Օրերս գրել էինք, որ Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատվել է Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարդան Ասատրյանը: Երեկ տեղեկացանք, որ նա վերադառնում է դպրոց, բայց ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, այլ՝ ուսումնական գծով փոխտնօրենի։
Մաթեմատիկայի 73-ամյա ուսուցիչը, որը 50 տարուց ավելի դպրոցում է աշխատում, չէր պատկերացրել, որ իրենց գյուղում քարոզարշավ իրականացնող ընդդիմադիր կուսակցությունից մեկի հավաքին ակամա մասնակից լինելու պատճառով կարող է հեռացվել պաշտոնից։ Հայթաղի դպրոցում ասացին՝ շաբաթ օր է եղել, ինքն էլ խանութ է գնացել՝ տնային հողաթափերով, դուրս է եկել ու հանդիպել քարոզարշավ անող խմբին, կանգնել է ու լսել։ «Նույնիսկ ոչ աշխատանքային օրով է մասնակցել քարոզարշավին, ինչ է` չի՞ կարելի։ Բա ծրագրերին ո՞նց ծանոթանա, ո՞նց կողմնորոշվի։ Մտավորական մարդ է, սրա-նրա ասածով ու ուղղորդմամբ չի առաջնորդվում։ Պետք է լսի, կշռադատի, որ ճիշտ ընտրություն կատարի»,- քննարկում են դպրոցում։
Թե ով է Ասատրյանին նկարել ու տեսագրությունն ուղարկել Արմավիրի մարզպետին, դպրոցում չեն ասում։ Ասատրյանն ինքն էլ է անակնկալի եկել, երբ մարզպետարանից կանչել, ցույց են տվել տեսագրությունն ու ասել, թե աշխատանքային օրերին զբաղվում է քարոզչությամբ։ Տեսագրության հիման վրա էլ տնօրենի ԺՊ-ի լիազորությունները դադարեցրել են, թեեւ տեղի ունեցածը բացարձակ ապօրինություն է։
Վաստակաշատ ուսուցչի նկատմամբ անարդար վերաբերմունքը զայրացրել է դպրոցի ողջ աշխատակազմին։ Ուսուցիչների խումբը հավաքվել` գնացել է մարզպետարան, հանդիպել մարզպետ Խաչատրյանի հետ, ինչից հետո որոշում է կայացվել՝ Վարդան Ասատրյանին ուղարկել արձակուրդ, իսկ վերադարձից հետո վերականգնել ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնում։ Վարդան Ասատրյանը դպրոցի փոխտնօրեն է եղել նախկին տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանի պաշտոնանկությունից առաջ։ Այն օրվանից, ինչ Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից, ու տնօրենի ԺՊ է նշանակվել մաթեմատիկայի ուսուցիչը, դպրոցում կրքերը մարել են, խարդավանքները՝ պակասել։ Ուսուցիչները դա վերագրում են Ասատրյանի հավասարակշռված ու պրոֆեսիոնալ աշխատանքին։ Հենց նրա մանկավարժական անբասիր նկարագիրն էլ, թերեւս, վախեցրել է Արմավիրի մարզպետին, եւ նա ոչ միայն հեռացման մտքից է հրաժարվել, այլեւ խոսք անգամ չի ասել քաղաքական դրդապատճառի մասին։
Տարեց ուսուցչին սթրեսի ենթարկելուց հետո նրան կրկին կվերադարձնեն դպրոց։ Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի «սուրբ տեղը» դատարկ չի մնացել` Ասատրյանի գնալուց երկու-երեք օր հետո այդ պաշտոնին է նշանակվել տնօրենի հավակնություններով ու հավաստագրով՝ Փարաքարի դպրոցից գործուղված ուսուցչուհին։ «Փաստորեն, այս թատրոնը նոր տնօրենի համար էր։ Թող այդպես էլ ասեին, ոչ թե խեղճ Ասատրյանի գլխին սարքեին, թե քարոզարշավի է մասնակցել»,- ասացին դպրոցում։
ՀԳ․ Այն, որ «իրական» Հայաստանում ազատ խոսքը կաղապարվում, այլախոհները՝ բանտարկվում, հանիրավի պաշտոնանկություններն էլ հաճախադեպ են դառնում, արդեն զարմանալի չէ։ Զարմանալի է արժանապատիվ հայի տեսակի անհետացումը․ հասնող, օգնող, կարեկցողի տեսակից «գործ տվողի» տեսակին սահուն անցումը։ Սիրո կեղծ խոստումներով իշխանության եկած ՔՊ-ն կարողացավ չարի սերմերից «ստուկաչներ» բուծել, որոնք հանուն մի հացափոր վերաբերմունքի «փուռն են տալիս» նույնիսկ բարեկամին, ընկերոջը, հարեւանին։
Արեգ Մարգարյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test