mediamax.am
Ներկայացնում ենք ամերիկյան Stars and Stripes պարբերականում հրապարակված The mirage of the TRIPP Corridor: Why Washington should not trade principles for illusions հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Դեն Քալմիկ հետխորհրդային տարածաշրջանի փորձագետ է, 2001-2008 թվականներին եղել է Յեյլի եւ Օքսֆորդի համալսարանների ավագ դասախոս:Դեն Քալմիկ Վերջերս Stars and Stripes-ում հրապարակված հոդվածը, որը պաշտպանում է ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ այսպես կոչված TRIPP միջանցքի միջոցով, ավելի շատ նման է մտածված լոբբինգի, քան ռազմավարական վերլուծության։ Հոդվածի լավատեսության հետեւում ծանոթ օրակարգ է թաքնված՝ վերացնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւի բարոյական եւ իրավական հիմքերը՝ վերջին պատնեշը Հարավային Կովկասում ագրեսիան խրախուսելու դեմ:Հեղինակը ներկայացնում է Ադրբեջանը որպես «հուսալի գործընկեր» եւ «պատվար» Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ: Այս պարզունակ պատումը կփլուզվի նույնիսկ ամենափոքր ուսումնասիրության արդյունքում: Բաքվի արտաքին քաղաքականությունը երբեք Արեւմուտքի հետ հետեւողական համագործակցության մասին չի եղել. ընդհակառակը, այն հարմարվողական հավասարակշռության դասագրքային օրինակ է: Ադրբեջանը համակարգում է ռազմական գործողությունները Թուրքիայի հետ, ազատ առեւտուր է անում Իրանի հետ եւ պահպանում է բարեկամական կապեր Ռուսաստանի հետ՝ օգնելով շրջանցել պատժամիջոցները նավթի արտահանման գործում: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը Չինաստանի հետ իր հարաբերությունները բարձրացրել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ թույլ տալով Պեկինին անմիջականորեն ազդել իր լոգիստիկայի եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա: ԱՄՆ դաշնակից չլինելով՝ Ադրբեջանը դարձել է Պեկինի արեւմտյան ընդլայնման հանգույց՝ հենց այն զարգացումը, որին Վաշինգտոնն ուզում է հակազդել։Հոդվածի կենտրոնական փաստարկը, որ TRIPP նախաձեռնությունը «կուժեղացնի ԱՄՆ ազդեցությունը եւ կզսպի Չինաստանը», անտեսում է այս հակասությունը: Նույն ենթակառուցվածքը, որը ենթադրաբար կիրականացնի «ամերիկյան կապը», իրականում կտեղափոխի չինական կապիտալ, տեխնոլոգիաներ ու ապրանքներ: Այս պայմաններում 907-րդ բանաձեւի չեղարկումը նշանակում է ոչ թե ռազմավարություն, այլ ինքնազինաթափում: Այս քայլը կսուբսիդավորի այն վարչակարգը, որն արդեն ռազմավարական միջանցքներ է տրամադրել Պեկինին՝ շարունակելով անկայունացնել իր ժողովրդավարական հարեւան Հայաստանը։
Երկրորդ մոլորությունը բարոյական է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության 2023 թվականի էթնիկ զտումը հեղինակը համարում է փոքրիկ անախորժություն, որն արժե մոռանալ: Շաբաթների ընթացքում տեղահանվեց ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, դարավոր մշակութային հուշարձաններն ու եկեղեցիները սպառնալիքի տակ են, իսկ մարդասիրական օգնությունը մնում է սահմանափակ: Անտեսել այս իրականությունը հանուն խողովակաշարերի եւ երկաթուղիների նշանակում է ազդանշան տալ աշխարհի ագրեսորներին, որ մարդու իրավունքներն ու ինքնիշխանությունը բանակցելի են, եթե աշխարհագրությունը օգտակար է: TRIPP-ի պատումը Վաշինգտոնի արժեքային դիվանագիտությունը վերածում է ապրանքի, որն աճուրդի է հանվել նավթի եւ տարանցման իրավունքների համար ամենաբարձր գին առաջարկողների համար:Երրորդ. տնտեսական փաստարկը ապացույցներ չունի: Հեղինակը պատկերացնում է անխափան միջանցք Կենտրոնական Ասիայի հազվագյուտ հանքանյութերը Կասպից ծովով Եվրոպա տեղափոխելու