Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իմ ՔՊ-ական ոդիսականը․ Ռեստարտ․ Հովիկ Աղազարյան. «Երկրի իրական կողմը» hraparak.am hraparak.am

time
Իմ ՔՊ-ական ոդիսականը․ Ռեստարտ․ Հովիկ Աղազարյան. «Երկրի իրական կողմը»

Օրերս ԱԺ պատգամավոր, ՔՊ նախկին անդամ Հովիկ Աղազարյանի գրքի շնորհանդեսն էր։ Նա իր գիրքը Նիկոլ Փաշինյանի գրքի հանգույն վերնագրել է «Երկրի իրական կողմը»։ Գրքի բովանդակությունը հեղինակը բաժանել է գլուխների, որտեղ նկարագրել է իր կյանքի տարբեր դրվագներ։ Նաեւ այն, թե ինչպես հայտնվել Քաղպայմանագիր կուսակցությունում, ինչպես դարձավ պատգամավոր, ապա ինչ հանգամանքների պատճառով հեռացվեց կուսակցությունից եւ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում»։ Եթե որեւէ այլ ապացույց հետագայում իրավապահները չկարողանան ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիներին կատարած օրինազանցությունների մասին, Հովիկ Աղազարյանի գիրքը բավական է, որ նրան դատեն իշխանազանցության, սահմանադրական կարգը տապալելու եւ բազում այլ մեղադրանքներով։ Մենք մի քանի հատված կհրապարակենք այս գրքից, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվել այս տարիներին իշխանության մեջ եւ ՔՊ խոհանոցում։

Ռեստարտ

ՏԻՄ ընտրություններում, նոր Կյանքում արձանագրված հաջողությունը չհաշված, (Գարիկ Սարգսյանն ընտրվեց գյուղապետ), մյուս վայրերում ֆիասկո ապրեցինք։ Կեսգիշերին մոտ մտա Գյումրիի մեր շտաբը․ Նիկոլը նստած էր անտրամադիր ու հոգնած։ Անձամբ ինքը շատ-շատ մեծ ջանք էր թափել։ Ընդհանուր թիմն էլ շատ լավ էր աշխատել, բայց կոնկրետ Գյումրիի թիմը թույլ էր։ Ավագանու անդամության թեկնածուները, նույնիսկ հիսուն հազար դրամ ընտրագրավը չէին վճարել, որովհետև վստահություն չունեին, որ 5%-անոց շեմը կհաղթահարեն ու ընտրագրավը հետ կստանան։

Չհաղթահարեցինք 5%-անոց շեմը։

Վարչությունը հրաժարական տվեց, և 2016 թվականի աշնան վերջում ընտրվեց նոր Վարչություն, ես ընտրվեցի Վարչության անդամ։ Այն էլ ասեմ, որ այդ ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեղմ ասած, այնքան էլ բազմամարդ չէր, և գրեթե բոլորն իրար ճանաչում էին։

Նախաձեռնող խմբի նիստերն ավելի ու ավելի ակտիվ էին անցնում։ Փաստորեն շատ լավ հարթակ էր՝ մտքերի բախում, տեսակետների ազատ արտահայտում, իսկը քաղաքական հասունացման դարբնոց։ Հերթական նիստերից մեկի ժամանակ քննարկման թեման կադրային հարցն էր։ Ես, նույնպես ելույթ ունեցա ու մասնավորապես ասացի, որ այն փոքրիկ դահլիճում ես երկու կառավարության կազմ եմ տեսնում (վերջերս Արփի Դավոյանը բավականին լայն շրջապատում բոլորին հիշեցրեց այդ մասին)։ Բայց ես այն ժամանակ ուրիշ բան էլ էի ասում։ Մոտենում էին Ազգային Ժողովի հերթական ընտրությունները, և ամեն առիթով իմ երիտասարդ թիմակիցների հետ խոսում էի այդ թեմայով. նպատակս նրանց մոտիվացնելն էր։ Մի օր՝ հերթական քննարկումից հետո, երեք երիտասարդ ընկերներս և ես զբոսնում էինք երեկոյան Երևանում․․․

․․․ Գիտե՞ք տարվա որ եղանակն եմ ամենից շատ սիրում, չգիտեք։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, իհարկե ո՛չ։ Չեք կարող գուշակել, եթե նույնիսկ տասներկու հնարավորություն տամ, բաա՜։ Բայց ես ձեզ կասեմ, կասեմ թե տարվա որ եղանակն եմ ամենից շատ սիրում։ Ուրեմն՝ ես սիրում եմ գարունը, ամառը, աշունը և ձմեռը, ու երբեք ինձ հարց չեմ տվել, թե ինչու։ Հիմա՝ այս տողերը գրելիս, հասկացա թե ինչու։

