Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ԱՄՆ օգնությամբ ժողովրդավարական արժեքներ բերելու փորձ է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ԱՄՆ օգնությամբ ժողովրդավարական արժեքներ բերելու փորձ է

«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշն է՝ Armenian National Association ասոցիացիայի նախագահը: Նպատակը՝ միավորել Սփյուռքին, աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ մշակութային աշխուժացմանը, Հայաստանի եւ հայերի ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհում։

- Այս օրերին կրկին Հայաստանում եք, հավանաբար, տեղյակ եք մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին. իշխանությունների կողմից բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ, կալանավորված արքեպիսկոպոսներ, քահանաներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ եւ այլն: Պատճառն այն է, որ այս մարդիկ բարձրաձայնում են արցախահայության, ՀՀ քաղաքացիների արդարացի ձայնը, պաշտպանում նրանց իրավունքները:

- Այո, տեղյակ եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչից եւ հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որն այժմ ձերբակալում է Հայ առաքելական եկեղեցուն աջակցող քաղաքական հակառակորդներին: Սակայն այս ձերբակալությունները միայն արցախցի հայերի ձայները լռեցնելու եւ նրանց քաղաքացիական ազատություններից զրկելու համար չեն, ինչպես շատերն են ենթադրում: Դա շատ պարզ եւ միամիտ վերլուծություն է: Փոխարենը, Փաշինյանի կառավարության կողմից «արքեպիսկոպոսներին, քահանաներին, փաստաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլոց» ձերբակալելու փաստերը շատ ավելի լայն պատկերի մաս են կազմում, եւ այս գործունեությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ կապված Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ աճող գործընկերության հետ:

- Հատկապես մտահոգիչ է Հայ եկեղեցու եւ Վեհափառի դեմ իշխանությունների արշավը, որը միջազգային հանրությունը կարծես անտեսում է, հակաեկեղեցական գործողություններն առայժմ դատապարտել են Ռուս ուղղափառ եկեղեցին եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Առաջին քրիստոնյա երկրի համար սա ամոթալի չէ՞:

