Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպե՞ս հաշտեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին․ ռուսական միջնորդությանը երկու երկրներում էլ բացասական են վերաբերվում․ հետազոտություն aravot.am aravot.am

time
Ինչպե՞ս հաշտեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին․ ռուսական միջնորդությանը երկու երկրներում էլ բացասական են վերաբերվում․ հետազոտություն

«Քաղաքացիական դիվանագիտության հավելյալ արժեքին հասնելու համար, այն պետք է առաջ անցնի պաշտոնական բանակցային գործընթացի օրակարգից։ Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով եւ այլ միջպետական դիվանագիտական հարթակներում կողմերն ավելի կառուցողական են եւ պատրաստ են ավելի հեռուն գնալ, քան իրենց թույլ են տալիս «Track 2»-ի մասնակիցները, վերջինի արդիականությունը կարող է կասկածի տակ դրվել։ Նման իրավիճակի առաջին նշաններն ի հայտ եկան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,- նման եզրահանգման են հանգել Երեւանի մամուլի ակումբի հետազոտողները։

Այս եւ այլ դիտարկումները ներկայացված են «Քաղաքացիական («Track 2») դիվանագիտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ պատմական ակնարկ եւ ապագայի հեռանկարներ» հետազոտությունում։

Սա, ըստ աշխատության հեղինակների, չի նշանակում, որ փորձագետների եւ լրագրողների բացատրական աշխատանքը հայ եւ ադրբեջանցի լայն հանրության համար դադարում է լինել անհրաժեշտություն։ Սակայն դա քաղաքացիական դիվանագիտության մի շարք ուղղություններից մեկն է միայն եւ չի սպառում վերջինի առաքելությունը․ «Պաշտոնական՝ «Track 1» մակարդակից քաղաքացիական դիվանագիտության՝ «Track 2»-ի հետ մնալն ակնհայտ հնարավորություններ է ստեղծում երկխոսության այնպիսի ծրագրերի համար, որոնք անմիջական կապ ունեն որոշումներ ընդունող անձանց հետ, ինչը, իր հերթին, չի կարող չազդել դրանց անկախության վրա։ Ինչքան էլ որ պայմանական «Track 1.5»-ն օգտակար լինի, այն ամբողջությամբ չի կարող փոխարինել խաղաղության կառուցման այլ ձեւաչափերին, հատկապես, երբ վերաբերում է այն հարցերին, որոնք ներառված չեն պաշտոնական դիվանագիտության ընթացիկ օրակարգում, օրինակ՝ շրջակա միջավայրը, մարդու իրավունքներն ու ազատությունները, մշակութային երկխոսությունը եւ այլ հումանիտար ոլորտներ»։

Հետեւաբար, հետազոտության հեղինակները կարծում են, որ քաղաքացիական դիվանագիտության ներուժը լիարժեք իրացնելու համար կարեւոր է, որ հնարավորություններ ստեղծվեն այն մարդկանց ներգրավման համար, որոնք իրենց արդյունավետությունը նախկինում արդեն ապացուցել են, սակայն նոր իրողությունների հետեւանքով հայտնվել են լուսանցքում․ «Վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ ռազմական էսկալացիայի բացառման, հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին զուգահեռ, էականորեն կարող են նպաստել անհետ կորածների եւ կալանավորված անձանց խնդիրների լուծումը, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների միջեւ կապերի հաստատումը։ Այս նախաձեռնությունները պահանջում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն եւ անմիջականորեն ազդում են խաղաղության գործընթացի ընկալման վրա՝ ընտանիքների, կոնկրետ հայերի ու ադրբեջանցիների մակարդակում։ Հետեւաբար, դրանց բազմակողմանի աջակցությունը թե՛ միջազգային կառույցների, թե՛ երկու երկրների ազգային իշխանությունների կողմից, կարող է զգալիորեն բարելավել խաղաղ գործընթացի մթնոլորտը։

Պաշտոնական խաղաղ գործընթացից քաղաքացիական հասարակության զգալի հատվածի մեկուսացվածության հաղթահարման կարեւոր քայլ կարող է դառնալ իշխանությունների ձեռնարկած քայլերի նկատմամբ քննադատական մտածողության զարգացումը։ Դա թույլ կտա իրական մտադրությունները տարբերել ձեւական քայլերից, ստեղծագործ մոտեցումները՝ հեռանկարային գործողությունների արհեստական ձգձգումներից։

