Այս անգամ մեր հարցումն ուղղված էր պարզելուն՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հենց այս կիրակի, ապա ում կտային մեր քաղաքացիներն իրենց ձայնը։ Հարցման նպատակն է պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների, քաղաքական նախապատվությունների և քաղաքացիների վստահության մակարդակի մասին։
Շատերը դեռ չէին կողմնորոշվել, թե ում են ուզում տալ իրենց ձայնը. «Ես դեռևս նախընտրելի թեկնածու չունեմ, բայց կցանկանայի, որ ՀՀ-ն ազգային դիմագիծ ունեցող անձնավորություն կառավարեր: Մեզ խամաճիկներ հարկավոր չեն: Եթե ուզում ենք ավելի հզոր լինենք՝ ազգային դիմագիծ ունեցող մեկն է պետք, մնացածի դեպքում մնալու ենք նույնը կամ ավելի վատ»: «Գրագետ, օգտակար մարդու կտամ ձայնս»,- ասաց զրուցակիցներից մեկը:
Քաղաքացիների մի մասը կարևորում էր ժողովրդի մասին մտածող ու ժողովրդին «տեր կանգնող» մարդու ձայն տալը. «Ձայնս կտամ այն մարդուն, կին լինի թե տղամարդ, ով տեր կկանգնի այս ժողովրդին, ով չի կիսի՝ ղարաբաղցի, գյումրեցի… բոլորս էլ հայ ենք: Անտեր ենք հիմա: Մեզ մի լավ առաջնորդ է պետք, թե ում կտամ ձայնս` դեռ չեմ բացահայտում»: «Այնպիսի մարդու կտամ ձայնս, որը կմտածի ժողովրդի մասին, հատկապես մեծահասակների: Մեծահասակների համար ավելի դժվար է՝ թե սննդի առումով, թե բժշկական առումով, թե էս թանկությունների, որ նրանք էլ ապրեն ու բեռ չդառնան իրենց երեխաների համար»: «Կընտրեմ էն մարդուն, ով կկարողանա Հայաստանին օգնի: Դժվար է, ծրագրերին ծանոթ չեմ: Անցած երկուսին հաստատ չեմ ընտրի, որովհետև իրենց օրոք տեսել ենք՝ ինչ է եղել, անկանխատեսելի, անորոշ մարդիկ են՝ դե, ներկաներն էլ են համարյա նույնը: Ինչ-որ ուժ չկա, որ կենտրոնանամ՝ ասեմ, բոլորն էլ ասողներ են, բայց պետք է իրականության մեջ տենաս դա: Էս երեսուն տարի բոլորն էլ ասեցին` լավ կլինի, բայց լավ չեղավ»:
Կային նաև կտրուկ արտահայտվող քաղաքացիներ, ովքեր անգամ չէին ուզում ընտրությունների մասնակցել. «Ընդհանրապես կամ ընտրությունների չէի գնա կամ էլ կգնայի էդ ամբողջի վրա խաչ կքաշեի: Ես արժանի մարդ չեմ տեսնում: Ընդդիմությունը փոխանակ երևույթներից խոսա, անձնավորում է, կպնում է էդ Նիկոլին, մեկ է՝ դրա ուղեղին չի հասնում: Ինքը երկրի զարգացման սլաքը ջարդեց: Փաշինյանի ամենահարազատ գործընկերը Ալիևն է: Ալիևի արած հայտարարություններին մեր իշխանությունների արձագանքը զրո է: Դառել է Ալիևի կրունկի տակի ճանճը: Խնդիրն այն է, թե էսօրվա վիճակը երբ սկսվեց ու ով հիմնադրեց…»:
Հարցումները վկայում են՝ հասարակության ներսում դեռևս ձևավորված չէ վստահություն որևէ հստակ քաղաքական ուժի կամ գործչի նկատմամբ։ Քաղաքացիների մի մասը հիասթափված է ներկայիս իրավիճակից, մյուսները՝ հույսով, որ նոր դեմքեր և ծրագրեր կհայտնվեն։ Առայժմ մարդկանց մեծ մասը սպասում է՝ տեսնելու, թե ով է կարողանալու իրագործել խոստումները։
Էլեն Միրզոյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test