Իշխանությունը չի հրաժարվում ԱԺ կայուն մեծամասնության տխրահռչակ սկզբունքից. Սուրենյանց
sputnik
ԵՐԵՎԱՆ,10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները չեն ուզում հրաժարվել կայուն մեծամասնության տխրահռչակ սկզբունքից.
Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող հերթական փոփոխությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Կայուն մեծամասնության սկզբունքը ամենաավտորիտար դրսևորումներից մեկն է և ամենևին էլ չի նպաստում քաղաքական դաշտի բալանսավորմանը կամ քաղաքական դաշտի զարգացմանը դեմոկրատական ճանապարհով»,– նկատում է Սուրենյանցը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անցած շաբաթ հայտնեց, որ Սահմանադրության փոփոխությունների շարքում նախատեսվում են նաև խորհրդարանական ընտրակարգի փոփոխություններ։ Ըստ այդմ` եթե համապետական ընտրությունների արդյունքներով որևէ մեկ կուսակցության կամ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու միջոցով չի հաջողվում ձևավորել խորհրդարանական մեծամասնություն, ընտրությունը համարվում է չկայացած և նշանակվում է նոր ընտրություն (այլ ոչ թե երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ուժերը), որին կարող են մասնակցել քաղաքական բոլոր միավորները։
Սուրենյանցի դիտարկմամբ`առաջարկվող այս փոփոխությամբ խորհրդարանական կայուն մեծամասնության պահանջը ոչ թե դուրս է գալիս, այլ տեղափոխվում է երկրորդ ընտրություն։ Մինչդեռ դրա փոխարեն իշխանություն պետք է ընդհանրապես հրաժարվեր կայուն մեծամասնության ձևավորման սկզբունքից։
«Դա ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերի պահանջն է։ Ես գիտեմ, որ այդ սկզբունքի պատճառով Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն նաև արտերկրում։ Հիմա սա այս իշխանության կիսատ–պռատության հերթական դրսևորում է։ Կամ կայուն մեծամասնության սկզբունքը հանեք ընդհանրապես, կամ նման էքսպերիմենտներ մի արեք։ Եթե գտնում եք, որ կառավարման համակարգի մեջ խնդիր կա, փոխեք կառավարման համակարգը»,– ասում է վերլուծաբանը։ Առաջարկվող փոփոխության հիմնավորումներից մեկը, նրա խոսքով, 2-րդ ընտրության դեպքում ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտից խուսափելն է, մինչդեռ իրականում այն որևէ երաշխիք չի տալիս։ Ավելին` քաղաքական առևտուրը, նրա համոզմամբ, ավելի առարկայական է դառնալու, և իշխանությանը թույլ է տալու ինչ–որ միջամտություններ անել միջանկյալ փուլում` մինչև 2-րդ ընտրություն պոտենցիալ հակառակորդներից ազատվելու համար։
Բացի այդ, համապետական ընտրությունը լուրջ ծախս է պետության համար։ Ուստի ստացվում է, որ իշխանությունը մեկ ընտրության փոխարեն պետք է 2–ը կազմակերպի հարկատուի հաշվին` գիտակցելով, որ առաջին ընտրությամբ կայուն մեծամասություն չի ձևավորվելու։
Հավելենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ. հունիսին։