Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մեր ձևով»՝ ընդդեմ հայ-հրեական երկխոսության 1in.am 1in.am

time
«Մեր ձևով»՝ ընդդեմ հայ-հրեական երկխոսության

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ԱՄՆ այցը, Թաքեր Կարլսոնին նրա հարցազրույցը, բնականաբար, քաղաքական դիտորդների, վերլուծաբանների և փորձագետների ուշադրության կենտրոնում է: Բայց, որքանով դիտարկվում է, երկու կարևոր հանգամանք խորքային գնահատականի դեռևս չի արժանացել:

Առաջինը, երևի, այն է, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվող նոր ուժն ինչո՞ւ է որոշել իր քաղաքական շնորհանդեսն ԱՄՆ-ում կազմակերպել: Ենթադրենք, պարոն Կարապետյանով մեկ կամ մի քանի միլիոն ամերիկացի հիացել է, դա Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ ազդեցություն պիտի թողնի կամ առհասարակ կարող է թողնել: Եթե համարենք, որ նրա քարոզչությունը հասցեագրված է ԱՄՆ հայ համայնքին, ապա, միևնույն է, քաղաքական արժեք չի ստեղծվում, ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները հազիվ թե մեկ քվեարկություն կատարելու համար զանգվածաբար հայրենիք վերադառնան, իսկ տեղում ընտրություններին մասնակցել չեն կարող:

Բայց այդ հարցազրույցում, ամենայն հավանականությամբ, կարևորը շատ ընդգծված հակաիսրայելականությունն է: Այնքան, որ ըստ Կարլսոն-Կարապետյան երկխոսության, «Իսրայելը մուսուլմանական Ադրբեջանին գերժամանակակից սպառազինություններ է տրամադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում քրիստոնյաների էթնիկ զտում իրականացվի»: Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի առաջատարը մոտ երկու տասնամյակ եղել է Ռուսաստանը, որի մասին ոչ մի խոսք չի հնչել: «Մեր ձևով» շարժման խոսնակը նաև ասել է, որ պատերազմում ԱԹՍ-ները և հեռահար հրթիռները «կառավարել են իսրայելցի օպերատորները»:

Պետք է փորձել հասկանալ, թե այդ նարատիվի գեներացումն ո՞ւմ նախաձեռնությունն է, Կարլսո՞նն է «ուղղորդել» Նարեկ Կարապետյանին, թե՞ նա է հարցազրույցցավարին «կանխատրամադրել», բայց երևույթն ինքնին չափազանց ենթատեքստային է: Մոտ մեկ ամիս առաջ մամուլը գրել է, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հանրային կարծիքի հարցման արդյունքներով Իսրայելին բացասաբար վերաբերվողները մեկ տոկոսով գերազանցել են հրեական պետության հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու կողմնակիցներին:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությունն այսօր բալանսավորվում է Պարսից ծոցի արաբական միապետությունների, Թուրքիայի և Իսրայելի միջև հավասարակշռության սկզբունքով: «Մեր ձևով» շարժման խոսնակի հակահրեական քարոզչությունը կարող է ԱՄՆ հայկական շրջանակների վրա ազդեցություն ունենալ, իսկ նրանք ավանդաբար հրեական լոբբին համարում են մրցակից:

Վերջերս «թռուցիկ տեղեկություն» է տարածվել, որ հայկական կողմից ԱՄՆ-ում հրեական լոբբիստների հետ «երկխոսության փորձ է արվում»: ԱՄՆ հրեական շրջանակները տասնամյակներ ի վեր սպասարկել են Ադրբեջանի շահերը: «Մեր ձևովի» կեցվածքն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն ԱՄՆ հրեական կառույցների, այլև Իսրայելի պաշտոնական ու վերլուծաբանական շրջանակների կողմից աննկատ չի մնա: Հրեական պետությունը, հրեական համայնքներն ու լոբբիստական կազմակերպությունները նման հարցերում չափազանց ուշադիր և բծախնդիր են: Հայաստանի քաղաքական-հանրային առողջ ուժերը պետք է այդ «մութ տպավորությունը» ցրելու անհապաղ քայլեր ձեռնարկեն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test