Նոյեմբերի 13-ին Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն գոտու «նախագահ» Թուֆան Էրհյուրմենը կայցելի Անկարա: Այդ մասին սոցիալական հարթակում գրառում է կատարել Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Բուրհանեդին Դուրանը: Փաստը վկայում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս «ընտրություններում» հաղթած գործչին, որ քաղաքական հայացքներով սոցիալիստ է և եվրոպական կողմնորոշման ջատագով, պարզապես «մրցագորգ է հրավիրում»: Դուրանը տեղեկացրել է, որ բանակցություններում «կքննարկվեն երկկողմ օրակարգի բոլոր հարցերը»:
Բանն այն է, որ Էրհյուրմանի «ընտրության» հաջորդ օրը Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը euronews-ին հարցազրույցում հավաստիացրել է, որ պատրաստ է հաջորդ օրն իսկ վերսկսել ութ տարի առաջ ընդհատված բանակցությունները՝ հասնելու «երկհամայնքային Կիպրոսի դաշնային հանրապետության կազմավորմանը»: Կիպրոսի նախագահն, ընդսմին, միավորված կղզի-պետության ապագան պատկերացնում է Եվրամիության տնտեսական և անվտանգային միասնական համակարգում:
Էրհյուրմանի «ընտրությանը» չափազանց կոշտ է արձագանքել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին: Նա կոչ է արել չճանաչել «այդ ընտրության արդյունքները» և Կիպրոսի հյուսիսային հատվածը «Թուրքիային միավորել որպես նրա 82-րդ նահանգ»: Իշխանություններն, ըստ երևույթին, նման քայլի չեն կարող գնալ, Թուրքիան մեծապես կախված է Եվրամիությունից և, ամենայն հավանականությամբ, հարաբերությունների սրացման չի գնա:
Մյուս կողմից, սակայն, Կիպրոսի հարցում կարող են տարաձայնություններ առաջանալ Էրդողանի և Բաչելիի միջև: Արդեն գրեթե մեկ ամիս է, թուրքական մամուլն այդ մասին բավական թափանցիկ ակնարկներ է անում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Չելիկը հերքել է Էրդողան-Բահչելի տարաձայնությունների մասին լուրերը և վստահեցրել, որ նրանք «շաբաթվա ընթացքում անպայման կհանդիպեն»:
Ուշագրավ է, որ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդի և նախագահ Խրիստոդուլիդիսի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում նրանք պայմանավորվել են «առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել»: Մինչ այդ Թուրքիա է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Կիպրոսը նախկին բրիտանական մանդատային տարածք է: Վերջին շրջանում Թուրքիան արձանագրում է Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ընդլայնում և խորացում:
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ներքաղաքական առկա դասավորությամբ Կիպրոսի հարցում որևէ զիջման պատրաստ չէ, բայց գրավյալ հատվածի միջազգային ճանաչման կամ տարածքի բռնակցման ռեսուրսներ էլ չունի: Հավանական է թվում, որ Էրդողանը պարզապես խնդիր է դնելու, որ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդը նախագահ Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններ չսկսի: Այդ դեպքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրավիճակն ավելի կսրվի, և թուրք-իսրայելական լարվածությունը նոր դրսեւորումներ կունենա: Իսրայելցի վերլուծաբանների գնահատմամբ, Էրդողանը ձգտում է Իսրայելի հետ «ուղղակի առճակատման չհասնել, բայց նախապատրաստվում է խորքային հարվածների»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test