PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջիկայում կզրկվի իր լիցենզիայից՝ օրենքով սահմանված կարգով։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
«ՀԷՑ-ում վերջին ամիսներին Ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրացման շրջանակներում իրականացված վերահսկողության եւ ստուգումների արդյունքում վեր հանված բազմաթիվ էական խախտումների եւ առերեւույթ իրավախախտումների հիման վրա հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ն օրենքով սահմանված կարգով առաջիկայում կզրկվի լիցենզիայից
Նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն արդեն առաջիկա 1 շաբաթ -10 օրվա ընթացքում պետք է նիստ գումարի։ Մինչ այդ օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ պիտի վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի։ Մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որպեսզի դիրքորոշում ձևավորած՝ ներկայանա ՀԾԿՀ նիստին»,– նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով, բացահայտված խախտումներից ամենաակնառուն տվյալների խեղաթյուրված ներկայացումն է, որն իրականացվել է տարիներ շարունակ՝ ազդելով սակագնային քաղաքականության վրա։
«ՀԷՑ կառավարիչները և ղեկավարները երկար ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ազդել է սակագնի ձևավորման վրա»,–ասել է նա։
Երկրորդ խախտումը, ըստ Պետրոսյանի, կապված է գնումների համակարգի հետ։ Ըստ նրա՝ ՀԷՑ-ը տարիներ շարունակ իրականացրել է կողմնակալ և խտրական գնումներ՝ տնտեսական շուկան ուղղորդելով դեպի «Տաշիր» խմբին փոխկապակցված ընկերություններ։
«Տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերն իրականացվել են «Տաշիր» ընկերությունների խմբին աֆիլացված տնտեսական միավորների կողմից՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը՝ դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացումը»,– ասել է նա։
Երրորդ հիմնական խախտումը, ըստ ժամանակավոր կառավարչի, ՀԷՑ-ի իրական հնարավորությունների, կորուստների և ստվերային շրջանառության թաքցումն է հանրությունից ու կառավարությունից։ Նա պնդում է, որ ցանցերում արձանագրվել են տասնյակ միլիոնավոր կիլովատտ-ժամների ստվերային շրջանառություններ, որոնք մոնետիզացվել են տարբեր տնտեսական ոլորտներում։
Պետրոսյանը հավելել է, որ բոլոր վերոնշյալ խախտումներով արդեն իսկ հարուցվել է մոտ 15 քրեական վարույթ, որոնք քննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում և Քննչական կոմիտեում։
Նոյեմբերի 13-ին սպասվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է ՀԷՑ-ի՝ էլեկտրական էներգիայի բաշխման №0092 լիցենզիայի դադարեցման հարցը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test