Ուզում էի մի երկու խոսք ասել երեկոյան Երևանի մասին ու հիշեցի՝ այդ օրը, երբ զբոսնում էինք, ձմեռ էր, ու հասկացա, որ տարվա բոլոր եղանակները սիրել եմ Երևանով, որովհետև Երևանը սիրել եմ ամեն օր, և այդ ամեն օրերից մի մասը համընկել է գարնան հետ, մի մասը՝ ամռան, մի մասը՝ աշնան, ու մի մասն էլ՝ ձմռան։ Դուրս է գալիս, որ ես Երևանով աշխարհն եմ սիրել։ Չեմ կարծում, որ այստեղ ես օրիգինալ եմ, բայց բոլոր դեպքերում, յուրաքանչյուրս ունենք մեր ընկալումը։ Մայթերի տեղ-տեղ չմաքրված մերկասառույցը հենց այդ նույն հատվածներում շենքերից կախված սառույցի խրցերը, որոնք փայլում են գովազդային վահանակների լույսերի տակ, աղջիկներն ու կանայք, որոնք իրենց մարմինները թաքցրել են տաք վերարկուների տակ ու խնամքով պահպանում են՝ գարնանային Երևանում ի ցույց դնելու։ Այս ամենը շատ հարազատ, իրական, շոշափելի էր ու զգայական։ Նոր էինք ավարտել քննարկումները, բայց դեռ դրանց ազդեցության տակ էինք։

-Գիտե՞ք՝ ինչ տպավորություն եմ ստանում վերջին քննարկումներից,- որպես թեմայի շարունակություն և ակնհայտորեն, ինչ-որ նոր բան ասելու երանգավորմամբ ասացի ես,- բոլորին թվում էր, թե ես ուզում եմ դառնալ Ազգային Ժողովի պատգամավոր։

Մի պահ կանգնեցինք և երեքն էլ աչքերը չռեցին վրաս։

Այդ ընտրություններում Մխիթար Հայրապետյանն էր մեր շտաբի պետը, առաջին ընտրատարծքն էր, որտեղ «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված էին Մանե Թանդիլյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Հակոբ Ասլանյանը, ես և էլի մի քանի հոգի։ Մանե Թանդիլյանը չմտավ մեր թիմային տրամաբանության մեջ և քարոզարշավ էր իրականացնում ինքնուրույն։ Դատելով արտաքին գովազդների ծավալներից, շտաբների քանակից այլ ակնհայտ էլեմենտներից, որոնք ֆինանսական ապահովում էին ենթադրում, դժվար չէր եզրահանգում անել, որ Մանե Թանդիլյանը հսկայական գումարներ էր ծախսում քարոզարշավի վրա։ Ես այս հարցով կիսվեցի Նիկոլի հետ․

Եկավ բուն քվեարկության օրը։ Ալեքսանդր Ավետիսյանի կինը ընտրական տեղամասերից մեկում վստահված անձ էր։ Կեսօրվա մոտ զանգել էր ամուսնուն ու տեղյակ պահել, որ իրենց տեղամասում ինչ-որ խնդիրներ կան։ Ալեքսանդրը եկավ շտաբ ու մեզ ներկայացրեց խնդիրը։ Վեր կացանք, որ գնանք, Մխիթարը խնդրեց, որ ես մնամ շտաբում (յանի մեծ մարդ ես, այնտեղ կարող է «կիլդիմ» լինի)։ Իհարկե, հաջորդ պահին զգաց, որ չէր կարելի ինձ այդպիսի բան ասել, բայց դե՛։ Հասանք տեղամաս․ մանկապարտեզի շենքում էր։ Մինչև բուն քվեարկության դահլիճը միջանցք էր՝ քիչ երկարոտ ու ոչ այնքան լայն։ Մխիթարը լեգիտիմ իրավունք ուներ տեղամաս մտնելու, մյուսներս՝ ո՛չ, ու մնացինք դրսում։ Երբ Մխիթարը դուռը բացեց ու մտավ ներս, նկատեցի, որ միջանցքում մարդիկ էին հավաքված։ Չմտնել չէի կարող։ Մտա։ Տանից տեղից հեռու, կարծես մտա մի տեղ, որտեղ հոգեհանգստի արարողություն էր։ Իրականում այն ամենը, ինչ տեղի էր ունենում ընտրատեղամասում հոգեհանգստի արարողությունից ավելի ծանր մի բան էր՝ մարդկային ոգու, մարդկային էգոյի ոչնչացում։ Նեղ միջանցքի երկու կողմերում կանգնած էին վեցական երիտասարդ՝ ձիգ տղերք՝ հագած, կապած։ Ակնհայտ էր, որ հնարավոր չէր անցնել այդ շարքերի միջով առանց որևէ մեկին կպնելու։ Դե պարզ էր, «տասովշիկներն» էին․ յուրաքանչյուրը սպասում էր այն երեսուն-քառասուն հոգուն, ում հետ մտել է «արիշ-վերիշների» մեջ։