համար, սակայն որեւէ տվյալ չի տրամադրում ներդրումների իրագործելիության, կարգավորման թափանցիկության կամ մատակարարման անվտանգության վերաբերյալ: Գործնականում Ադրբեջանը թափանցիկության ցածր վարկանիշ ունի, շահածախված է, իսկ խոշոր ենթակառուցվածքների առումով կախված է չինական ֆինանսավորումից: Ավելի հիմնարար է այն, որ հոդվածում տարածաշրջանը ներկայացված է որպես շախմատի տախտակ, որի վրա ԱՄՆ-ն պետք է ընտրի Ադրբեջանը՝ Ռուսաստանին եւ Իրանին հակազդելու համար: Այս սառըպատերազյան մտածելակերպը բարդ հասարակությունները վերածում է խաղաքարերի եւ անտեսում տեղական հետեւանքները: Հայաստանը՝ տարածաշրջանի միակ ժողովրդավարությունը եւ Միացյալ Նահանգների պատմական գործընկերը, դիտարկվում է որպես կողմնակի վնաս՝ հնացած դաշնակից, որը զոհաբերվում է ռեալիզմին: Սակայն իրական ռեալիզմ է ընդունել, որ կայուն ազդեցությունը չի կարող հենվել անձնիշխան գործընկերության վրա: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ գործարքային դաշնակիցները դառնում են ծանր բեռ, երբ վարչակարգը փոխվում է կամ շահերն այլեւս չեն համընկնում: Ադրբեջանում լրատվամիջոցների բռնաճնշումը, ժառանգաբար փոխանցվող իշխանությունը եւ ռազմական արկածախնդրությունը այն անկայուն խարիսխ են դարձնում ԱՄՆ ռազմավարության համար։907-րդ բանաձեւը չեղարկելու կոչը մարմնավորում է այս կարճատեսությունը։ 1992 թվականին ընդունված օրենքը ԱՄՆ օգնությունը պայմանավորում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակումով եւ ուժի կիրառման դադարեցմամբ։ Այն էթնիկ լոբբինգի արդյունք չէր, այլ երկկուսակցական համաձայնություն, որ ամերիկյան օգնությունը չպետք է խրախուսի ագրեսիան։ Այդ պայմանները ոչ միայն պահպանվել են, այլեւ գագաթնակետին են հասել 2020 եւ 2023 թվականների հարձակումներով։ Բանաձեւի չեղարկումը կպարգեւատրի հենց այն վարքագիծը, որն այն պետք է կանխեր։ Արտոնություններն արդեն իսկ ճկունություն են ապահովում ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում համագործակցության համար. չեղարկումը պարզապես կնշանակի, որ հարկադրանքը որեւէ գործողություն չի պահանջում։Վերջապես, հոդվածը բաց է թողնում մի մեծ ռազմավարական պարադոքս. շտապելով իր գիրկն առնել Ադրբեջանը, Վաշինգտոնը կարող է օտարացնել ինչպես ժողովրդավարական Հայաստանը, այնպես էլ իր ամերիկահայ ընտրազանգվածին՝ քաղաքականապես ակտիվ համայնքին, որը մշտապես աջակցել է պատասխանատվությանը եւ պատերազմական հանցագործությունների դեմ պատժամիջոցներին ուղղված երկկուսակցական քայլերին։ Ոչ մի կայուն տարածաշրջանային ռազմավարություն չի կարող հաջողել, եթե երկրի ներսում անտեսվի բարոյական հետեւողականությունը։ TRIPP միջանցքը ոչ այնքան խաղաղության տեսլական է, որքան ազդեցություն ունենալու պատրանք։ Այն շփոթում է աշխարհագրությունը հավատարմության հետ, իսկ առեւտուրը՝ կայունության։ Իրական ամերիկյան կայուն քաղաքականությունը առաջնահերթություն կտար ներգրավվածությունը, հավասարակշռված տարածաշրջանային դիվանագիտությանը եւ 907-րդ բանաձեւի կիրառմանը։ Այն կհասկանար, որ զսպումը պահպանում է ազդեցությունը։Վաշինգտոնը պետք է հիշի այն դասը, որը բոլոր կայսրությունները շատ ուշ են սերտում. երբ բարոյական լծակները փոխարինվում են նպատակահարմար դաշինքներով, երկուսն էլ կործանվում են։ ԱՄՆ-ն ոչինչ չունի շահելու՝ կապակցվածության պատրանքի տակ անձնիշխան արկածախնդրությունը ֆինանսավորելով։ Հարավային Կովկասում իրական կայունության ճանապարհը սկսվում է ոչ թե նոր միջանցքներից, այլ ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու քաջությունից։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test