Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ջազի ազատությունը հակադրվում է հերոսների թակարդված կյանքին, և այդ հակադրությունը ստեղծում է «Մեղրի համը» դրամայի հիմնական լիցքը aravot.am aravot.am

time
Ջազի ազատությունը հակադրվում է հերոսների թակարդված կյանքին, և այդ հակադրությունը ստեղծում է «Մեղրի համը» դրամայի հիմնական լիցքը

Պատանի հանդիսատեսի թատրոնում հնարավորություն ունեցանք դիտելու Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» երկու գործողությամբ ջազային դրաման՝ իրականությունը վերաիմաստավորող ռեժիսոր Գոռ Մարգարյանի ձեռագրին հատուկ նրբաճաշակ բեմադրությամբ։ Սա ներկայացում է մարդկանց մասին, որոնք երբեմն չեն կարողանում լսել միմյանց, չեն կարողանում մնալ կողք-կողքի, բայց չեն կարողանում նաև բացակայել միմյանցից։ Մշուշով ծածկված օրերի մեջ, լարվածության ու սպասումների հատվող գծերի տակ բացվում է կյանքի այն խորքային շերտը, որտեղ չարդարացված հույսերը, խճճված հարաբերությունները, սերն ու մենակությունը հարթվում են մեկ ամբողջության մեջ։

Գոռ Մարգարյանի ռեժիսուրան այս դրամային տալիս է նոր լույս. մշուշոտ օրերը դառնում են բեմական պատմության կարևոր շերտ։ Լարված իրավիճակները բեմում քայլում են զգուշությամբ։ Ռեժիսորը չի շտապեցնում։ Նա թույլ է տալիս լռությանը հնչել, լարվածությանը՝ հոսել, իսկ խոսքին՝ ծնվել ուշ, ծանր, բայց ճշգրիտ։ Յուրաքանչյուր դադար նման է ճեղքի, որտեղից երևում է հերոսների մերկ հոգևոր աշխարհը։

Խզված կապերը ներկայացման մեջ դառնում են ջազային կատակլիզմ։ Ջազը այստեղ միայն երաժշտություն չէ. այն մարդու ներսում ապրող անկանոն, չմշակված, երբեմն գեղեցիկ, երբեմն ցավոտ աղմուկն է։ Ջազի ազատությունը հակադրվում է հերոսների թակարդված կյանքին, և այդ հակադրությունը ստեղծում է դրամայի հիմնական լիցքը։ Սիրո ու մենակության տատանումները դառնում են մեղեդիական շեշտադրումներ։ Սերը երբեմն անտես է, երբեմն՝ կոշտ, իսկ մենակությունը՝ անխուսափելի, բայց այդ երկուսը ներկայացման մեջ հնչում են որպես նույն մեղեդու երկու տարբեր տարրեր։ Իրարից հեռացած ու իրարով ապրող մարդիկ՝ այս է բեմական ամբողջական պատմության առանցքը։

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, որը տարիներ առաջ խաղացել էր Ջոյի դերը, իսկ հիմա վերադառնում է որպես Էլեն, հիացնում է իր խաղով։ Սա պարզապես դերափոխություն չէ։ Նրա Էլենը չի գոռում, չի ողբում. նա ապրում է բեմում։ Նուրբ, ներթափանցող աչքերով, կտրուկ և երբեմն թաքուն մեղեդային շնչով։ Դերասանուհին ցուցաբերում է դերասանական խաղի այնպիսի հավասարակշռվածություն ու ներքին ճշգրտություն, որ կերպարը ձևավորվում է ոչ թե արտաքին շարժումներով, այլ՝ նուրբ հոգեբանական անցումներով։

Դերասանուհի Մարիա Հունանյանի Ջոն արտահայտչական ու վառ կերպար է՝ ծայրահեղությունների բուռն գեղագիտությամբ։ Զարմանալի է տեսնել այդ տարիքում նման համարձակ խաղ, այսքան մաքուր խոսք, ինքնավստահ ներկայություն և կերպարը լիովին իրենը դարձնելու կարողություն։ Հերոսուհու կոպիտ անկումն ու ներքին փշրումը նա ներկայացնում է ոչ թե կենցաղային պարզություններով, այլ՝ լայն ու խոր զգացմունքային տիրույթում։ Նրա խաղը սահում է նուրբ և սուր գծերով՝ մի պահ մանկական անմիջականությամբ, հաջորդ պահին՝ արդեն հասուն կնոջ անհանգ ու պրպտող հոգեբանությամբ։