․․․ Քաղաքացին տեղամասի դուռը բացում էր և հայտնվում անարգանքի ու նսեմացման միջանցքում, ուզած-չուզած աչքերով փնտրում էր իր՝ «սեփական» «տասովշիկին», գտնում էր այդ անդեմ հայացքը ու զոհի հեզությամբ շարժվում առաջ․ հավերժություն տևած մի պահից հետո, արդեն, թիկունքով է լինում դեպի այդ անդեմ հայացքը, բայց ծոծորակի վրա զգում է այդ հայացքի սրությունը մինչև մտնում է քվեարկության համար նախատեսված դահլիճ։ Դուռը փակելուց հետո իրեն թվում է, թե ազատվեց անդեմ հայացքի սուր ազդեցությունից, բայց, ավա՜ղ, հանձնաժողովում նստած, կամ վստահված անձի կարգավիճակով դահլիճում գտնվող իր «տասովշիկի»՝ «սեփական տասովշիկի» գործընկերոջ հայացքն ամեն ինչ գցում է տեղը․ ծոծորակի վրա նորից զգում է անդեմ հայացքի սրությունը, իսկ իր «տասովշիկի»՝ սեփական «տասովշիկի» գործընկերից ստանում էր «контролний вистрел»-ը: Կոտրված ու խեղճացած իր «ներդրումն» է ունենում իշխանության ձևավորման գործընթացում։

․․․․ Հիշում եմ, երբ Գյումրիից քայլում էինք դեպի Երևան, Հրազդանի մոտակայքում Նիկոլը մի քանի հոգու ներկայությամբ կարդաց իր ճառի նախնական տարբերակը (ճառը պետք է արտասաներ Երևանում առաջին հանրահավաքի ժամանակ) կարծիքներ լսելու համար։ Այդ ճառում շատ խիստ, ըստ էության, վիրավորական գնահատականներ էր տվել ընտրակաշառքով քվեարկողներին։ Անկեղծ ասած, շատ առիթներով ես ավելի խիստ գնահատականներ եմ տվել՝ ընդհուպ մինչև «Ավելի լավ է մարդ իր կնոջը ծախի, քան իր ձայնը», բայց հետագայում ես վերանայեցի իմ տեսակետը հետևյալ հաստատումների հենքի վրա։

Ես վերանայեցի իմ տեսակետը և հասկացա, որ մարդիկ ուղղակի ազատագրվելու խնդիր ունեն, ազատագրում թալանի «ասպետներից», ազատագրում անարդարության ճիրաններից, ազատագրում Արցախի համար «պայքարողներից»։ Ես առաջարկեցի, որ Նիկոլը վերանայի իր միտքը, որովհետև նա կարող էր հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր հոգեբանական ծանր ապրումներ ունեն հա՛մ հեռացնեն մեզանից, հա՛մ էլ խորացնեն իրենց հոգեբանական ծանր վիճակը։ Նիկոլը ընդունեց իմ դիտողությունը և հետո շատ ավելի լավ ձևակերպում գտավ։

- Չէ՛, հոպար ջան, արդեն քվեարկել ենք,- կարգին Հայկոյի հերոսներից մեկի ոճով, ծոր տվեց տղաներից մեկը։

- Իմ տարիքը պետք չի հարգել․ ասե՛ք ձեր ասելիքը։

Անհավանական, ակնթարթային լռություն տիրեց, հավերժական լռություն ու դատարկություն, հոգու դատարկություն։ Ու այդ հավերժության մեջ մտածում ես՝ ինչո՞վ են էս ջահել, հավեսին տղերքը տարբերվում ընտրակաշառքով ձայն տվող մյուսներից։ Ակնհայտ է, որ իրենք էլ ազատագրվելու խնդիր ունեն։ Ես, ինքս շա՞տ եմ տարբերվում իրենցից՝ վստահ չեմ։ Ու այստեղ նորից հիշում եմ իմ «հայտնագործությունը»․ «մենք բոլորս եկել ենք անցյալից, ոչ-ոք՝ ոչ-ոք չի եկել ապագայից»։ Դժվար էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար այդ հավերժության մեջ, եթե ոստիկանները չհայտնվեին։

Հետո իմ երիտասարդ ընկերներն այս պատմությունը պատմեցին շատ տեղերում՝ «հպարտանալով», որ վայելել են Աղազարյանի «դուխով» ընկերակցությունը։ Հետո մեր շարքերը համալրվեցին ուրիշ երիտասարդներով, հետո էլի ու այնքան, որ էն երիտասարդները չկարողացան նորերին «սարքել» իրենց նման ու ստիպված իրենք դարձան նորերի նման։ Հետո իրենք նորերի շնորհիվ ու նորերի հետ միասին ամաչեցին իմ անձնական նամակներում իմ լեքսիկոնից։ Ում հետ գրվել եմ, խնդիր չուներ, իսկ իրենք ամաչեցին և նույնիսկ ուզում էին ամաչել նաև նրանց փոխարեն ում հետ ես գրվել եմ։ Բա՜, ասում եք՝ քրիստոնյա եք, բա՜ ասում եք՝ հավատացյալ եք, բա՜ սաղմոս եք կարդում, բա՜աա․․․ Դրա համար էի ասում բոլորդ դարձաք պարոն Սարգսյան, պարոն Հայրապետյան, պարոն Հակոբյան, ես ո՛նց կայի պարոն Աղազարյան՝ այդպես էլ մնացի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test