապայման։ Բոլոր այդ 7 նախապայմաններն անընդունելի էին։ Եվ ես ուզում եմ առանձնացնել դրանցից մեկը՝ «եթե Ադրբեջանը ընդհանրապես ցանկանում է քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ»։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է բազմամյա բանակցային գործընթացի տապալում։ Լարվածությունը թևածում էր օդում։ Արդեն պարզ էր, որ պատերազմը ժամանակի հարց էր։ Մյուս բոլոր մեթոդները արդեն սպառել էին իրենց», – ասել է նա։
Ըստ Ռուբինյանի՝ պատերազմի պատճառն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է, իսկ ՀՀ-ում ռազմական բյուջեն նվազել, փոխարենն աճել է Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն․ «Պատերազմի պատճառն այն է, որ այն տարիներին, երբ պետք էր ՀՀ ռազմական բյուջեն մեծացնել, որ հարաբերակցությունը Ադրբեջանի հետ մեկը մեկինից չդառնա մեկը հինգին, դա չի արվել։ Պետք էր այդ տարիներն օգտագործել ՀՀ ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե իրենց ընտանեկան բյուջեները մեծացնելու համար»։
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Ջեյհուն Բայրամովի և ՀՀ երեք նախագահների բերած փաստերը ճիշտ չեն։
Լրագրողների հարցին՝ մի՞թե Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է և վերջ չհանգեցրեց պատերազմի, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանն էլ մինչ օրս ասում է, որ Ղարաբաղը 1988-ից ՀՀ-ի մասն է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել»։
Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է, որ Ղազախստանից անորակ ցորեն են բերել ՀՀ Ադրբեջանի ճանապարհով, Ռուբեն Ռուբինյանն այսպես հակադարձեց․ «Ընդդիմությունն ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է և ՀՀ համար ոչինչ չի ապաշրջափակվել․ ՀՀ-ն մնալու է շրջափակման մեջ և միակողմանի զիջումներ արել։ Հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Ես ցորենի մասնագետ չեմ։ Չեմ կարծում՝ ինչ-որ անհատ ձեռներեց պիտի ուզենար ներկրել ցորեն, որն իր նպատակներին չի ծառայում»։ Հետո էլ ընդդիմադիր գործընկերներին հեգնելով՝ լրագրողներին հարցրեց․ «Ռուսական ցորենի՞ մասին ինչ են ասում, նորմա՞լ է, որակն իրենց բավարարո՞ւմ է»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test