Ջեֆի դերը տարիներ առաջ մարմնավորել էր հենց ռեժիսոր Գոռ Մարգարյանը։ Այսօր, երբ այն վստահվել է դերասան Արթուր Վարդանյանին, կերպարը նոր շերտեր է ստանում։ Արթուրի հանգիստ, հավասարակշռված, բայց ներքին աղմուկով լի մեկնաբանությունը ստիպել է ռեժիսորին վերաբացահայտել հերոսի շարժառիթներն ու վերարժևորել նրա հոգեբանական գիծը։ Ջեֆը մարդ է, որը փորձում է լինել լույս, բայց աննկատորեն միշտ համեմատվում է սեփական ստվերի հետ։ Ու թեև կերպարի կառուցվածքը պահանջում է մեծ պատասխանատվություն և զգայական ճշգրտություն, Արթուր Վարդանյանը կարողանում է ստեղծել այնպիսի զգացմունքային խաղ, որի մեջ առավել տեսանելի են դառնում Ջեֆի բնավորության թաքնված շերտերը։

Դերասան Սաշա Սուքիասյանի մարմնավորած Պիտերը ներկայացման ամենաբարդ հոգեբանական հանգույցներից մեկն է՝ մի կերպար, որի հայտնվելը ցանկացած տեսարանում փոխում է ամբողջ էներգիան ու սրում հարաբերությունները։ Նրա ներկայությունն ինքնին հանգույց է. երբ Պիտերը բեմում է, միշտ զգացվում է, որ ինչ-որ բան կարող է փոխվել, խախտվել կամ բացահայտվել։ Սաշա Սուքիասյանը ստեղծում է ներկայության այնպիսի ձև, որը ոչ մի վայրկյան թույլ չի տալիս մոռանալ՝ այս կերպարը կարևոր օղակ է պատմական, ընտանեկան և զգացմունքային հարթությունների մեջ։

«Մեղրի համը» ներկայացման դրամատիկ-հոգեբանական ճարտարապետությունն ամբողջանում է կոմպոզիտոր Նարեկ Կոսմոսի երաժշտությամբ, որը ոչ թե ուղեկցում է գործողությանը, այլ ներսից բացում է այն։ Բեմից հնչող կենդանի երաժշտությունը ևս համարձակություն է պահանջում, ինչն այս անգամ հաղթահարելի է, քանի որ երաժիշտ-կատարողներն էլ մաս են կազմում ներկայացման։ Նարեկ Կոսմոսի ստեղծած մեղեդին համարձակորեն խախտում է ավանդական «ֆոնային» գործառույթը՝ վերածվելով բեմի ինքնուրույն շնչող մարմնի։ Նրա երաժշտությունը երբեմն նման է հերոսների ներքին դողին՝ սահուն, զգայուն, փխրուն, գրեթե անտեսանելի, իսկ հաջորդ վայրկյանին՝ դառնում է սուր, անկանոն, անկառավարելի ռիթմ, որը նման է մարդկային հարաբերությունների խզվող և նորից կարկատվող հանգույցներին։ Կոսմոսը վարպետորեն պահպանում է չափաբաժինը հուզական հարթության և հոգեբանական ճշգրտության միջև՝ թույլ տալով, որ երաժշտական գծերը դառնան հերոսների «չասված խոսքը», նրանց մեղմ ինքնախոստովանությունը կամ ներքին դիմադրության թաքուն շողքը։

Իր մեղեդիներով Նարեկ Կոսմոսը չի նկարագրում հերոսներին, այլ ներթափանցում նրանց ներսը՝ ստեղծելով այն հազվագյուտ կապը, երբ երաժշտությունը դառնում է կերպարի հոգեբանական ընդլայնում։ Ջազային կառուցվածքի ազատությունը, հանկարծական շրջադարձերը, թեթևության և ցավի համադրությունն ամբողջացնում են ներկայացումը։ Այս ստեղծված երաժշտական աշխարհը ոչ միայն միահյուսվում է ռեժիսորական տեմպառիթմին, այլև ձևավորում է ներկայացման էմոցիոնալ սյունը՝ հիշեցնելով, որ ցանկացած պատմության տակ միշտ կա մի մեղեդի, որը չի հնչում շատ բարձր, բայց ապրում է ամեն կերպարում։

Կարծում ենք՝ «Մեղրի համը» կարևոր ներկայացում է ժամանակակից մարդու համար։ Այն նաև հիշեցնում է, որ մտածելը, լսելը, դժվարություններին դիմադրելը և սիրելը երբեմն նույն չափով դժվար ու անհրաժեշտ են։ Իսկ հարցերը, որոնք բարձրացնում է ներկայացումը, դեռ պատասխանների կարիք ունեն։ Եվ գուցե այդ պատասխանները մարդու ներսում են․․․

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test