ՔՊ-ն իշխանության եկավ, որպեսզի պետությանը վերադարձներ նախկինների թալանը, բայց ինքը դարձավ իսկական թալանչի։ Օրինական ու անօրինական միջոցներով թալանում են պետությունն ու վատնում պետական միջոցները։
Նախկին «թալանչիների» ժամանակ ո՞վ կարող էր պատկերացնել, որ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ խորհրդատվական ծառայության համար պետական բյուջեից վճարել շուրջ 8.6 մլն դոլար։ Այն էլ այնպիսի մի ծրագրի համար, որի իրականացումը մասնագետները ոչ հիմնավորված, ոչ էլ իրատեսական են համարում։
Խորհրդատվության մատուցում առաջին անգամ չէ, որ ձեռք է բերվում, նախկինում էլ են ձեռք բերել։ Դա երբեմն անհրաժեշտություն է։ Բայց երբևէ չի եղել, որ այդքան խոշոր գումար վճարվի նման ծառայության դիմաց։ 8.6 միլիոնն ահռելի գումար է խորհրդատվության համար։ Պատկերացնելու համար, թե դա ինչ է իրենց ներկայացնում, ասենք, որ դրսից գալու են ինչ-որ մարդիկ, լուրջ դեմքերով ինչ-որ խորհուրդներ են տալու կառավարությանը, առաջարկություններ են ներկայացնելու՝ վերցնելու են 8.6 մլն դոլարն ու գնան։ Ինչ կլինի, չի լինի ծրագրի հետ, նրանց քիչ է հետաքրքիր։
Եթե նման բան նախկինում լիներ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները, հասարակական կազմակերպությունները մեծ վայնասուն կբարձրացնեին՝ իշխանություններին մեղադրելով պետական միջոցները թալանելու ու վատնելու մեջ։ Այսօր սակայն կարող են հանգիստ իրենց թույլ տալ պետական բյուջեից 3.3 մլրդ դրամ կամ շուրջ 8.6 մլն դոլար վերցնել ու վճարել արտասահմանյան մի ընկերության, որպեսզի «Ակադեմիական քաղաքի» կառուցման իշխանությունների երևակայական ծրագրի համար խորհրդատվություն մատուցեն։ Ու դա անում են ոչ թե մրցույթ հայտարարելով, այլ ուղղակի, մեկ անձից գնման միջոցով։
Թե առանց մրցույթի ինչպե՞ս որոշեցին, որ այդ ծառայության արժեքը 8.6 մլն դոլար է, և ոչ, ասենք՝ 2 միլիոն, երևի միայն իրենք գիտեն։ Որոշել են, որ այդ ծառայությունը կարող է մատուցել մեկ ընկերություն ու այդ ընկերությունը բրիտանական ընկերություն է՝ «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդը»։
Ուղղակի գնման ձևով պատրաստվում են պետական բյուջեից նրան վճարել 8.6 մլն դոլար՝ տարիներ շարունակ իշխանության կողմից շրջանառվող «Ակադեմիական քաղաքի» կառուցման ծրագրին խորհրդատվություն մատուցելու համար։ Ծրագիր, որի ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը։
Խորհրդատական ծառայության ձեռքբերման համար մրցույթ չեն հայտարարել, բայց որոշել են, որ գինը 8.6 մլն դոլար է։ Իսկ գուցե՞ մրցույթ հայտարարեին, ու այլ մասնակիցներ, նույն ծառայության համար, պատրաստ լինեին շատ ավելի ցածր գին առաջակել։ Հատուկ մրցույթ չեն հայտարարել, որովհետև կարող էր այնպես ստացվել, որ իրենց նախընտրած ընկերությունը, բրիտանական «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդը», չհաղթեր ու դուրս մնար։
Ահա թե ինչու մրցույթ չեն արել, ոչինչ, որ դրա արդյունքում պետությունը կարող էր միլիոնավոր դոլարներ խնայել։
Դեռ չենք ասում, թե ընդհանրապես ինչքանո՞վ է նպատակահարմար գումար ծախսել մի ծրագրի վրա, որի իրականացման հեռանկարները խիստ անորոշ են։ Պետությունը չունի ու հեռանկարում էլ չի ունենալու այն գումարները, որոնք անհրաժեշտ են նման ծրագիր կյանքի կոչելու համար։ Խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է։ Իրենք էլ չգիտեն, թե որտեղի՞ց են վերցնելու այդ գումարը, բայց «Ակադեմիական քաղաք» են կառուցում, խորհրդատվության համար էլ 8.6 մլն դոլար են պատրաստվում վճարել։