Քննադատական մտածողության խթանումը, մասնավորապես հակամարտության թեմայի շրջանակում, հատկապես արդիական է կրթության ցածր որակի, տեղեկատվական դաշտի զգալի հատվածի կողմնակալության եւ քաղաքակիրթ բանավեճի ակնհայտ պակասի պայմաններում։ Խորքային, համարձակ եւ պրոֆեսիոնալ վերլուծությունը, անվերապահ համաձայնողականության մերժումը նախադրյալներ են ստեղծում այլընտրանքային լուծումների որոնման եւ առաջընթացի խթանման համար։ Քաղաքացիական հասարակության կողմից նման ներդրումն առանձնահատուկ կարեւորություն է ստանում ներկա պայմաններում, երբ միջազգային եւ տարածաշրջանային համատեքստը Բաքվի եւ Երեւանի առջեւ բացել է հնարավորությունների պատուհան, որը, սակայն, կարող է փակվել կողմերի դանդաղկոտության եւ անվճռականության հետեւանքով»։

Ըստ հետազոտության՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարման համակարգերի տարբերությունը՝ դժվար է ենթադրել, որ փակ դռների հետեւում անցկացվող քննարկումները կարող են նպաստել կարգավորման գործընթացի արագացմանը․ «Մինչդեռ, օրինակ, հեռուստատեսային եթերում կազմակերպվող քննարկումներն անուղղակիորեն ներգրավում են ողջ լսարանը։ Դա օգնում է հաղթահարել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների օտարացումը ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգից, այնպես էլ՝ միմյանցից։ «Track 2»-ի մասնակիցները պետք է հրաժարվեն ագրեսիայից եւ միմյանց նկատմամբ կտրուկ, միակողմանի մեղադրանքներից։ Միեւնույն ժամանակ, նրանց պետք է բնորոշ լինեն բացախոսությունը եւ սուր հարցերից չխուսափելու պատրաստակամությունը։ Թե՛ մեդիատիրույթում, թե՛ այլ հարթակներում երկխոսության այդպիսի հմտությունների համադրումը ենթադրում է ոչ միայն կառուցողական քննարկումների ունակ մասնակիցների ընտրություն, այլ նաեւ արդյունավետ մոդերացիա։

Մի կողմից՝ քաղաքացիական դիվանագիտության արդյունավետությունը մեծանում է, երբ երկխոսությանը հրավիրվում են խաղաղ գործընթացում իրենց ներդրումն ունեցող երկրներից (Եվրամիություն, որոշ անդամ պետություններ, ԱՄՆ) այնպիսի հեղինակավոր փորձագետներ, որոնք հետաքրքրված են, պահանջված, որոշակի վստահություն են վայելում։

Քննարկումներին Հարավային Կովկասում ազդեցության լծակները պահպանող Ռուսաստանի հնարավոր ներգրավման նկատմամբ՝ խաղաղարար նախաձեռնությունների մասնակիցների մոտ կայուն բացասական վերաբերմունք է ձեւավորվել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Սակայն Մոսկվայի կողմից տարածաշրջանի գործերին իր ներգրավվածության բնույթի վերանայումը եւ դրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ փորձագիտական վերլուծական միջավայրում, կարող է դռներ բացել նաեւ ռուսաստանյան ներկայացուցիչների համար»։

Միեւնույն ժամանակ, հետազոտության հեղինակները գտնում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցի ներառումը լայն տարածաշրջանային եւ միջազգային համատեքստում չի չեղարկում հայ-ադրբեջանական ուղղակի երկխոսության առաջնահերթությունը։ Ավելին, 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված առաջընթացը, ըստ նրանց, բարձրացնում է երկկողմ ձեւաչափի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանի զարգացման հեռանկարների համար առանցքային ուղղություն։

Հետազոտողները անդրադարձել են նաեւ «Track 2» հարթակի ռիսկերին․ «Խաղաղության կառուցման «մոդան» չի կարող իրավիճակային եւ պատեհապաշտ հետաքրքրության առարկա չդառնալ ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի ներսում, այնպես էլ արտաքին դերակատարների շրջանում։ Այս առումով, կարեւոր է դառնում գործընթացի հետեւողական, պատասխանատու մասնակիցներին դրա ժամանակավոր «ուղեկիցներից» տարբերակելու խնդիրը։

Հայաստանի եւ Ադրբեջանի մեդիա եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչների համագործակցության պարտադիր բաղադրիչ պետք է լինեն ապատեղեկատվության, թշնամանքի ու քսենոֆոբիայի քարոզչության, ինչպես նաեւ հակամարտության սրմանն ու պահպանմանը միտված հիբրիդային մեթոդների դեմ պայքարի միջոցառումները։ Միմյանց դեմ կիրառվող արտաքին քարոզչությունը, երրորդ երկրների տեղեկատվական արտահոսքերով սնուցվող փոխադարձ թշնամանքը պետք է փոխարինվի դրանցից պաշտպանվելու համատեղ մեխանիզմներով»։

Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնությանը խոչընդոտող ապակառուցողական քարոզչությանը հակազդելու համար առաջարկվում է «հակաթույն» մշակել, այդ ջանքերը տեղեկատվական եւ վերլուծական ոլորտում համատեղ դրական քայլերի հետ ներդաշնակեցնելու խնդիրը լուծել:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test