Արցախից բռնի տեղահանված շուրջ 23 հազար անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս թվերն այսօր ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
2023 թվականին Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների հոսքից հետո Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է համալիր արձագանքման փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո եւ որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի անբաժանելի մասն է։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդն աջակցում է տեղահանված անձանց, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին, առողջապահության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրմանը:
Արձագանքման փաթեթի շրջանակներում աջակցությունը իրականացվում է չորս նոր ծրագրի և երկու ընթացիկ ծրագրում ներառված լրացուցիչ բաղադրիչների միջոցով:
Արձագանքման փաթեթի մեկնարկից անցել է գրեթե երկու տարի, այսօր հրավիրած քննարկման ժամանակ Արմեն Ղազարյանն անդրադարձավ բռնի տեղահանությանը, ՀՀ կառավարության քաղաքականությանը եւ ասաց, որ ԼՂ-ից տեղահանված բնակչության հետ շփումներում բազմաթիվ խնդիրներ են եղել։
«Չենք կարող մեզ դնել չտեսնողի տեղ եւ ասել՝ չկային խնդիրներ։ Սակայն հենց նույն Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ մենք կարողացանք ստեղծել զանգերի կենտրոնը, որը կարողանում էր արագ ու նորմալ արձագանք տալ մարդկանց խնդիրներին։ Եվ ըստ էության ստեղծեցինք մի ինստիտուտ, որը ներկայումս արդեն ծառայում է ամբողջ Հայաստանի բնակչությանը։ Նախկինում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկատվություն հայթայթելը բավականին բարդ էր, այսօր ծառայությունն իրական պատասխանում է հարյուրավոր զանգերի։ Այսինքն՝ ինստիտուտը դարձրել ենք արձագանքող ոչ միայն տեղահանված բնակչության համար, այլ նաեւ տեղացիների համար»,- ասաց նա։
Անդրադառնալով արցախցիների իրավական կարգավիճակին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ այդ խնդիրն ամենաբարդն էր ՀՀ կառավարության համար։ «Մենք իրավական կարգավիճակի մասին քննարկումները սկսել ենք շատ վաղուց, 2020 թվականի պատերազմի ժամանակ եւս։ Բայց 2023 թվականին արդեն այդ խնդիրն անխուսափելի էր, որ որեւէ կերպ պետք է իր արձագանքը ստանար, որովհետեւ այդ կիսատ իրավիճակը՝ մի քիչ այսպես ենք մեկնաբանում իրավունքը, մի քիչ այնպես ենք մեկնաբանում, այլեւս չէր կարող լինել, որովհետեւ կար փախստականության փաստը։ Մենք պետք է փաստերի հետ հաշվի նստեինք։ Եվ այստեղ եւս Եվրոպայի գործընկերների հետ գործակցել ենք իրավական մեխանիզմներ՝ բարդագույն իրավիճակին անդրադարձ կատարելու համար։ Աշխարհում իրավական իմաստով նմանատիպ իրավիճակներ մատների վրա կարող ենք հաշվել։ Մի քանի դեպքում կա նման բարդության իրավական խնդիր, եւ ես կարծում եմ, որ մենք, չեմ կարող ասել լավագույն, չեմ կարող ասել շատ լավ, բայց օպտիմալ լուծում ենք տվել՝ անցումը հնարավորինս մեղմ կազմակերպելու եւ մարդկանց իրավական կարգավիճակը հստակեցնելու մասով։ Այդտեղ է ընկած մարդկանց բոլոր տեսակի աջակցությունների, կյանքում մասնակցայնության, ինտեգրման ապագայի եւ ընդհանրապես անձանց ապագայի կառուցման հիմքը»,- ասաց նա։
Արմեն Ղազարյանը նշեց, որ իրավական լուծումը, որը տվել են այդ բարդ իրավիճակին, եղել է հայաստանյան իրավական ձեւաչափի մեջ՝ հնարավորինս հոգեհարազատ մնալով այն միջազգային գործիքակազմերին, որոնց ՀՀ-ն մասնակցում է։