Մի երկրում, որտեղ բնակչության 23-24 տոկոսն աղքատ է, ո՞ւմ հաշվին են նման ճոխ ծախսեր անում։ Կենսաթոշակ ու նպաստ բարձրացնելու փող չունեն, բայց միլիոնավոր դոլարներ են տալիս խորհրդատվության համար։ Եվ ինչո՞ւ միայն խորհրդատվության համար։ Երբ նայում ես, թե ինչի վրա են վատնում պետական բյուջեի գումարները, ապշում ես։
Կառավարության աշխատակազմը գաղտնի ընթացակարգով, առանց մրցույթի, 207 մլն դրամ կամ 540.000 դոլար է հատկացնում մի ՀԿ-ի, զուտ նրա համար, որ դրա հիմնադիրն ու արդեն նախկին նախագահը գրքույկ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» մասին։ Նիկոլ Փաշինյանն էլ վարձահատույց է լինում ու գաղտնի որոշումներով, պետական բյուջեից այդ ՀԿ-ին տարեկան տասնյակ-միլիոնավոր դրամներ է տալիս։ Խոսքը մի հասարակական կազմակերպության մասին է, որ բացարձակ կապ չունի կառավարության հետ։ Բայց կառավարությունը նման առատաձեռնություն է ցուցաբերում նրա նկատմամբ։
Շուրջ 8 մլն դոլար են պատրաստվում վճարել մասնավոր ավիաընկերություններին՝ ավիատոմսերի գները սուբսիդավորելու համար։ Կարծես ավելի հրատապ ու առաջնային տեղ չկար այդ գումարները ծախսելու համար։
125.000 դոլար են տվել, որպեսզի ՆԳ նախարարի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերեն։ Եթե այդ ծառայողական մեքենան, ասենք՝ 50 կամ 60 հազար դոլարանոց լիներ, երևի նախարարին չէր կարողանա տեղափոխել։
Բյուջեի փողերն այսպես վատնում են, գնում վարկեր ու պարտքեր են վերցնում։
Ինչպե՞ս կարող է 24 տոկոս աղքատություն ունեցող երկրում գրեթե 333 մլն դրամ կամ 865.000 դոլար ծախսվել «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակում մի քանի համերգային ծրագրեր ֆինանսավորելու համար։ Ու կրկին առանց մրցույթի, առանց մրցակցության, մեկ անձից գնման միջոցով։ Կարծես տարեսկզբին չգիտեին, որ նման միջոցառումներ են կազմակերպելու։
Գիտեին, բայց հատուկ մրցույթ չեն արել, ուղիղ պայմանագիր են կնքել մի ընկերության հետ, որի հետ մշտապես կնքում են նման պայմանագրեր, ու այդպես էլ անհայտ է մնում, թե ինչպե՞ս է ձևավորվում այդ գինը։
Մեկ անձից գնումների կոռուպցիոն ռիսկերի մասին բազմիցս է խոսվել։ Բայց իշխանությունները համառորեն շարունակում են մեծ գումարների մեկ անձից գնումներ կատարել։ Թե ինչո՞ւ, մնում է գուշակել։
Առաջնային կարևորության բազմաթիվ խնդիրներ թողած՝ միլիոններ են ծախսում տարատեսակ միջոցառումներ ֆինանսավորելու, ֆեստիվառներ ու համերգներ կազմակերպելու, անիմաստ ու ժամանակավրեպ ծախսեր կատարելու համար։
Մի քանի տարի առաջ 71 մլն դրամ վճարեցին՝ Երևանի համար նոր գլխավոր տոնածառ ձեռք բերելու համար։ Այս տարի քաղաքապետարանը պատրաստվում է 50 մլն դրամ ծախսել, որպեսզի փոխի տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։
Մի քանի հարյուր միլիոն էլ կծախսեն ամանորյա միջոցառումների ու տոնական զարդարանքների վրա։ Հետո էլ կասեն, թե փող չկա ավտոբուսներ ու տրոլեյբուսներ ձեռք բերելու, մետրոյի կայարան կառուցելու համար։
Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր սեփական միջոցներով 45 տրոլեյբուս գնել։ Բայց պարզվում է՝ փող չունի ու գնելու են պետական բյուջեի փողերով։ Այն դեպքում, երբ քաղաքային բյուջեից կարող են հսկայական միջոցներ տրամադրել տարբեր ռանգի հասարակական կազմակերպությունների, հայտնի ու անհայտ կառույցների։
Նախկիններին էին մեղադրում, իրենք են զբաղված պետությունը թալանելով ու եղած միջոցները վատնելով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test