Հունգարիայի կառավարությունը ծրագրում է ԱՄՆ-ից արդիական սպառազինություններ գնել: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Քրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին: Նա վարչապետ Օրբանին ուղեկցում էր Վաշինգտոն այցի ընթացքում: Հունգարիայի պաշտպանության նախարարը սպառազինությունների ձեռքբերման հարցում պայմանավորվածությունների մասին խոսել է Բուդապեշտ վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում շփվելով լրագրողների հետ: Նա ընդգծել է, որ համազարկային կրակի HIMARS ռեակտիվ կայանքը «տեղ է գտել սպառազինությունների գնման ցուցակում, որ կազմվել է առաջիկա տասը տարիներին զինված ուժերի զարգացման պլանի հիման վրա»: Նա հիմնավորել է, որ դա «չափազանց թանկ կլինի, քանի որ կընդլայնվի Հունգարիայի ռազմավարական հնարավորությունը. HIMARS-ը տեխնոլոգիա է, որ կարելի է համարել ամենահավանական որոշումը»:
Հունգարիայի կառավարության որոշումը պետք է դիտարկել ոչ միայն անվտանգային, այլև աշխարհաքաղաքական կողմնորոշման տիրույթում: Ընդ որում, ուշագրավ է, որ Բուդապեշտը հօգուտ ամերիկյան սպառազինությունների և տեխնոլոգիաների ընտրություն է կատարում մի փուլում, երբ Ռուսաստանը, ինչպես հայտնի է դարձել, սկսել է «Օրեշնիկ» հրթիռների արտադրությունը, իրականացրել «Բուրեվեստնիկի» և «Պոսեյդոնի» փորձարկում:
Հունգարիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ եզակի պետությունն է, որ Ուկրաինայի հարցում միանշանակորեն սատարում է Ռուսաստանին, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության, Կիևին օժանդակություն ցուցաբերելու, Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցերում խոչընդոտներ ստեղծում: Բայց, պարզվում է, Բուդապեշտի համար ռազմավարական հնարավորությունների ընդլայնման երաշխիք է ամերիկյան HIMARS-ը, որովհետեւ այն բարձր տեխնոլոգիա է:
ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի համար, իհարկե, Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերումը խնդիր է, բայց եթե ռուսական սպառազինություններն ավելի որակյալ և տեխնոլոգիապես առաջնակարգ լինեին, Վիկտոր Օրբանը, հավանաբար, նախապատվությունը չէր տա Վաշինգտոնին: Նրա այդ որոշումն, անկասկած, քաղաքական հետևանքներ է ունենալու: Ուկրաինական պատերազմի առաջին փուլում փորձագետները Եվրոպայում «Պուտինի ակումբ» ձևավորելու միտումներ են արձանագրել: Գործընթացը, որքանով դիտարկվում է, սառեցված է: Անգամ Սերբիայի նախագահ Վուչիչն է հայտարարել Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու պատրաստակամության մասին:
Ռուսաստանյան մամուլում տպավորություն կա, որ Թրամփ-Օրբան հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահը «Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը չի բացառել»: Ընդ որում, Թրամփն ասել է, որ կցանկանար Պուտինի հետ հանդիպել հատկապես Բուդապեշտում: DW-ի ռուսական ծառայությունը տպավորություն է փոխանցել, որ Պուտինը «պատրաստվում է արտաքին գործերի նախարար Լավրովին հանգստյան ուղարկել»: Փորձագետների մեծամասնության կարծիքով, Թրամփ-Պուտին հանդիպումը չի կայացել «Լավրովի մեղքով», պետքարտուղար Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա «ամերիկյան կողմի համար անընդունելի կեցվածք է դրսևորել»:
Որքանո՞վ է Վիկտոր Օրբանին հաջողվել «մեղմել Թրամփի զայրույթը», սպառազինությունների ձեռքբերման պայմանավորվածությունները բավարարո՞ւմ են Բուդապեշտից Վաշինգտոնի ակնկալիքները, թե՞ Հունգարիան պարտավորվել է Ռուսաստանի հետ այլ բնագավառներում ևս համագործակցությունը սահմանափակել: Պետք է, թերևս, նա դիտարկել, որ Հունգարիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է: ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների սերտացումը կարող է դրական ազդել Հարավային Կովկասի իրավիճակին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test