«Ուզում եմ շեշտադրել՝ իրավական կարգավիճակի մասով մենք լսել ենք միջազգային գործընկերների ասածները, ուշադրություն դարձրել ենք միջազգային գործընկերների ասածներին, բայց տվել ենք սեփական լուծումը։ Այսինքն՝ հայկական օրինակն այս պարագայում կարող էր օրինակ ծառայել հնարավոր իրավիճակների համար։ Եթե նայենք ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվը, որը կիրառում է Եվրոպական միությունը Ուկրաինայից փախստականների հանդեպ, չունի մեխանիկական փախստականի ճանաչման այն էլեմենտը, որն ունի հայկական օրենսդրությունը։ Եվ այս տեսանկյունից ես կարող եմ վստահաբար պնդել, որ մեր օրենսդրությունը ժամանակավոր պաշտպանության մասով ավելի լիբերալ է, քան նույնիսկ Եվրոպական միության օրենսդրությունը։ Մենք, անձին տրամադրելով ժամանակավոր պաշտպանություն, միանգամից ճանաչում ենք փախստական ու տալիս ենք այն իրավունքները, որն ունի փախստականը»,- ասաց նա։
Հայտնի է, որ արցախցիները դժգոհում են ՀՀ կառավարության քաղաքականությունից՝ նշելով, որ իրենց խճճել են իրավական խառնաշփոթի մեջ եւ դա դիտավորյալ են անում։
Արմեն Ղազարյանն, անդրադառնալով այս դժգոհություններին, ասաց, որ մարդիկ չեն ընկալում այս իրավիճակը, քանի որ բարդ կոնցեպտի հետ գործ ունենք։ Ղազարյանն ասաց, որ անգամ պատգամավորներն են հորդորում իրեն պարզ խոսել այս խնդրի մասին, չեն հասկանում իրավական լեզուն։ «Պետք էլ կարողանանք նորմալ լեզվով կոմունիկացվել, բացատրել։ Եթե ասում եք՝ հետո ի՞նչ պետք է անենք, պետք է շարունակենք ձեւավորել այնպիսի լեզու, որը մարդկանց համար ընկալելի է»,- ասաց նա։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ կա հոգեբանական խնդիր։ «Որքան էլ մեր տեղահանված հայրենակիցներին փորձենք բացատրել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ դուք իրավունքներ չեք կորցնում, միայն ձեռք եք բերում մի քանի հավելյալ իրավունքներ, մարդկանց մոտ կա այդ հոգեբանական փոխկապակցվածությունը, որ այս 070 կոդով փաստաթուղթը իմ վերջին կապն է Ղարաբաղի հետ։ Հիմա մենք ռացիոնալ դաշտում փորձում ենք աշխատել մի մատերիայի հետ, որը հոգեբանական եւ իռացիոնալ բացատրություն ունի։ Սրա հետ կարող ենք ունենալ միայն մեկ լուծում՝ պետք է լինենք համբերատար եւ պետք է շարունակաբար բացատրել իրավիճակը։ Այսինքն՝ հաջորդ քայլը, որը պետք է անենք մենք, մենք պետք է լինենք համբերատար եւ պետք է լինենք ընկալունակ ու ընդունակ»,- հավելեց նա։
Արմեն Ղազարյանը արցախցիների հոսքը համեմատեց Սիրիայից, Իրաքից փախստականության հոսքի եւ դեպի ՀՀ աշխատանքային միգրացիայի հոսքի հետ։ Ասաց, որ հայկական իրականությունը յուրաքանչյուր հոսքից մոտ ՀՀ 30-40 տոկոսն է ընկալել, որը ՀՀ պարագայում վատ չէ։ «Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են, մարդիկ այստեղ են, մեծամասնությունն այստեղ է, մեկնել է փոքրամասնությունը։ Սրա համար հաջորդ քայլով մենք պետք է աշխատենք այնպես անել, որ մարդիկ մնան։ Դրան էին ուղղված բնակարանային ծրագրում բարելավումները, մենք դրա էֆեկտները տեսնում ենք արդեն քաղաքացիության դիմելիության հետ կապված։ Երեկվա դրությամբ գրեթե 23 հազար տեղահանված անձ ձեռք էլ բերել Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք պրակտիկ էֆեկտները, բայց ես վստահ եմ, որ դա ոչ միայն բնակարանային ծրագրի էֆեկտն է, դա երկու այլ հավելյալ էֆեկտ ունի։ Ժամանակի ընթացքում տրավմայի հաղթահարման էֆեկտն է ու երկրորդը, այն բացատրական աշխատանքը, որը լավ թե վատ տարել էինք՝ պարզաբանելով, ու հարգելի տեղահանված բնակչություն, դուք չեք կորցնում որեւէ բան քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test