- Ոչ: Ես գիտեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ վարչապետի կառավարության միջեւ այս պայքարն ու բացասական գործունեությունը կարող են շատ ամոթալի թվալ հայ ժողովրդի համար։ Դա պայմանավորված է նրանով, որ հայ ժողովուրդը հպարտության զգացում ունի իր պատմական մշակույթի նկատմամբ՝ լինելով քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը։ Բայց այստեղ շատ ավելին է կատարվում, որը չի կարող բացատրվել այն պարզ վերլուծությամբ, որը ես լսում եմ Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Այստեղ մենք տեսնում ենք շատ ավելի բարդ իրավիճակ, եւ դա հասկանալու համար պետք է հաշվի առնենք, թե ինչ է անում ԱՄՆ-ն ՀՀ ներքին քաղաքականության մեջ՝ Հայաստանն ավելի ուժեղ դարձնելու համար՝ որպես աշխարհում նոր ի հայտ եկող լիդեր։ Արտաքուստ այս ամենը թվում է ներքին քաղաքական խնդիր, որտեղ մեկ գաղափարական խումբ փորձում է քաղաքական առավելություն ստանալ, ձերբակալելով իր հակառակորդներին՝ 2026 թ․ հունիսին կայանալիք ընտրություններին նախապատրաստվելու համար։ Սակայն շատ ավելի խոր մակարդակում ձերբակալությունների հետ կապված վերջին զարգացումներն իրականում վերաբերում են այն անցմանը, որը Հայաստանը կատարում է կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գալու եւ այս տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը տարածելու ամերիկյան ռազմավարության իրականացման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ, սկսած առնվազն Լեոնիդ Բրեժնեւի ռեժիմից, եւ ավելի վաղ՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները տարբեր մակարդակներում եւ ժամանակներում ակտիվորեն համագործակցել են ՊԱԿ-ի եւ ԱԴԾ-ի ռուսական հետախուզական ծառայությունների հետ, հայկական ԱԱԾ-ում իրենց ունեցած անհերքելի ազդեցության եւ անձնական կապերի շնորհիվ: Եվ հիմա մենք ականատես ենք լինում Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ Էջմիածնի եւ Մոսկվայի միջեւ հաստատված այս գաղտնի, կուլիսային եւ խորապես անձնական կապերի խզմանը։ Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս անցումը ռուսական ազդեցությունից դեպի ամերիկյան գործընկերություն դրական փոփոխություն է Հայաստանի համար, եւ դա եւս մեկ ցուցիչ է, որ Միացյալ Նահանգները դիրքավորում է Հայաստանին՝ դառնալու կովկասյան տարածաշրջանի նոր առաջնորդ։ Սակայն, ի տարբերություն վերջին 200 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած ռեպրեսիվ իրավիճակի, ԱՄՆ-ի հետ Հայաստանի նոր հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանին՝ տնտեսապես բարգավաճել եւ զարգանալ որպես առողջ ժողովրդավարական պետություն, որը կարող է սահմանափակել կոռուպցիան եւ արդյունավետորեն պայքարել դրա դեմ (ի վերջո՝ վերացնել)։ Որպես Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր եւ հավատարիմ դաշնակից՝ Հայաստանն այժմ դիրքավորվում է եւ շուտով հանդես կգա որպես աշխարհում նոր առաջնորդ։ Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, Միացյալ Նահանգները պետք է կտրի Ռուսաստանի հետ Հայաստանի բոլոր կապերը, որոնցով գաղտնի եւ կենսականորեն կարեւոր տեղեկություններ են արտահոսում դեպի այդ երկիր։ Սա է այն, ինչ մենք տեսնում ենք հիմա Փաշինյանի կառավարության եւ Էջմիածնի Սուրբ Առաքելական Եկեղեցու միջեւ պայքարում։ Այս ձերբակալությունները կապված են կովկասյան տարածաշրջանի կենսական կենտրոնի՝ «Հայկական խաչմերուկ»-ում ռուսական ազդեցությունը մեկուսացնելու եւ այն ամերիկյան ծրագրով փոխարինելու հետ, որն այդքան ռազմավարական նշանակություն ունի ամերիկյան շահերի համար: Եվ ինձ համար տրամաբանական է, թե ինչու է Ռուս ուղղափառ եկեղեցին դատապարտում այս ձերբակալությունները։ Իսկ Արեւմուտքում լայնորեն հայտնի է, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն առաջադեմ գլոբալիստների լիբերալ եւ ձախակողմյան կազմակերպություն է, որը մեծապես ազդված է մարքսիստական ուղղափառությունից: Ես շատ ընկերներ ունեմ, որոնք մասնակցում են ԵՀԽ-ին, եւ ինձ համար զարմանալի չէ, որ նրանք կդատապարտեն Հայ եկեղեցու առաջնորդների ձերբակալությունները: Սակայն ես ՀՀ իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ վերջին քաղաքական ակտիվությունը համարում եմ դրական զարգացում արեւմտյան ժողովրդավարությանն անցնելու ճանապարհին։ Վերջին 5 դարերի ընթացքում Եկեղեցու եւ պետության բաժանման քաղաքական կառուցվածքը լավ է գործել բազմաթիվ արեւմտյան երկրներում, որոնք ծնվել են բողոքական ռեֆորմացիայի արդյունքում եւ մեկ դար անց պաշտոնապես ճանաչվել են Վեստֆալյան հաշտության պայմանագրի կնքումից հետո: Հետեւաբար, Եկեղեցու եւ պետության բաժանման արեւմտյան կառուցվածքի համաձայն, այս երկու իշխանություններից յուրաքանչյուրը գործում է իր ինքնիշխանության առանձին ոլորտում, բայց արեւմտյան եկեղեցի-պետություն հարաբերությունների կարեւորագույն նրբերանգ է այն, որ բոլոր կրոնական մարմինների դատարանները, վերջին հաշվով, ենթարկվում են պետության բարձրագույն դատարաններին: Այս իմաստով, արեւմտյան ժողովրդավարություններում Եկեղեցու իշխանությունը, վերջին հաշվով, ենթարկվում է պետության իշխանությանը: Սակայն, ինչպես ցույց է տալիս հայոց պատմության ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը, Եկեղեցու եւ պետության հարաբերությունները զարգացել են այլ կերպ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում։ Եվ սա այն է, ինչին մենք ականատես ենք լինում հենց հիմա՝ վարչապետի եւ կաթողիկոսի միջեւ… Եթե դիտարկենք այն արեւմտյան ժողովրդավարության զարգացման եւ կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանությանն արագորեն փոխարինող Ամերիկայի ազդեցության ավելի լայն համատեքստում, այս վերջին ձերբակալությունները եւ կառավարության կողմից հայկական եկեղեցու պետական գործերին միջամտության դեմ պայքարը սկսում են իմաստալից դառնալ։ Առանց շատ խորանալու Հայ եկեղեցու հարուստ պատմության մեջ, թույլ տվեք պարզապես անդրադառնալ հոգեւոր խշխանությունն աշխարհիկ պետական իշխանությունից առանձնացնելու վաղ շրջանի փորձերից մեկին՝ Պապ Արշակունի թագավորի (Ք․Հ․ 4-րդ դար) բարեփոխումներին եւ երկու պավլիկյան ու թոնդրակյան շարժումներին (7-րդ եւ 9-11-րդ դարեր), որոնց նպատակն էր բարեփոխել Հայ եկեղեցին։ Ի տարբերություն Մարտին Լյութերի գլխավորությամբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ տարած բողոքական բարեփոխման, որն աջակցում էր աշխարհիկ իշխաններին ընդդեմ Եկեղեցու, Հայ եկեղեցին բարեփոխելու այս վաղ շրջանի փորձերը ձախողվեցին․․․ Հետեւաբար, Հայ եկեղեցու բարեփոխման այս անցյալի անհաջող փորձերի արդյունքում Առաքելական եկեղեցու առաջնորդները դարեր շարունակ անտեղի միջամտել են հայկական աշխարհիկ պետական գործերին: Ինչ վերաբերում է վարչապետի եւ Վեհափառի միջեւ առկա ներկայիս իրավիճակին, մենք այն կարող ենք համեմատել Մարտին Լյութերի եւ Հռոմի պապ Լեւոն X-ի միջեւ եղած հարաբերությունների հետ: Այն, ինչին մենք հիմա ականատես ենք լինում, Երեւանի եւ Էջմիածնի միջեւ տեղի ունեցող բոլոր ձերբակալությունների եւ բացասականության հետ մեկտեղ, Նիկոլի կառավարության կողմից ԱՄՆ օգնությամբ Հայաստան ժողովրդավարական արժեքներ եւ ինստիտուցիոնալ կառույցներ բերելու փորձ է։ Արեւելքից դեպի Արեւմուտք վերջնական անցումն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ զբաղված է Հայաստանից ռուսական ազդեցությունը հեռացնելով եւ Առաքելական եկեղեցին մաքրելով՝ դրա իշխանությունը ենթարկելով հայկական պետությանը։

