«Հայաստանի կառավարությունը 1.5 մլրդ եվրոյի արժողությամբ բնակարանային ծրագիր հաստատեց տեղահանվածների համար, որը եզակի է ՀՀ իրականացրած բնակարանային ծրագրերի համատեքստում։ Սա նշանակում է, որ մենք ուզում ենք ապահովել ինտեգրման համար ամենակարեւոր պայմանը՝ տանիքով ապահովելր»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։
Նա ասաց, որ բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն տուն է ձեռք բերել արցախցի 1264 ընտանիք, իսկ ծրագրին դիմողների թիվը անցել է 3500-ից։
«Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ նրանցից 254-ը մինչեւ 3 անձից բաղկացած ընտանիքներն են, այսինքն՝ մտավախությունը, որ մենք ունեինք, որ փոքր ընտանիքները գուցե բնակարանային այս ծրագրին բավարար հասանելիություն չունեն, փարատվում է։ Այժմ տեսնում ենք, որ ունենք դրական տեղաշարժ, նույնիսկ այս փոքր կազմով ընտանիքները հասանելիություն ունեն ծրագրին»,- նշեց նա։
Այսօրվա քննարկումը կազմակերպվել էր եվրոպական կողմի հետ համատեղ։ 2023 թվականին Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների հոսքից հետո Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է համալիր արձագանքման փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո եւ որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի անբաժանելի մասն է։
Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդն աջակցում է տեղահանված անձանց, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին, առողջապահության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրմանը:
Արձագանքման փաթեթի շրջանակներում աջակցությունը իրականացվում է չորս նոր ծրագրի և երկու ընթացիկ ծրագրում ներառված լրացուցիչ բաղադրիչների միջոցով:
Ժամակոչյանն անդրադարձավ նաեւ արցախցիների համար սոցիալական բնակարանային քաղաքականությանը։ «Մենք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ այս՝ արդեն եզրափակվող ծրագրի շրջանակներում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ծառայեցրել ենք մեր նոր կոնցեպտների, նոր ուղենիշներին մշակման համար, թե ինչպիսին պետք է լինի սոցիալական բնակարանային քաղաքականությունը Հայաստանում»,- ասաց նա։
Միաժամանակ նշեց, որ պետք է թիրախային ու հասցեական շարունակել նաեւ դրամական աջակցության ծրագրերը։ ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի միջեւ համատեղ մշակած փաստաթղթի հիմքում դրված է հինգ առանցքային ուղղություն, թե առաջիկա տարիներին ինչ աշխատանք պետք է տանել տեղահանված անձանց հետ։ Մի ուղղությունը դրամական աջակցությունների շարունակականությունն ապահովելն է, մյուս ուղղությունը սոցիալական բնակարանային ֆոնդի հարցն է, իսկ մյուս երեք ուղղությունները զբաղվածության հարցին են վերաբերում։
Փոխնախարարի խոսքով՝ 2024 թվականին կառավարության կողմից հաստատվել է արցախցիների զբաղվածության ծրագիրը։ «Մենք տեղահանված ընտանիքներից ունենք շուրջ 30 հազար անձ, որոնք կայուն եկամուտ ունեն Հայաստանում, որոնք ոչ պակաս, քան 6 ամիս տեւողությամբ կայուն եկամուտ ունեն աշխատաշուկայում։ Եվ սա այն պայմաններում, երբ Ղարաբաղում զբաղվածություն է ունեցել 37 700 հոգի, կարծում եմ՝ սա բավականին լավ ցուցանիշ է եւ ցույց էր տալիս նախ եւ առաջ տեղահանվածների դիմակայունությունը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test