Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում:
Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։ Դրանք արձանագրվել են «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերում։ Օրինակ, հանձնաժողով ներկայացրած տվյալներով, Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի տարբեր տեղամասերի պետեր հրահանգել են ապահովել հոսանքի կորուստներ տարբեր տոկոսներով։
Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ Նշված վարկերը ստացվել են Հայաստանի առևտրային բանկերից։ Օրինակ, մի դեպքում «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ստացել է 7 մլն դոլարի վարկ «Արդշինբանկից», վարկի երաշխավոր եղել է ՀԷՑ-ը, մեկ այլ դեպքում «ԱՄԻՕ» բանկը միլիոնավոր դոլարներ է տրամադրել «Արմհոլդինգ» ՓԲԸ-ին, որի երաշխավորը կրկին եղել է ՀԷՑ-ը։ Ըստ ՀԾԿՀ-ի, սա վարքագիծ էր, որով կարող էր վտանգվել սպառողներին հոսանքի մատակարարումը, կարող էին ստեղծվել ֆինանսական ու անվտանգային խնդիրներ։
ՀԾԿՀ-ն պնդում է, թե ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև փաստեր, որոնց համաձայն ընկերությունը նախկինում զանգվածաբար ոչ ճշմարիտ տվյալներ է ներկայացրել հանձնաժողովին, ինչի արդյունքում սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները և այլն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից էներգետիկայի մասին օրենքում հուլիսին կատարած փոփոխությունները ենթադրում են, որ ՀԷՑ-ը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ, գնահատվի ընկերության արժեքը, ապա փոխհատուցում տրամադրվի ընկերության ներկա սեփականատիրոջը։ ՀԾԿՀ-ի որոշման նախագիծը նաև սահմանում է՝ ՀԷՑ-ի կառավարիչ է շարունակելու մնալ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
Որոշումից ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀԷՑ-ը չի մնա «Տաշիր» ընկերության սեփականությունը. «Երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ, այդ միջոցներից է, օրինակ, ՀԷՑ-ի ազգայնացումից սկսած և, ընդ որում, անկասելի գործընթաց։ Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան, բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսն անկասելի է և աներկբա՝ գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով: Սցենար 1՝ ՀԷՑ-ն ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական: Սցենար 2՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի: Բոլոր դեպքերում ՀՀ-ն կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test