- Արդյո՞ք այս ամենը տեղի չի ունենում պաշտոնական Երեւանի եւ Բաքվի համագործակցությամբ։ Խաղաղության հաստատման համար Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, չնայած վաշինգտոնյան հռչակագրին:

- Ոչ։ Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Նիկոլ Փաշինյանի գրասենյակին կամ ՀՀ Ազգային ժողովին վերաբերող հարցերում, «չի կատարվում պաշտոնական Երեւանի եւ Բաքվի թողտվությամբ»։ 2018-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր, որն ունի հստակ կապեր Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ, այն միտքը, որ Բաքուն, Մոսկվան կամ Թուրքիան կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ կառավարության գործերի վարման վրա, հորինված պատմություն է։ Այն գաղափարը, որ Ադրբեջանը կարող է արդյունավետորեն փոխել կամ ուղղորդել գործադիր կամ օրենսդիր քաղաքականությունը Հայաստանում, Իլհամ Ալիեւի եւ նրա կառավարության որոշ տարրերի կողմից սերմանված առասպել է՝ Ադրբեջանի ընտրողների աչքում ավելի հզոր թվալու համար։ Ադրբեջանը նաեւ սերմանում է այս առասպելը՝ միջազգային ասպարեզում իր՝ որպես ուժեղ տարածաշրջանային առաջնորդի կերպարը բարձրացնելու հաշվարկված ջանքերով։ Անկախ նրանից, թե ինչ է հրապարակվում կամ տեղադրվում սոցիալական ցանցերում Ադրբեջանի կառավարության կողմից, ընդհակառակը, Բաքուն զրոյական ազդեցություն ունի Հայաստանի ներքին կամ արտաքին գործերի վրա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test